Վահրամ Աթանեսյան. Հայաստանը նախ ապադեբիլացման փուլ պիտի անցնի. ԱլիքՄեդիա

843

«Հայաստան» խմբակցությունից ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը համարում է, որ 1998-ի իշխանափոխությամբ հաջողվեց հաղթահարել «Լիսաբոնի խայտառակությունը» եւ յոթ տարի անց (իրականում՝ տասը) հասնել նրան, որ Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգները ճանաչեն ԼՂ ինքնորոշման իրավունքը առանց սահմանափակման եւ դա անվանեն «ռազմավարական եւ դիվանագիտական հաղթանակ»։

Մի կողմի նկատմամբ մյուսի մանավանդ ռազմավարական հաղթանակը, որպես կանոն, ամրագրվում է համապատասխան պայմանագրով, ինչը Մադրիդից հետո այդպես էլ չի ստորագրվել։ ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Ռուսաստանը կողմերին ընդամենը ներկայացրել են ԼՂ կարգավորման սկզբունքներ եւ տարրեր։ Դրանք վերաշարադրելու իմաստ չկա։ Արտառոցը Թեւանյանի այն պնդումն է, որ Հայաստանի դիվանագիտական պարտությունները՝ Լիսաբոնը եւ Բրյուսելը (նկատի ունի ապրիլի 6-ի Փաշինյան-Ալիեւ-Միշել հանդիպումը), «տեղի են ունեցել, երբ Հայաստանում իշխել է խաղաղության կուսակցությունը»։ Լիսաբոնում Հայաստանը «վետո» է կիրառել եւ կասեցրել Ադրբեջանի կազմում ԼՂ կարգավիճակը կանխորոշող՝ ԵԱՀԿ գագաթաժողովի ամփոփիչ փաստաթղթի ընդունումը։

Լիսաբոնից մեկ տարի անց Հայաստանը հասել է նրան, որ միջնորդները ներկայացրել են հակամարտության զինված փուլին վերջ տալու մասին համաձայնագրի նախագիծ, որը հավասարի իրավունքով պետք է ստորագրեր նաեւ ԼՂՀ նախագահը։ Դիվանագիտական հաղթանակը դա էր, որի իրավական ամրագրումը ձախողվել է իշխանափոխությամբ, եւ չորս ամիս պարապուրդի մատնվելուց հետո նոր՝ «պատերազմի կուսակցության» իշխանությունը Մոսկվային խնդրել է միջնորդել, որ Ադրբեջանն իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում «ընդհանուր պետության մաս» ճանաչի Լեռնային Ղարաբաղը՝ նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում։

Դիվանագիտական պարտություն էր, երբ Ադրբեջանի կազմից նաեւ պաշտոնական Բաքվի փաստացի համաձայնությամբ դուրս բերված Արցախը Հայաստանի «ազգային-հայրենասիրական» իշխանությունները վերստին վերադարձրին Ադրբեջանի կազմ, որպեսզի քսան տարի բանակցեն նրա ինքնորոշման իրավունքի ճանաչման համար։ Բայց չէ՞ որ 1997-ին Ադրբեջանը պատրաստ էր խաղաղության պայմանագիր ստորագրելու Լեռնային Ղարաբաղի հետ։ Չէ՞ որ դա ոչ միայն ինքնորոշման իրավունքի, այլեւ Լեռնային Ղարաբաղի անկախության փաստացի ճանաչում էր։

Դա հայկական դիվանագիտության աստեղային ժամն էր, տրիումֆը։ Մադրիդյան սկզբունքներն առաջարկություն էին, խաղաղության պայմանագիրը՝ Ադրբեջանի համաձայնությանն արժանացած փաստաթուղթ։ Ով այս տարբերությունը չի հասկանում, քաղաքականության մեջ անելիք չունի։

Ամբողջական հոդվածը կարդալ այստեղ

Նախորդ հոդվածըՀարութ Ուլոյան․ Հուսամ՝ այդ մարդիկ իրենց միասնական բողոքը կարտահայտեն գործի անփառունակ տապալման վերաբերյալ
Հաջորդ հոդվածըՌետրո. Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման խոչընդոտները — 1. ՉԻ