‘Սևանա լճից ջրի բացթողումների չափաքանակը կարող է ավելացվել’

733

Սևանա լճից ջրի բացթողումների չափաքանակը կարող է ավելացվել: Ինպես այսօր մամլո ասուլիսի ժամանակ պատմել է «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի ղեկավար Կարինե Դանիելյանը, վերջին ժամանակներս լուրեր են պտտվում, որ «Սևանա լճի մասին» օրենքում կարող է փոփոխություններ կատարվել, որոնց համաձայն`Սևանից բացթողումների առավելագույն չափաքանակը կավելացվի: Ներկայումս օրենքով նախատեսված է տարեկան առավելագույնը 170 մլն խմ ջուր: Դանիելյանի խոսքով, իր ունեցած տեղեկությունների համաձայն, համապատասխան ուղղումը դեռ խորհրդարանի քննարկմանը չի ներկայացվել:

Հիշեցնենք, որ 2013 թ. հունվարի 1-ին` Սևանի ջրի մակարդակի բարձրացման ծրագրի իրականացման պահից ի վեր առաջին անգամ, արձանագրվել է բացասական բալանս: 2013 թ. հունվարի  1-ի դրությամբ լճի մակարդակը 3 սմ-ով ավելի ցածր է եղել 2012 թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշի համեմատ: Ինչպես ավելի վաղ նշել է Սևանի հիմնահարցերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը, լճի բացասական բալանսի պատճառն անցած տարի ջրի`մեծ չափաքանակով բացթողումներն էին: Այդ ժամանակ լճից ջրի բացթողումների`170 մլն խմ-ից մինչև 313 մլն խմ ավելացնելու վերաբերյալ որոշում էր կայացվել`Արարատյան դաշտավայրի գյուղատնտեսական հողերի ոռոգման նպատակով: Սևանից բացթողումների ավելացման վերաբերյալ համանման որոշում ընդունվել է 2008 թ.`պատճառաբանված ուժեղ երաշտով: 

Նախորդ հոդվածը‘Միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 300 հազ.դոլար ‘
Հաջորդ հոդվածը‘Խղճի և կրոնի ազատության վերաբերյալ նոր օրինագիծը կուղարկվի Եվրոպա` փորձաքննության. Հարցազրույց’