‘Վահագն Խաչատրյան. «Շրջանառության հարկի մասին» օրենքը կործանարար է պետության համար’

1458

Մանր եւ միջին ձեռնարկատերերի պահանջը լիովին արդար է: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում նշեց Հայ ազգային կոնգրեսի տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Վահագն Խաչատրյանը՝ մեկնաբանելով «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի շուրջ առաջացած դժգոհությունները: Նրա խոսքով՝ այս օրերին խիստ անհասկանալի է իշխանությունների լուռ պահվածքը, որն ադեկվատ չէ:

«Դեռեւս անցած տարի օրենքն ամբողջությամբ մշակված չէր: Կառավարության նիստի ժամանակ այդ օրենքի վերաբերյալ իր անհամաձայնությունն էր հայտնել էկոնոմիկայի նախարարը, սակայն նրա խոսքերը հաշվի չէին առնվել, եւ օրենքը մտել էր Ազգային ժողով: Սակայն ի վերջո, բազմաթիվ քննարկումներից եւ դժգոհություններից հետո, այն հետաձգվեց մինչեւ փետրվար: Այդ օրերին ոչ իշխանական ուժերը պարբերաբար բարձրաձայնել են, որ օրենքի ընդունումը վերացնելու է փոքր եւ միջին բիզնեսը: Նրանք հայտարարում էին, որ վերջինիս փոխարեն՝ անհրաժեշտ է հարկային դաշտ բերել խոշոր բիզնեսը, քանի որ ՀՀ տնտեսության պրոբլեմը փոքր եւ միջին բիզնեսը չէ»,- նշեց Վահագն Խաչատրյանը՝ հավելելով, որ կառավարության այն հայտարարությունները, թե այս միջոցով փորձում են խոշոր բիզնեսին բերել հարկային դաշտ, իրականությանը չեն համապատասխանում:

«Փոքր եւ միջին բիզնեսները ոչ թե լուծում են բյուջետային խնդիրներ, այլ զբաղվում են սոցիալական հարցերի լուծմամբ՝ ստեղծում են աշխատատեղեր: Այդ բիզնեսները զարգացնելու հարցում պետությունը չի օժանդակում. մարդիկ իրենց գումարներով են ստեղծում աշխատատեղեր, ինչը պետությանը տնտեսական կյանքում օգուտ է բերում: Իշխանությունները շատ լավ գիտեն խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին, եւ փոխանակ իրենց բերեն հարկային դաշտ, փոքր բիզնեսին են հոշոտում»,- ասաց տնտեսագետը՝ ընդգծելով, որ այս ամենի հետեւանքները կործանարար են լինելու պետության համար:

Վահագն Խաչատրյանը մանրամասնեց, որ այս պահին Հայաստանում գոյություն չունի դասական ստվերային տնտեսություն, քանի որ ստվերում աշխատող բիզնեսը գործունեություն է ծավալում իշխանությունների թույլտվությամբ: Նրա խոսքով՝ սա արդեն ստվեր չի համարվում: «Այժմ Հայաստանի Հանրապետությունը հայտնվել է ճգնաժամային, եւ առաջիկա տարիներին սպասվում են մեծ դժվարություններ: Այս ամենի հետ մեկտեղ՝ կառավարությունը, մարդկանց ընդառաջ գնալու փոխարեն, չի թողնում, որ նրանք աշխատեն»,,- ասաց նա:

Տնտեսագետի խոսքով՝ ՀՀ իշխանությունները յուրահատուկ են: «Նրանք մարդկանց ասում են՝ շատ լավ է, որ ստեղծել եք աշխատատեղեր, հարկեր եք վճարում, սակայն պետք է նաեւ իրականացնենք փաստաթղթավորում: Հայաստանում գործող խաղի կանոնների համաձայն՝ չի բացառվում, որ փոքր եւ միջին ձեռներեցները չկարողանան ձեռք բերել այդ փաստաթղթերը, քանի որ դա միայն իրենցով պայմանավորված չէ. նրանք կապված են խոշոր բիզնեսի ներկայացուցիչների հետ: Այսինքն՝ խոշոր բիզնեսը կարող է հրաժարվել փաստաթղթեր ներկայացնելուց: Պատճառն այն է, որ այդ ապրանքների համար  սահմանվում է հստակ գին, իսկ սովորաբար այդ բիզնեսի ներկայացուցիչները ավելի ցածր գնով են գործ անում: Նրանք հեշտությամբ կարող են հրաժարվել եւ թուղթ չտալ»,- հավելեց Վահագն Խաչատրյանը:

Նա հայտնեց նաեւ, որ այս իրավիճակից դուրս գալու լուծումը մեկն է՝ պետք է օրենքը կասեցնել: «Ավելին՝ պետք է սառեցնել տնտեսական կյանքին վերաբերող բոլոր նախաձեռնությունները եւ տնտեսությանը թողնել, որ հանգիստ աշխատի: Հակառակ դեպքում՝ հետագա լուրջ խնդիրները անխուսափելի կլինեն»,- նշեց տնտեսագետը:  

Վահագն Խաչատրյանի խոսքով՝ այս օրերին տեղի ունեցող բողոքի ցույցերը հերթական անգամ ապացուցում են, որ իշխանություններն ի վիճակի չեն փոփոխություններ իրականացնելու. նրանք դրա հնարավորությունը չունեն: «Այս իշխանությունները ի վիճակի չեն քաղաքական կամք դրսեւորել: Միայն նոր իշխանությունը կկարողանա երկրում փոխել տնտեսական իրավիճակը եւ ստեղծել մրցակցային հավասար պայմաններ»,- հավելեց տնտեսագետը:

Մարիամ Մուրադյան

 

Նախորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը բանկերում, փոխանակման կետերում, ԿԲ-ում’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ. Եռյակը արտահերթ նախաձեռնություններ կներկայացնի (Տեսանյութ)’