‘Վաչե Գաբրիելյան. ՀՀ վարչապետը ողջ-առողջ է և շարունակում է պաշտոնավարել’

981

«Ի՞նչ է պատահել, գուցե վարչապետը հրաժարական է տվել, բայց այդ փաստը չեք հրապարակում՝ այս դարակազմիկ բյուջեի նախագծի առիթով Հայաստանում մեկնարկած ցնծությունը չմթագնելո՞ւ համար»: iLur.am-ի փոխանցմամբ՝ այսօր Ազգային ժողովի նիստի ժամանակ «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նման հարց ուղղեց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին՝ ընդգծելով, որ ինքը չի հիշում դեպք, որ բյուջեն խորհրդարանում ներկայացնի ոչ թե վարչապետը, այլ ֆինանսների նախարարը:

«Հայաստանի Հանրապետության վարչապետը ողջ-առողջ է և շարունակում է պաշտոնավարել և կշարունակի պաշտոնավարել առողջությամբ և հաջողությամբ, ինչը և ցանկանում եմ Ձեզ»,- արձագանքեց նախարարը:

Փաշինյանը ևս մեկ հարց ուղղեց Գաբրիելյանին: Պատգամավորի խոսքով՝ բյուջեի նախագծում նշված է, որ, որպես կանոն, բյուջեի հիմքում դրվող կանխատեսումները կառուցվում են որոշակի ենթադրությունների հիման վրա: Փաշինյանը հետաքրքրվեց՝ Ձեզ ծանո՞թ է աշխարհում կառավարություն, որի գործունեության ելակետը, մեկնակետը ենթադրություններն են: ՀԱԿ պատգամավորը հիշեցրեց նաև, որ նախորդ տարվա բյուջեում մի շարք աշխատանքների մասին է նշված, օրինակ՝ որ կմեկնարկեն Հայաստան-Վրաստան 400 կիլովատտ լարման գծի կառուցման նախապատրաստության աշխատանքները, Վանաձոր-Ֆիոլետովո երկաթուղային գծի նախագծման աշխատանքները և այլն: Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ այս աշխատանքներն իրականացվե՞լ են: Վաչե Գաբրիելյանը պատասխանեց, թե ենթադրությունները ստանդարտ են, ու բոլոր երկրներում բյուջեի կանխատեսման հիմքում դրվում են մակրոտնտեսական գնահատականներ, որոնք չեն կարող տրվել առանց ենթադրությունների:

«Ցավոք սրտի, մարդկությունը մինչ այժմ առանց ենթադրությունների մակրոտնտեսական կանխատեսումենր անելու գործիք չունի»,- ասաց Գաբրիելյանը՝ վստահեցնելով, որ Փաշինյանի նշած աշխատանքներն իրականացվում են:

Նախորդ հոդվածը‘Ձեր կառավարությունը կիսո՞ւմ է այս դատավարական համակարգի քաղաքական պատասխանատվությունը ‘
Հաջորդ հոդվածը‘Դեւիդ Մոյես. Ֆելայնին շատ թանկ արժե’