‘Վահագն Խաչատրյան. Լավագույն լուծումը կլիներ, եթե ընթանայինք ոչ ԵՄ, ոչ ԵՏՄ’

2154

iLur.am-ի զրուցակիցն է Հայ Ազգային Կոնգրես կուսակցության վարչության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը

Պարոն Խաչատրյան, կարծես թե անընդհատ հետաձգվում է Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը: Նախորդ շաբաթ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, թե Մեդվեդեւի հետ հանդիպումից հետո պարզ կդառնա ամեն ինչ, սակայն Սոչի նրա այցից հետո անգամ որեւէ հստակություն չկա, միայն շաբլոն խոսքեր են՝ կողմերը վստահություն են հայտնել, որ ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագրի ստորագրումը տեղի կունենա առաջիկայում:  Ձեր կարծիքով, ո՞րն է պատճառը, որ այս հարցը ձգձգվում է:

-Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների համար սովորական է դարձել խոստանալ անել մի բան, որից իրենք տեղյակ չեն: Նույնը նաեւ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հարցի դեպքում է: Հայաստանում լավագույնը մեկ-երկու մարդ կարող է իմանալ, թե ինչ տրամաբանություն կունենան զարգացումները, եւ Հովիկ Աբրահամյանը հաստատ այդ մարդկանցից մեկը չէ, այլապես՝ նման խոստումներ չէր տա: Իրավիճակը շատ անորոշ է, եւ ինչ տեղի ունեցավ Աստանայում, երբ վերջին պահին միայն խոսեցին ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության նախապայմանների մասին, արդեն պիտի հասկանալի լիներ, որ պետք չի ամբողջական տեղեկություններ չունենալով խոսել ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության մասին: Ակնհայտ է, որ ՀՀ անդամակցության հետ կապված կան այլ խնդիրներ, որոնց մասին չեն բարձրաձայնում եւ այդ խնդիրներն են, որ խանգարում են: Այսօր կարելի է հստակ եզրակացություն անել, որ ՀՀ անդամակցության խնդիրը քաղաքական է, ոչ թե տնտեսական: Այդ հարցը տնտեսական դաշտից այլեւս տեղափոխվել է քաղաքական հարթություն: Ես համոզված եմ, որ եթե ՀՀ անդամակցության հարցը տնտեսական նշանակություն ունենար, ապա այն վաղուց լուծված կլիներ, առավել եւս, երբ եւ Հայաստանի, եւ ԵՏՄ կառույցի ներկայացուցիչները հայտարարել են, որ Հայաստանը պատրաստ է ու տեխնիկական խնդիրներ չկան: Մենք գալիս ենք սեպտեմբերի 3-ից հետո առաջացած այն իրավիճակին, երբ Հայաստանը որոշեց փոխել իր կուրսը դեպի Մաքսային միություն եւ այդ որոշումը ոչ թե տնտեսական, այլ՝ զուտ քաղաքական շարժառիթներով: Ու հիմա էլ հասարակությունից շարունակում են թաքցնել այն խանգարող հանգամանքները, որոնք թույլ չեն տալիս անդամակցել ԵՏՄ-ին:

Կարելի է ենթադրել, որ այսօր Ռուսաստանի համար Հայաստանը կորցրել է իր գրավչությունը, ուստի գոնե այս պահին ՌԴ-ն այնքան էլ շահագրգռված չէ ՀՀ-ի անդամակցությունն արագացնելով:

-Այո, կարելի է նման եզրակացություններ անել: Տնտեսական ցուցանիշների առումով Հայաստանը գրավիչ չէ ոչ մի երկրի համար՝ ոչ Ռուսաստանի, ոչ Բելառուսի, ոչ էլ Ղազախստանի համար: Իսկ ինչքանո՞վ քաղաքական հետաքրքրություն էր ներկայացնում Հայաստանը: Սեպտեմբերի 3-ից հետո տեղի ունեցան իրադարձություններ՝ Վրաստանը նախաստորագրեց ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, մոտ օրերս էլ նրանք պետք է վավերացնեն այն: Բացի այդ, տեղի ունեցան Ուկրաինական հայտնի իրադարձությունները: Այս ամենը, հատկապես Վրաստանի ընտրությունը, փոխում է Հարավային Կովկասի տարածաշրջանային ողջ քաղաքական ու տնտեսական պատկերը: Հիմա կա Վրաստան, որը ձգտում է դեպի Եվրոպա, պետք է ապրի այլ չափանիշներով: Ունենք Հայաստան, որը գնում է դեպի Մաքսային միություն՝ չունենալով դրա հետ ընդհանուր սահմաններ, եւ կա Ադրբեջան, որը որեւէ որոշում չունի ու չի գնում որեւէ միություն: Ուստի, հիմա Հայաստանի հետ համագործակցել ցանկացող երկրների համար լուրջ խնդիրներ են առաջանում: Սա, իհարկե, դեռ չի նշանակում, որ ՌԴ-ն ՀՀ-ի նկատմամբ հետաքրքրությունը կորցրել է ընդհանրապես: Զուտ հրատապության առումով միգուցե այս պահին խնդիրը մի կողմ է դրվել, բայց ՌԴ-ն կշարունակի իր քաղաքականությունը՝ Հայաստանին այս իրավիճակում <ոչ այո>, <ոչ՝ ոչ> պահելու համար:

-Կարելի է ԵՏՄ-ին անդամակցության այդ խնդիրների հետ կապել Սերժ Սարգսյանի ու իշխանության տարբեր ներկայացուցիչների վերջին հայտարարությունները, երբ միաբերան մտահոգություն են հայտնում Ռուսաստանի կողմից Ադբեջանին զենք վաճառելու գործարքների կապակցությամբ: Նախկինում նման հայտարարություններ իշխանությունները չէին անում, հիմա՝ միաբերան մտահոգվել են:

— Առաջին անգամն է, որ Հայաստանի իշխանություններն անդրադառնում են տարիներ շարունակ ընթացող ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցությանը: Սա կարելի է համարել հուսահատության ճիչ. այսպես կմեկնաբանեմ առանց խորանալու մանրամասների մեջ: Բայց ԵՏՄ-ին անդամակցության ձգձգման հետ չէի կապի այդ ամենը:

-Ձեզ համար, որպես տնտեսագետ, պարզ են՝ ինչ օգուտներ ու ինչ վնասներ կլինեն ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության դեպքում, եւ այդ առումով, օգուտներն են շատ, թե՞ վնասները:

— Բարդ է եւ դժվար ընդհանուր գնահատական տալը: Պետք չէ զուտ մաթեմատիկական հաշվարկ անել այստեղ: Նման հաշվարկներ արվել են, բայց դրանք մեխանիկական հաշվարկներ են ու վստահություն չեն ներշնչում: Այստեղ կարեւոր է՝ ի՞նչ խնդիր է ՀՀ առաջ դրված: ԵՏՄ-ին անդամակցելու հարցում հիմնականում քաղաքական փաստարկներն են գերազանցում, ոչ թե տնտեսականը: Այո, ԵՏՄ-ին անդամակցության դեպքում մենք լուրջ խնդիրներ ենք  ունենալու, մանավանդ, գնաճի առումով: Շատ ապրանքներ թանկանալու են մաքսատուրքերի պատճառով: ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագրի ստորագրման դեպքում գների հետ կապված խնդիրներ չէինք ունենա, բայց Հայաստանի տնտեսությունը չէր համապատասխանում եվրոպական չափանիշներին: Այս առումով, տասնյակ տարիներ էին հարկավոր, որ հետեւողական փոփոխությունների արդյունքում մեր տնտեսությունը հասներ եվրոպական չափանիշներին: Այս առումով, լավագույն օրինակը Բուլղարիան է, որը ոչ թե ասոցացման համաձայնագիր ստորագրելով, այլ՝ միանգամից անդամակցելով ԵՄ-ին, տարիներ է ծախսել տնտեսությունը ոտքի կանգնեցնելու եւ եվրոպական չափորոշիչներին բերելու համար: Մաքսային միության շրջանակներում էլ կարելի է որոշակի առավելություններ տեսնել՝ հետագա զարգացման հնարավորություններ կան այնտեղ՝ էժան աշխատուժ, ենթակառուցվածքներ: Բայց այդ ամենը ի չիք է դառնում Հայաստանի տնտեսական դաշտում տիրող օրենքների ու ընդհանրապես, Հայաստանում իշխող բարքերի պատճառով: Ինքներդ էլ գիտեք՝ այստեղ չեն գործում օրենքները, մեծ չափերի են հասնում կոռուպցիան, հովանավորչությունը, մենաշնորհները: Այնպես որ, այստեղ առաջին հերթին պետք են փոփոխություններ, որից հետո հնարավոր կլինի հաշվել օգուտներն ու վնասները:

Ու պետք է հաշվի առնել այն քաղաքական, տնտեսական վիճակը, որտեղ գտնվում է Հայաստանը, նոր համապատասխան որոշումներ կայացնել: Այս առումով, լավագույն լուծումը կլիներ, եթե ընթանայինք ոչ ԵՄ, ոչ ԵՏՄ, այլ՝ փորձեինք յուրօրինակ ճանապարհ գտնել: Միայն թե, այս իշխանությունները դրա հնարավորությունը չունեն եւ նրանք չեն կարող դա անել:

Արման Գալոյան 

Նախորդ հոդվածը‘ՊՆ. 17-ամյա Սմբատ Ցականյանի մահվան առնչությամբ Հայաստանի պատասխանը չի ուշանա’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ ԱԳՆ-ը արձագանքել է Կարլ Բիլդտի հայտարարությանը, թե Մոսկվան ստիպել է Երևանին հրաժարվել ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրից’