‘Վահե Գրիգորյանը կրկին առաջադրվել է ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի մրցույթին ‘

1674

Երեկ լրացել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ դատավորի ընտրության մրցույթի հայտերի ընդունման ժամկետը: Արդարադատության նախարարության կայքում այսօր ժամը 11:30- դրությամբ սակայն հրապարակված է միայն փետրվարի 16-ի ժամը 18:00-ի դրությամբ մրցույթի համար դիմողների գրանցամատյանի լուսապատկերը: Համաձայն հրապարակված փաստաթղթի մրցույթին մասնակցելու համար դիմել են 9 հոգի, այդ թվում նախորդ՝ սկանդալային ընթացք ստացած մրցույթին մասնակցած հայտնի իրավաբան Վահե Գրիգորյանը և նախկին ՄԻՊ Արմեն Հարությունյանը:

Նշենք, որ նոր մրցույթ անցկացնելու մասին արդարադատության նախարարության հայտարարության մեջ նշված էր, թե «քիչ հավանական է համարվում, որ համեմատաբար երիտասարդ տարիքի թեկնածուները կունենան» պահանջվող որակներ: Այս կապակցությամբ մրցույթներին հետևող «Իրավունքի Եվրոպա միավորում» կազմակերպության անդամ Տիգրան Եգորյանի հայտարարել է. «Ինչպե՞ս կարող է առաջ քաշվել մի չափանիշ, որը կախված է տարիքի հետ, և չպարզաբանվել. սա լուրջ խնդիր է մրցույթի թափանցիկության տեսանկյունից: Նշանակում է, որ կա մի լրացուցիչ թեստ, որի վերաբերյալ ընթացակարգեր և գնահատման կարգ սահմանված չեն»:

Հայտնի է նաև, որ ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի մրցութային հանձնաժողովը պահպանել է նույն կազմը: Հիշեցնենք` այդ հանձնաժողովի անդամներն էին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, արդարադատության նախարար Հովհաննես Մուրադյանը, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը, Փաստաբաների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը և այլոք: Այս կապակցությամբ Տիգրան Եգորյանը նույնպես հայտնել է իր մտահոգությունները՝ ասելով, որ կա շահերի բախման հետ կապված հարց, կա հանձնաժողովում քաղաքացիական հասարակության ներկայացվածության հարց, նաև՝ ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի հետ կապված հարցը: «Ս. Սարգսյանի՝ 2014թ. օգոստոսի 2-ի հրամանագրով որպես հանձնաժողովի անդամ ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորն է նշված: Հիմա այդ պաշտոնում աշխատող անձ չկա»,- նշել է Եգորյանը:

Վերջինս նաև կարծիք է հայտնել, որ ճիշտ կլիներ, որ նոր հանձնաժողով կազմավորվեր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս հանձնաժողովն ի վիճակի չի եղել ընտրել ՄԻԵԴ-ի դատավորի բարձր պաշտոնի որակական չափանիշներին համապատասխանող թեկնածուներ:

Նախորդ հոդվածը‘Դի Մատեո. «Մտադիր ենք հաղթել «Ռեալին», սակայն հասկանում ենք` որքան հզոր մրցակից ունենք»’
Հաջորդ հոդվածը‘Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը ‘