‘Վազգեն Մանուկյանն ու ռեինկարնացիան. 2013-1996 տրանզիտ ‘

2331

2007 թվականն էր: Ձմեռ: Սերժ Սարգսյանը նոր էր պատրաստվում ՀՀԿ-ի ցուցակով մասնակցել ԱԺ ընտրություններին: Այդ կապակցությամբ նա հարցազրույց տվեց հեռուստաընկերություններից մեկին, որտեղ հայտարարեց. «Ամեն ջանք գործադրելու եմ, որ այս ընտրությունները լինեն ազնիվ, ազատ, արդար, թափանցիկ: Եվ ոչ միայն ես՝ իշխանությունները շատ լուրջ մտադրված են այդպես վարվելու»:

Որոշ ժամանակ անց այն ժամանակ դեռ իրեն ընդդիմադիր համարող Վազգեն Մանուկյանը ասուլիս հրավիրեց եւ բառացիորեն ասաց հետեւյալը. «Եթե իշխանության մեջ գտնվող մարդն ասում է, թե առաջիկա ընտրությունները պետք է լինեն ավելի ազնիվ, ուրեմն, ինքը կա՛մ իդիոտ է, կա՛մ տականք»: Ասուլիսին շատ լրագրողներ են մասնակցել, հաստատ կհիշեն այս խոսքերը: Որովհետեւ բոլորը այն ժամանակ հասկացան՝ պարոն Մանուկյանը Սարգսյանին է ակնարկում:

Արձագանքը չուշացավ: Սարգսյանը հակադարձեց Մանուկյանին. «Իդիոտը ի՛նքն է, որ չի կարողանում այս կյանքում իր տեղը գտնել, եւ ամեն անգամ ավանտյուրաներով փորձում է հասնել նրան, որ իր մասին չմոռանան»:

Դրան Մանուկյանն արդեն հստակ արձագանք չտվեց, լղոզեց ու այդպես էլ անպատասխան թողեց Սարգսյանի մեղադրանքը: Եւ մենք այդպես էլ չիմացանք,՝ Մանուկյանը դեռ պնդո՞ւմ է, որ Սարգսյանը իդիոտ ու տականք է, համամի՞տ է արդյոք վերջինիս հետ այն հարցում, որ ինքն այդպես էլ չի կարողանում իր տեղը գտնել այս կյանքում, եւ այդ պատճառով էլ ամեն անգամ ավանտյուրաներով է փորձում հասնել նրան, որ իր մասին չմոռանան:

Իհարկե, ասում են՝ լռությունը համաձայնության նշան է, բայց՝ ամեն դեպքում:

Ինչի՞ այսքան ետ գնացինք ու հիշեցինք պարոն Մանուկյանին: Առավելեւս՝ որ մարդը վերջապես հասել է իր բաղձալի մուրազին ու գոնե ինչ-որ բանի նախագահ է դարձել: Ինքն իր համար, ինքն իր գլխին նախագահ է աշխատում: Ուղղակի մի քանի օր առաջ պարոն Մանուկյանն ասաց, թե ուզում է ակտիվացնել իր կուսակցությունը՝ ԱԺՄ-ն (այդ կուսակցությունից են սերել Տիգրան Սարգսյանը, Շավարշ Քոչարյանը, Արշակ Սադոյանը եւ այլք), մեկ էլ՝ մի քանի օր առաջ աճապարել էր Մաշտոցի պողոտա՝ մասնակցելու տրանսպորտի թանկացման դեմ բողոքող ակտիվիստների հավաքին: Մարդը, դե, ամեն դեպքում ՀԽ նախագահ է, գնացել է, լսել է երիտասարդներին, նրանց պես նստել է գետնին, ու ինքն էլ խոսք է խնդրել: Ելույթ է ունեցել: Հիմա կմտածեք՝ դե ինչի՞ մասին պետք է խոսեր մարդը, բնական է՝ թանկացումների, հո 96-ի նախագահական ընտրությունների մասի՞ն չէր խոսելու:

Բայց, ինչպես կասեին ռուսները՝ не тут-тo было: Մարդն էլի իր խոսքն սկսեց՝ «ինչպես ես ասում է 1996 թվականի ընտրություններից առաջ…» ձեւակերպմամբ: Դե ամեն մարդ մի թուլություն ունի: Ամեն մեկն, ինչպես գիտենք, մի բանի վրա է սեւեռվում: Մարդ կա՝ կյանքում մի անգամ մուկ է տեսել, դրանից հետո անգամ ականապատ դաշտով քայլելիս աչքին միայն մկներ են երեւում. նայում է ականին՝ ասում է՝ մուկ է: Այս պարագայում Սարգսյան Սերժի հետ չհամաձայնել չի լինում: Սա էլ հո մենք չենք ասում, ինքն է ասել. «Մանուկյանը չի կարողանում այս կյանքում իր տեղը գտնել, եւ ամեն անգամ ավանտյուրաներով փորձում է հասնել նրան, որ իր մասին չմոռանան»:

Բայց շատ չլրջանանք, թողնենք պարոն Մանուկյանին իր ֆոբիաների հետ եւ փորձենք հասկանալ քաղաքական պահը:

Երբ սկսվեցին տրանսպորտի դեմ ինքնաբուխ ակցիաները, ակնհայտ էր, որ իշխանությունները երկու պլան ունեն: Մեկ՝ ակցիաների մասնակիցների մեջ ներդնել իրենց ականներին՝ ակցիաները վերահսկելու փորձ անելու համար, եւ երկրորդ՝ անգամ եթե դա իրենց չհաջողվի, այնպես անել, որ գոնե ուրիշների համար այդ տպավորությունը լինի, թե իշխանություններն իրենք են կազմակերպել այս ակցիաները:

Հիմա, տեսակետներ կան, որ Մանուկյանին պուրակ գործուղելով էլ իշխանությունները շարժվել են այդ տրամաբանությամբ: Անկեղծ որ լինենք, մի քիչ լուրջ չի թվում այդ պնդումը: Սերժ Սարգսյանին սիրենք, թե չսիրենք, չպետք է մոռանանք, որ նա իր իշխանությունը պահելու հարցում առաջնորդվում է միայն մի տրամաբանությամբ, ինչ էլ որ անում է, անում է՝ իր իշխանությունը պահելու համար, այսինքն՝ այդ նպատակով վերջին պահին «օգտագործում է» նրանց, ովքեր կարող են օգուտ տալ գործին: Իհարկե, Սերժ Սարգսյանը, գիտենք, սիրում է պիտանելիության ժամկետը կորցրած քաղաքական գործիչներին նորից ու նորից օգտագործել: Բայց դա՝ ընդհանուր առմամբ: Էքստրեմալ պայմաններում արդեն սկսվում է բնական ընտրությունը: Առավելեւս, որ ակտիվիստների շրջանում այնպիսի քաղաքացիներ են հավաքված, որոնց հազիվ թե իշխանությունը կարողանա «խաբել» Վազգեն Մանուկյանով:

Ըստ երեւույթին՝ այս այցն ավելի շատ փորձնական քայլ էր: Ստուգելու համար՝ կանցնի՞ այս «տրյուկը», թե՞ ոչ: Բայց երկու կողմից էլ այն, ըստ էության, չանցավ: Ակտիվիստները քաղաքավարությունից ելենելով՝ ելույթ ունենալու հնարավորություն տվեցին ՀԽ նախագահին, եւ դրանով ամեն ինչ ավարտվեց: Մանուկյանն էլ, իր հերթին, կես ժամ չդիմացավ ու միանգամից տեղափոխվեց 1996 թվական, ինչին, ի դեպ, ականատեսների վկայությամբ՝ քմծիծաղով արձագանքներ են եղել: 

Ու ի դեպ, շատերը կարծիքներ են հնչեցնում, որ Մանուկյանն իր ԱԺՄ-ն վերակենդանացնելու փորձ է անում իր նախկին կուսակից Տիգրան Սարգսյանի պասով: Հնարավոր է: Ու նպատակն էլ, ըստ այդմ, ընդդիմություն խաղացնելն ու իրական ընդդիմության դեմ պայքարելն է: Այլոց պարագայում դա գուցե եւ վտանգավոր լիներ, բայց եթե խաղում ներգրավված է Վազգեն Մանուկյանը, ապա երեւի վտանգն այնքան էլ մեծ չէ: Բանն այն է, որ ի տարբերություն մյուս «ականների», որոնք ներդրվել են քաղաքական դաշտում ընդդիմության դեմ պայքարելու համար, Վազգեն Մանուկյանն արդեն 17 տարի կորցրել է ժամանակի զգացողությունը: Նրա համար դրսում դեռ 1996 թվականն է, նախագահը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նա ոչ թե ընդդիմության, Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ է պայքարում, այլ՝ նախագահ Տեր-Պետրոսյանի: Բայց խնդիրն էլ հենց այն է, որ դրսում 2013 թվականն է, եւ քաղաքացիներն էլ գիտեն այդ մասին: Չի կարող քաղաքական դաշտում լուրջ փոփոխություն արձանագրել մի վերակենդանացվող ուժ, որը վերստեղծվում է 2013-ին  եւ միանգամից 17 տարի ետ է գնում:

Իսկ եթե լուրջ, ապա պարոն Մանուկյանին կարելի է խորհուրդ տալ, որ ինքը ոչ թե 1996-ի դեմ պայքարի, այլ մի փոքր ավելի ետ գնա, ասենք՝ 1980-ականներ: Ճակատագրի դեմ կռիվ տալու համար ավելի լայն դաշտ կբացվի: Իսկ այդ ընթացքում ոչ իշխանական ուժերը կակտիվացնեն իրենց պայքարն ու իշխանությունից կհեռացնեն Սերժ Սարգսյանին: Բայց որպեսզի պարոն Մանուկյանը շատ չնեղսրտի, նրան կարելի է այդ մասին ոչինչ չասել: Եթե հետաքրքրվի, նրան կասենք՝ Սերժ Սարգսյանը դեռ իշխանության ղեկին է:

Հ.Գ. Իսկ եթե ավելի լուրջ, ապա պարոն Մանուկյանի քաղաքական գործունեության վերջին տարիները վերլուծելիս երկու եզրահանգման կարելի է գալ. կամ նա լիովին եւ վերջնականապես կորցրել է քաղաքական ռեալության զգացումը,  կամ ուղղակի իշխանությունների հետ զբաղված է փոխշահավետ առեւտրով:

Պարգեւ Ապրեսյան

 

Նախորդ հոդվածը‘Մի «ապուշ»-ի պատմություն. Ֆ.Մ. Դոստոեւսկու դեմ քրեական վարույթը մերժեցին, որովհետեւ նա մեռել է’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիայում Արցախյան շարժման 25-ամյակին նվիրված միջոցառումներ են անցկացվել’