Վառելիքի ճգնաժամը հաղթահարելու համար կօգտագործվի բանակը

327

Մեծ Բրիտանիայի կառավարությունը վառելիքային ճգնաժամի դեմ պայքարի շրջանակներում բանակը բերել է բարձր պատրաստության։ Ենթադրվում է, որ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում բանակային վարորդները կնստեն բենզատարների ղեկին և վառելիք կհասցնեն բենզալցակայաններ՝  նախապես  համառոտ դասընթաց անցնելուց հետո։

Վառելիքի մատակարարման խափանումներն սկսվել են անցյալ շաբաթվա վերջից։ Ավտոմոբիլիստները հսկայական հերթերի էին կանգնում՝ մեքենաները լիցքավորելու համար։ Շատ լցակայաններ պարզապես փակվել են։

Բրիտանական իշխանությունները հայտարարում են, որ վառելիքի հետ կապված խնդիր չկա, իսկ ճգնաժամը ծագել է բենզատարների վարորդներ չլինելու պատճառով։ Մասնավորապես՝ դրան նպաստել է Brexit-ը, որի հետևանքով շատ եվրոպացիներ զրկվել են Բրիտանիայում աշխատելու իրավունքից։

Բրիտանիայի տրանսպորտի նախարարը դատապարտել է ավտոմոբիլիստներին, որոնք խուճապային տրամադրությունների են մատնվում և քաոս են ստեղծում երկրի շատ շրջաններում։ Մինչդեռ Թագավորական ավտոմոբիլային ակումբի ղեկավարությունն իշխանությունների ուշադրությունն է հրավիրում այն փաստին, որ անցյալ ուրբաթ օրվանից վառելիքի գները, թեկուզ աննշան, բայց բարձրացել են և շարունակում են աճել, քանի որ որոշ վաճառողներ ակնհայտորեն օգտվում են ստեղծված իրավիճակից։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՈ՞րն է Մբապեի և Նեյմարի կոնֆլիկտի պատճառը
Հաջորդ հոդվածըChampions Chess Tour Finals․ Լեւոն Արոնյանը պարտվեց Հիկարու Նակամուրային