‘Վահագն Խաչատրյան. Իշխանությունները կանաչի նկատմամբ հատուկ հակակրանք ունեն’

1414

Երևանի ավագանու ընտրություններում Հայ ազգային կոնգրեսի ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանը այսօր լրագրողներին ներկայացրեց իր մոտեցումները Երևանի կանաչապատման խնդրի վերաբերյալ:

Նրա խոսքով՝ ՀԱԿ-ի ծրագում ընգրկվել են  հիմնականում բնապահպանական խնդիրներ, իսկ իրենք պատրաստակամություն են հայտնում այս ընտրությունների ընթացքում հաղթել ու լուծել երևանցիների համար այս հույժ կարևոր հարցը:

 «Ոչ մի պաշտոնյա իրավունք չունի թույլտվություն տալու, թեկուզ ժամանակավոր հիմունքներով, կանաչապատ տարածքում կառուցապատում իրականացնելու  վերաբերյալ: Երևանի հիմնական հատակագծում պետք է կանաչ տարածքներ ավելանային, ինչը ոչ մի քաղաքային իշխանություն օրոք տեղի չունեցավ: Նախորդ ու ներկա իշխանությունները կանաչի նկատմամբ հատուկ հակակրանք ունեն. նրանք ոչնչացնում են դրանք»,- նկատեց Վահագն Խաչատրյանը: 

Խոսելով բնապահպանական տարբեր խնդիրների մասին՝ նա ասաց, որ, մասնավորապես, իր ղեկավարման օրոք Դալմայի այգիները միտումնավոր պահպանվել էին թե՛ որպես պատմամշակութային արժեք, թե՛որպես «Երևանի թոքեր»: Ըստ Խաչատրյանի՝ 2003 թվականի կառավարության համապատասխան որոշումով դրվեց Դալմայի այգիների ոչնչացման սկիզբը:

«Հաստատ այդ փաստաթղթի տակ կան կոնկրետ մարդկանց ստորագրություններ, դրանք պատահական չեն առաջացել: Որևէ պաշտոնյա, առանց վերևների հետ համաձայնության, որևէ քայլ չի իրականացրել»,- նշեց պարոն Խաչատրյանը՝ հավելելով, որ հաղթանակի դեպքում պատրաստ է քայլեր իրականացնել՝ չվնասելով բիզնեսը:

«Երբևիցե մեղավորները չեն պատժվում, սակայն իրավական մեխամիզմները թույլ են տալիս պատիժ իրականացնել: Իսկ վերացնել Դալման` նշանակում է վերացնել Երևանի թոքերը »,- եզրափակեց Վահագն Խաչատրյանը:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի հավաքականի կազմը չեխերի հետ խաղում’
Հաջորդ հոդվածը‘Արտակ Զաքարյան. Ազատության հրապարակն այնքան էլ հարմար վայր չէ խնդիրներ քննարկելու համար’