‘Վահագն Խաչատրյան. Հասարակությունն ակնկալիքներ չպետք է ունենա, ու կառավարությունն ինքն է ասել այդ մասին ‘

1350

Ոչ մի փոփոխություն քաղաքացիների կյանքում չի լինի, կենսամակարդակի բարձրացում չի լինի: iLur.am-ի հետ զրույցում 2013 թվականի համար նման կանխատեսում արեց տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Վահագն Խաչատրյանը:

«Բյուջեն, կատարելու առումով, շատ թեթև է, որովհետև, ըստ էության, որևէ փոփոխություն չի նախատեսում: Տնտեսական աճը պետք է բացատրել միջազգային շուկայի փոփոխությունների հետ, հիմնականում՝ մետաղի գների, որովհետև որևէ այլ տրամաբանություն չկա այս բյուջեի ու տնտեսական ծրագրերի կազմման: Հասարակությունն ակնկալիքներ չպետք է ունենա, ու ինքը՝ կառավարությունն է ասել այդ մասին»,- ասաց Խաչատրյանը՝ հիշեցնելով, որ կառավարությունը նախորդ հինգշաբթի որոշում էր ընդունել սոցիալական նպաստների մասին, որտեղ որևէ փոփոխություն չկա:

Ըստ տնտեսագետի՝ առանձին մարդկանց մոտ փոփոխություններ կլինեն, և դրանք այն մարդիկ են, որոնք օգտվում են իշխանության հովանավորությունից: Վահագն Խաչատրյանը նկատի ունի մենաշնորհներ ունեցող բիզնեսմեններին, որոնք կշարունակեն լավ ապրել: Տնտեսագետը կարծում է, որ այս պարագայում մեր տնտեսությունը երկու հիմնական կախվածություն ունի՝ դրսից եկող տրանսֆերներ և եվրոպական շուկայում տեղի ունեցող փոփոխություններ, ինչը, Խաչատրյանի համոզմամբ, իր մեջ վտանգ է պարունակում, որովհետև այդտեղ 0,1 տոկոս աճ է նախատեսվում:

«Այլ ակնկալիքներ ոչ ոք չպիտի ունենա, ոչ ոք չպիտի մտածի, որ կենսաթոշակ կբարձրանա, աշխատավարձ կբարձրանա կամ կենսամակարդակը կբարձրանա: Եվ այն, ինչ տեղի է ունենում այսօր Հայաստանում, մեր կյանքում, Հայաստանի տնտեսության հետ կապված չէ, կապված է հիմնականում Ռուսաստանի տնտեսության հետ»,- նշեց Խաչատրյանը:

Ամփոփելով նախորդ տարվա արդյունքները՝ նա զարմանալի համարեց այն, որ տնտեսական աճի պայմաններում աղքատությունը մեծացել է, այդքան աշխատավարձի աճ չի եղել, ինչքան տնտեսական աճի արդյունքում պետք է լիներ, միջին խավն աղքատացել է, փոքր բիզնեսը՝ կրճատվել, աղքատներն ավելի են աղքատացել, իսկ հարուստները՝ ավելի հարստացել: Վահագն Խաչատրյանը կրկին նշում է՝ այս դեպքում ևս տնտեսական աճը զգացել են այն մարդիկ, ովքեր օգտվել են իշխանության հովանավորությունից:

«Անցյալ տարվա հաջողություններից իշխանությունը ներկայացնում էր մի քանի միջազգային համաթվերի հետ կապված առաջընթաց, հիմնականում՝ Doing Business ցուցանիշը, որը հրապարակվեց սեպտեմբերին: Դրա համաձայն՝ Հայաստանում ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծվում գործարարության համար, բայց երեք եռամսյակի տվյալները փաստում են, որ մեզ մոտ ներդրումները կրճատվել են մոտ 34 տոկոսով, իսկ ուղղակի ներդրումները՝ 54 տոկոսով: Այսինքն՝ դա նշանակում է, որ Հայաստանում ներդրումային պայմանները գերադասելի չեն, և դա շատ բնական է, որովհետև ամենակարևոր խոչընդոտները ներդրումներին  հետևյալն են՝ դատական համակարգի անկախություն, որ չկա, արդարադատություն, որ չկա, մաքսային համակարգի թափանցիկություն և աշխատանքի ոճի փոփոխություն, որ չկա»,- ընդգծեց Խաչատրյանը՝ հավելելով, որ այս պայմաններում Հայաստանում ներդրումներ անելը դառնում է անիմաստ:

Տնտեսագետը կարևոր համարեց նաև մրցակցության և մրցունակության բացակայությունը: Նրա խոսքով՝ երկուսն էլ բացակայում են, մրցակցություն չկա տնտեսության մեջ, և դրա արդյունքում մեր տնտեսությունն ու արտադրանքը մրցունակ չեն:

Նախորդ հոդվածը‘Մատաղիսի գործով նախկին մեղադրյալը պատմում է, թե ինչպես է սպանել ծառայակից երկու զինվորներին (Տեսանյութեր)’
Հաջորդ հոդվածը‘Սուրեն Թադևոսյանը «Շանթ» հ/ը-ին. Հիշեք գոնե, որ դուք էլ եք մարդ, դուք էլ ծնող ունեք ու միգուցե դուք էլ եք ծնող’