‘
iLur.am-ի թղթակիցը վաղ առավոտյան այցելել էր մարտի 10-ից Ազատության հրապարակում հացադուլի մեջ գտնվող «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին:
Րաֆֆի Հովհաննիսյանը կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի և խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի հետ ինչ-ինչ հարցեր էր քննարկում, այդ պատճառով չհաջողվեց զրուցել նրա հետ:
Կնոջ՝ Արմենուհի Հովհաննիսյանի խոսքով՝ ամուսնու առողջական վիճակը լավ է: Ժառանգությունից Մամիկոն Սարգսյանը, ով գիշերել էր Ազատության հրապարակում, տեղեկացրեց, որ գիշերը ոստիկանների հետ երկար բանակցությունների արդյունքում կարողացել են ծածկ-անձրևանոց տեղադրելու թույլտվություն ստանալ: Սակայն միայն այն պայմանով, որ այն տեղադրվելու է միմիայն անձրևի առկայության պարագայում:
Այժմ, երբ եղանակը ամպամած է, սակայն անձրև չի տեղում, նրանք ստիպված են հանել ծածկ-անձրևանոցը:
Մամիկոն Սարգսյանի փոխանցմամբ՝ վաղ առավոտյան Րաֆֆի Հովհաննիսյանին այցելել է ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանը:
‘