‘Վահագն Խաչատրյան. Համոզված եմ, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը իմացել է, որ այսպիսի բան է լինելու’

1367

Վրացական երկաթուղին 3,5 տոկոսով է բարձրացրել սակագները 20-ֆուտանոց կոնտեյներների փոխադրման համար, բայց, չգիտես ինչու, մեզ մոտ կոնտեյների համար գինը կկազմի 0,96 դոլար՝ մեկ տոննա-կմ համար՝ նախկին 0,78-ի դիմաց: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի անդամ, Կոնգրեսի տնտեսական հանձնախմբի անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ մեկնաբանելով «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության այսօր տարածած հաղորդագրությունը, որի համաձայն՝ վրացական կողմը 3,5 տոկոսով թանկացրել է Հայաստանից կոնտեյներների փախադրման գինը:

«Պարզ թվաբանական հաշվարկով ստացվում է, որ 20 տոկոսով է թանկացել: Սա չգիտեմ ինչով է պայմանավորված, բայց ես համոզված եմ, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը իմացել է, որ այսպիսի բան է լինելու, որովհետև ինքը որոշ մեկնաբանություններ էր տվել, որ իրենք չէին ուզում, դրա համար ձգձգում էին, բայց ստիպված են մարտի 1-ից բարձրացնել»,- ասաց Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում տրանսպորտային ծախսերը մոտ 30-35 տոկոսով ավելի բարձր են, քան մեր հարևան երկրներում, և ահա ևս 20 տոկոսով տրանսպորտային փոխադրումները թանկանալու են: Սա, ըստ տնտեսագետի, նշանակում է, որ և՛ Հայաստան ներկրվող ապրանքների գները կբարձրանան, և՛ Հայաստանից արտահանվող: Խաչատրյանն ասում է, որ կոնտեյներներով արտահանվող ապրանքների գները կբարձրանան, ինչի հետևանքով դրսի շուկայում Հայաստանից արտահանվող ապրանքները ներկայացված չեն լինի և դուրս կմղվեն այդ շուկայից:

«Սա տարածաշրջանային այն կարևորագույն խնդիրն է, որ Հայաստանի Հանրապետության առաջ է դրված: Մենք պետք է կարողանանք մեր սահմանների հարցը լուծել, սահմանները բացվեն, մենք հնարավորություն ունենանք ալտերնատիվ ճանապարհներով Հայաստանից ապրանքներ արտահանել: Իշխանությունները սրա մասին չեն էլ ուզում խոսել: Սա այն է, ինչի մասին մենք ենք շարունակ խոսել, որ Հայաստանը պետք է իսկապես կարողանա տարածաշրջանային իր հարաբերությունները լուծել: Շրջափակման պայմաններում փորձել Հայաստանի տնտեսությունը զարգացնել, փորձել զուտ արտահանումը ավելի ակտիվացնել, շատ դժվար կլինի, կարող եմ ասել՝ նույնիսկ անհնար»,- նշեց նա:

Խաչատրյանի կարծիքով՝ դա է՛լ ավելի դժվար կլինի այսօր գործող քաղաքական համակարգի պարագայում, երբ մենաշնորհներն ու օլիգարխիաներն են թելադրում խաղի կանոնները: Այս ամենից բացի, Վահագն Խաչատրյանի կարծիքով՝ այս փոփոխությունը բացասական հետևանք կունենա նաև դրսում կապեր ունեցող փոքր և միջին բիզնեսի համար, քանի որ իրենց արտադրանքն այլևս մրցունակ չի լինի:

Վերջում Խաչատրյանը համոզմունք հայտնեց, որ առաջիկայում սպասվում է նաև կոմունալ ծառայությունների թանկացում, ինչի մասին իշխանությունը չի ուզում խոսել, թեպետ՝ դրա պիտի խոսեին ընտրություններից առաջ, իսկ ընտրություններից հետո պարզ է, թե ինչու չեն խոսում: 

Նախորդ հոդվածը‘Միշիկների նոր ստրատեգիան. Սերժիկ ձաձան լավ նախագահ ա, իրա կողքիններն են վատը’
Հաջորդ հոդվածը‘«Մարսելի» սկանդալային ֆուտբոլիստը ծաղրել է Իբրահիմովիչի քիթը. Տեսանյութ’