‘Սփյուռքի ակնառու ներկայացուցիչները նախաձեռնել են երախտագիտության «Ավրորա» մրցանակաբաշխությունը ‘

1500

Հայկական սփյուռքի ակնառու ներկայացուցիչները հիմնել են «Ավրորա» մրցանակը, որը կշնորհվի նրանց, ովքեր իրենց կյանքն ու ունեցվածքը վտանգի տակ են դրել՝ ուրիշներին օգնելու համար:

Այսօր գիշերը՝ Երեւանի ժամանակով ժամը 1.00-ին,կմեկնարկի 100 Lives նախաձեռնությունը:  

Վարդան Գրիգորյանի, Ռուբեն Վարդանյանի, Նուբար Աֆեյանի և այլոց նախաձեռնած այս պրոյեկտը երկու նպատակ ունի՝ երախտագիտություն հայտնել նրանց, ովքեր օգնեցին հայերին դժվարության պահին՝ 100 տարի առաջ, և նույն ոգով շարունակել գործը՝ աջակցելով նման մարդկանց ու կազմակերպություններին:

«Մեկ դար առաջ շատերը ոտքի կանգնեցին հանուն մարդկայնության։ Նրանց կարեկցանքը, մեծահոգությունն ու անձնազոհությունը մարդկության լավագույն որակների արտահայտումն են։ 100 Lives-ը կներկայացնի նրանց պատմությունները։ Մենք կիսվելու ենք 1915թ.  ցեղասպանության ընթացքում մարդկայնության և գոյապայքարի պատումներով։ Ներկայացնելու ենք վերապրողների փրկության պատմությունները՝ ուսումնասիրությունների, անհատական փնտրտուքի և այս կայքում Ձեր իսկ պատմած ակնարկ-պատումների օգնությամբ։ Այս հիմքով ձևավորվելու է համաշխարհային նախաձեռնության կարևոր մի մասը, որով մեր հարգանքն ու երախտագիտությունն ենք հայտնելու այն անհատներին և հաստատություններին, որոնք իրենց անձնվեր քայլերով բազում հայերի կյանքեր են փրկել», — ասվում է նախաձեռնության կայքում:

«Ավրորա» մրցանակը անվանակոչվել է Ցեղասպանությունը վերապրած Արշալույս (Ավրորա) Մարտիկյանի պատվին, որը Ցեղասպանության ժամանակ իր ընտանիքի անդամների սպանության ականատեսն է եղել: Նա իր կյանքը նվիրել է Ցեղասպանության մասին իրազեկմանը: 1919թ. Մարտիկյանը նկարահանվել է «Հոշոտված Հայաստան» ֆիլմում, որում Ավրորան խաղացել է ինքն իրեն:

2016-ի ապրիլի 24-ին Երեւանում կայանալիք «Ավրորա» առաջին մրցանակաբաշխության ժյուրիի կազմում կլինեն հոլիվուդյան հայտնի դերասան եւ մարդասեր Ջորջ Քլունին, Մարդասիրության Elie Wiesel Foundation-ի նախագահ, Նոբելյան մրցանակակիր Էլի Ուիզելը, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը, Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին հատուկ ներկայացուցիչ Հինա Ջիլանին: Մրցանակի արժեքը 1 մլն ԱՄՆ դոլար է:

Նախորդ հոդվածը‘Նեմցովի զինակիցները չեն հավատում «իսլամական հետքի» վարկածին’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. «Ընդդիմությունը»՝ երանության մեջ ‘