‘Մի «ապուշ»-ի պատմություն. Ֆ.Մ. Դոստոեւսկու դեմ քրեական վարույթը մերժեցին, որովհետեւ նա մեռել է’

2871

Նախորդ հինգշաբթի Ռուսաստանի Կամչատկայի մարզում փակել են Ֆյոդոր Միխայլովիչ Դոստոեւսկու դեմ հարուցված գործը, որի քննությունը երկուսուկես տարի է տեւել, փոխանցում է BBC-ն: Այդ ողջ ընթացքում ռուս գրականության դասականի նկատմամբ հետաքննություն էր ընթանում Քրեական օրենսգրքի միանգամից երկու հոդվածով. «հրահրում» եւ «դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք»:

Հետաքննության հիմնական պատճառը դարձել էր Դոստոեւսկու «Ապուշը» վեպը, ավելի ճիշտ՝ ստեղծագործության անվանումը: Հենց այդ բառը՝ «ապուշ», 2011-ի ապրիլին հաշտարար դատարանում արտաբերեց Եվգենի Ֆեդորկոն՝ պատախանելով իր ընդդիմախոս Չեչիկովի հարցին: Այդ պահին ամբաստանյալի կարգավիճակով հանդես եկող Ֆեդորկոն այդ բառից բացի ուրիշ բան չի արտասանել:
Դատը վարող դատավորը սահմանափակվեց ընդամենը նկատողություն անելով: Ի տարբերություն նրա՝ դատական կարգադրիչը պնդեց, որ այս հակիրճ, բայց բովանդակալից բառի մեջ քրեական հանցանքի հատկանիշներ կան, կոնկրետ՝ «դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք, որն արտահայտվել է դատաքննության մասնակիցների նկատմամբ վիրավորանքի տեսքով»:
Հիմա, ավելի քան երկու տարի անց, ինքը՝ Ֆեդորկոն ասում է, որ չի հիշում, թե ինչու այդ պահին հենց այդ բառը բերանից թռցրեց:
«Ես չգիտեմ՝ ինչպես դա տեղի ունեցավ: Արձանագրության մեջ այսպես է գրանցված. «Չեչիկովը ճշտում է՝ արդյո՞ք ես այսինչ մարդու հետ բացառապես գործնական հարաբերությունների մեջ եմ: Ես պատասխանում եմ. «Ապուշ: Ուրիշ ոչինչ չեմ կարող ասել»: Իսկ ո՞վ է ապուշը: Սատանան գիտի: Գուցե՝ ես եմ ապուշը, գուցե՝ նա է», — հիշում է նա:
Այսուամենայնիվ, արդյունքում Ֆեդորկոյի նկատմամբ քրեական գործ է հարուցվում:

Բառարանային բառ

Քրեական գործի հարուցումից հետո Ֆեդորկոն ձեռքերը ծալած չնստեց: Դատական վեճերի մեծ փորձ ունենալով (Եվգենի Նիկոլաեւիչն առաջին տարին չէ, որ որպես իրավապաշտպան՝ հանդես է գալիս դատարաններում)՝ նա որոշեց, որ ուղղակի պարտավոր է «ծախել» նրանց, ովքեր իրեն «հանցագործության» են մղել:
«Ես դիմում գրեցի 42 տառաչափով. պատկերացրեք, թե ինչ տեսք ուներ դա: Հսկայական տառերով գրեցի՝ «հաղորդում հանցագործության մասին»: Այնուհետեւ, գրեցի, որ ես կարգին տղա եմ, սովորել եմ դպրոցում, սիրել եմ գրականությունը, ուշունց չեմ տվել: Ու հենց դպրոցական ծրագրի շրջանակներում ծանոթացել եմ Ֆյոդոր Միխայլովիչի (Դոստոեւսկու) վեպին: Եւ դատական նիստի ընթացքում գործածել եմ այդ ստեղծագործությունից որոշ արտահայտություններ: Գործածել եմ, իսկ հետո՝ պարզել, որ դատական կարգադրիչները դա քրեորեն հետապնդելի արարք են համարում», — պատմում է Ֆեդորկոն:
Արդյո՞ք «ապուշ» բառը պետք է հայհոյական արտահայտություն համարել, թե ոչ՝ պարզվեց, որ որոշելն այդքան էլ հեշտ գործ չէ:
Այդ նպատակով հետաքննիչները ստիպված եղան դիմել փորձագետի՝ Կամչատկայի պետհամալսարանի ռուսաց լեզվի ամբիոնի դասախոս Անաստասիա Սկորիկի օգնությանը: Հենց նա էլ բառը ենթարկեց լեզվաբանական վերլուծության, եւ նրա երակացությունից հետեւում էր, որ «ապուշը» վիրավորական բառ է, բայց կարող է գործածվել նաեւ որպես բժշկական եզրույթ: Իսկ սա էլ Եվգենի Ֆեդորկոյի նկատմամբ քրեական գործ հարուցելու հիմք հանդիսացավ: Ավելի ուշ Անաստասիա Սերգեեւնան հրաժարվել է մեկնաբանել իր փորձաքննության արդյունքները՝ վկայակոչելով իր զբաղվածությունը եւ ամեն նման եզրակացության բացառիկությունը:
Իսկ Ֆեդորկոն փորձագետի եզրակացությանն արձագանքել է այսպես. «Դա հիմար եզրակացություն է: Եւ ոչ թե նրա համար, որ նա (փորձագետը) հիմար է, այլ որովհետեւ հիմարաբար արտագրված է բառարանից»: Ընդ որում՝ Օժեգովի հեղինակած բառարանը «ապուշ» բառի համար երկու բացատրություն է առաջարկում. կամ դա «մարդն է, որը տառապում է բնածին թուլամտությամբ», կամ «հիմար, բութ մարդ է (խոսակցական, վիրավորական)»:
Փորձագետի եզրակացությունը դատական կարգադրիչներն ընդունել են որպես վերին ատյանի ճշմարտություն:
«Ռուսաց լեզվի ամբիոնի դոցենտ Անաստասիա Սերգեեւնայի ծառայությանը մենք բազմիցս ենք դիմել: Նա ավելի քան 10 տարվա փորձառություն ունեցող արհեստավարժ մասնագետ է, այդ պատճառով տվյալ փորձագետի եզրակացության վերաբերյալ մենք որեւէ կասկած չունենք», — ասում է Դատական կարգադրիչների ծառայության Պետրոպավլովսկ-Կամչատսկի բաժնի պետի տեղակալ Անդրեյ Իվանովը:

«Հրահրիչ»

Ֆյոդոր Դոստոեւսկուն որպես «հրահրիչ» դիտարկելու վերաբերյալ Ֆեդորկոյի դիմումը Դատական կարգադրիչների ծառայությունում, Իվանովի խոսքով, աբսուրդ են համարել, բայց պարտավոր են եղել ընդունել: Դիմումը գրանցվել եւ հերթական համար է ստացել:

«Թեեւ այդ դիմումը կցվել է քրեական գործի նյութերին, բայց քանի որ բոլորը հրաշալի հասկանում էին, որ դա ավելի շուտ կատակ է, քան իրական դիմում, դրան պատասխան չի տրվել», — պատմում է Իվանովը:
Այնուամենայնիվ, իրավապաշտպան Ֆեդորկոյի՝ օրենքի իմացությունը թույլ տվեց նրան օգտվել դատական կարգադրիչների սխալից. նրանք պարտավոր էին պատասխանել դիմումին:
«Քաղաքացին բավական համառ գտնվեց: Որոշ ժամանակ անց նա գնաց դատարան՝ պահանջեով, որպեսզի Ֆյոդոր Միխայլովիչ Դոստոեւսկու նկատմամբ քրեական գործ հարուցելու՝ նրա դիմումին պատասխան տրվի», — պատմում է Կամչատկայի երկրամասի Դատական կարգադրիչների ծառայության մամուլի խոսնակ Իննա Մամաեւան:
Այն բանից հետո, երբ դատարանը վճռեց, որ Ֆեդորկոն իրավացի է, նրա դիմումը քննության առան: Եվ փաստեցին, որ այն նախապատրաստվող կամ կատարված հանցագործության, ինչպես նաեւ՝ հանցագործություն նախապատրաստող կամ իրականացրած անձի մասին տեղեկություններ չի պարունակում: Եվգենի Նիկոլաեւիչին այդպես կարող էին պատասխանել դեռեւս դիմումը հանձնելու պահին, այդ ժամանակ հնարավոր կլիներ խուսափել ամիսներ տեւած հետաքննությունից: Եւ դատական պրակտիկան չէր հարստանա երեք հատորի հասած այս գործով: Բայց արդարադատության մեքենան արդեն գործի էր դրվել. դիմումն ընդունել էին:

Գործի դրույթներից մեկով Ֆյոդոր Միխայլովիչ Դոստոեւսկուն մեղադրում էին հրահրման մեջ: Համաձայն ՌԴ Քրեական օրենսգրքի՝ «հրահրիչ է համարվում անձը, որը այլ անձի դրդել է հանցագործության՝ համոզելու, կաշառելու, սպառնալու կամ այլ միջոցներով»:
Վերլուծելով գործի նյութերը՝ դատական կարգադրիչները հանգեցին եզրակացության, որ «հաշվի առնելով այն, որ Ֆ.Մ. Դոստոեւսկին վախճանվել է 1881թ. հունվարի 28-ին, Ե.Ն. Ֆեդորկոն ծնվել է 1960թ. նոյեմբերի 19-ին, Դոստոեւսկին իրական հնարավորություն չուներ Ֆեդորկոյին հանցագործության դրդել համոզելու, կաշառելու, սպառնալու կամ այլ միջոցներով»:
Բացի դրանից, համաձայն կարգադրիչների եզրակացության՝ դասականին արդարացնում է նաեւ այն հանգամանքը, որ գրողը, որպես իր վեպի վերնագիր ընտրելով «ապուշ» բառը, շրջանառության մեջ չի դրել այն, այլ փոխ է առել ռուսաց լեզվից:
Ստուգման արդյունքում ՌԴ Կամչատկայի երկրամասի Դատական կատարածուների ծառայության Պետրոպավլովսկ-Կամչատսկի բաժնի պետի տեղակալ Անդրեյ Իվանովը որոշել է «մերժել Ֆ.Մ. Դոստոեւսկու նկատմամբ քրեական գործի վարույթը՝… հանցակազմի բացակայության պատճառով»:
Այն բանից հետո, երբ դասականի անմեղությունն ապացուցվեց, Եվգենի Ֆեդորկոյի նկատմամբ վարույթը նույնպես դադարեցրին:

 

Նախորդ հոդվածը‘Վահրամ քահանա Մելիքյան. Մայր Աթոռը Երուսաղեմի պատրիարքի կողմից նամակ չի ստացել’
Հաջորդ հոդվածը‘Վազգեն Մանուկյանն ու ռեինկարնացիան. 2013-1996 տրանզիտ ‘