‘Ստեփան Դեմիրճյան. Այսպիսի որակ ունեցող իշխանությունից որևէ դրական փոփոխություն ակնկալելն անիմաստ է’

1294

Երկիրը շարունակում է գտնվել համակարգային ճգնաժամի մեջ՝ թե՛ սոցիալ-տնտեսական, թե՛ բարոյահոգեբակական, և այս պայմաններում վերանշանակվում է այն կառավարությունը, որի գործունեության հետևանքով աճել է աղքատությունը, գործազրկությունը, արտագաղթը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային ժողովում «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության պատգամավոր, Հայաստանի ժողովրդական կուսակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը: Ըստ նրա՝ երկրում գաղջ մթնոլորտ է տիրում:

«Որևէ առաջխաղացում չկա, խնդիրները շատ են կուտակված երկրում, և որպեսզի հաղթահարենք այս իրավիճակը,պետք է փոխենք երկրի բարոյահոգեբանական մթնոլորտը, պետք է, առաջին հերթին, անցկացնել նորմալ, ժողովրդավարական ընտրություններ, որ ժողվուրդն իր կամքով ձևավորվի իշխանությունը, դա չի արվում, վերջին նախագահական ընտրությունները ոչ թե դարձան նորագույն պատմության լավագույն ընտրությունները, այլ համալրեցին կեղծված ընտրությունների ցանկը, նույն էլ՝ Երևանի ավագանու ընտրությունները: Ըստ էության՝ աղետալի վիճակում է երկիրը, և սա չափազանցություն չէ»,- նշեց Դեմիրճյանը: 

Նրա խոսքով՝ Ժողովրդական կուսակցությունը չի մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին, քանի որ իրենք գտնում էին, որ ավելի ճիշտ կլիներ՝ ըննդդիմությունը միասնական ցուցակով մասնակցեր ընտրություններին: Դեմիրճյանը համոզված է, որ այդ դեպքում ընդդիմությունը կհաղթեր՝ չնայած բոլոր կեղծիքներին:

«Սա չի նշանակում, որ քննադատում ենք այն ուժերին, որոնք մասնակցել են, բայց մենք համարում ենք, որ ճիշտ տարբերակը միասնական հանդես գալն էր: Ցավոք, ընտրություններով իրավիճակը չի փոխվում, մենք մշտապես ուզել ենք փոփոխությունների հասնել խաղաղ ճանապարհով՝ ձևավորելով իշխանափոխության ավանդույթ: Պետք է նշել, որ մեր ժողովուրդն ակտիվանում է ընտրութունների ժամանակ և նախագահական ընտրությունների հետ է հույսը կապում»,- նկատեց Դեմիրճյանը:

Նրա համոզմամբ՝ պետք է փոխվի իշխանության որակը, և այսպիսի որակ ունեցող իշխանությունից որևէ դրական փոփոխութուն ակնկալելն անիմաստ է: «Պետք է նորմալ, ժողովրդավարական ընտրություններ անկացնել, և այդ ընտրությունների միջոցով պետք է ձևավորվի իշխանությունը»,- նշեց Դեմիրճյանը:

Նախորդ հոդվածը‘The Chosun Libo. Կիմ Չեն Ինը երկու դուստր ունի՝ տարբեր մայրերից’
Հաջորդ հոդվածը‘«Չելսի»-«Բենֆիկա». պատմական փաստեր’