‘Վարդան Այվազյանի համագյուղացիները՝ ընդդեմ Վարդան Այվազյանի. «Հետք»’

1949

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Այվազյանի համագյուղացիները՝ Բորժոմի շրջանի Տաբածղուր գյուղի բնակիչները, դատի են տվել պատգամավորի ընկերությանը: Ինչպես տեղեկացնում է «Հետք»-ը, նրանք պահանջում են անվավեր ճանաչել և դադարեցնել Տաբածղուր լճում ձկնորսությամբ զբաղվելու Վարդան Այվազյանի հիմնադրած «Լճեր» (შპს “ტბები” ) ընկերության արտոնագիրը և իրենց տրամադրել Տաբածղուր լձում ձուկ որսալու առաջնային իրավունքը:  

Մարտի 11-ին Թբիլիսիի քաղաքային դատարանում նշանակված էր նախնական դատական լսում, որին մասնակցել են 15 գյուղացիներ: Լսմանը ներկա է եղել նաև ընկերության ներկայացուցիչ վրացի փաստաբանը: Դատարանը, սակայն, անորոշ ժամկետով լսումը հետաձգել է՝ մինչև որոշում կկայացնի՝ վարույթ ընդունել կամ մերժել գյուղացիների հայցը:  

Տաբածղուրի բնակիչների եկամտի հիմնական աղբյուրը լիճն էր, որտեղից նրանք ձուկ էին որսում և վաճառում այն շրջակա գյուղերում և մոտակա քաղաքներում:

2010թ. սեպտեմբերին Վրաստանում գրանցված «Լճեր» ՍՊԸ-ն ձեռք է բերել լճում ձուկ որսալու արտոնագիր, և բնակիչներին արգելվել է լճից ձուկ որսալ: Վրաստանի կառավարությունը, ի դեմս էկոնոմիկայի նախարարության, շուրջ 443 հազար դրամով ընկերությանն է տրամադրել լիճը տնօրինելու 20 տարվա իրավունք:

«Լճեր» ՍՊԸ-ն պետական գրանցում է ստացել աճուրդից ընդամենը 4 օր առաջ: Այդ ժամանակ ընկերության բաժնետոմսերի 90%-ը պատկանել է Վարդան Այվազյանին: 2012-ին, սակայն, Վարդան Այվազյանը վերաձևակերպել է այն իր զարմիկի՝ Արմեն Այվազյանի անվամբ, ով նաև «Լճեր» ՍՊԸ-ի տնօրենն է:

Տաբածղուրի գյուղացիները պատմում են, որ Վարդան Այվազյանը ջերմ հարաբերությունների մեջ էր նաև Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլու հետ: Ավելին, նրան գյուղում տեսել են Մերաբիշվիլու և Ախալքալաքի ոստիկանապետի հետ ուտել-խմելիս: Հիշեցնենք՝ Վարդան Այվազյանը նույն ժամանակահատվածում վերաձևակերպել էր նաև Թբիլիսիում կառուցվող ձկան կենտրոնի սեփականության իրավունքը իր որդու անվամբ:

Վարդան Այվազյանը, սակայն, արտոնագրի պայմանները խախտել է: Նա Սևանա լճից խեցգետիններ է տարել և լցրել Տաբածղուր լիճը, ինչը արտոնագրով նախատեսված չի եղել: Դրանից հետո ձկան պաշաները նշանակալիորեն նվազել են: Մինչդեռ արտոնագրի նախապայմանն է եղել 4 տարի հետո ձկան պաշարը հասցնել 60 տոննայի:

Բացի դրանից, 2011-ին Մ. Սահակաշվիլին սիմվոլիկ 1 լարի արժեքով Վարդան Այվազյանին է նվիրել լճին հարակից ավելի քան 308 հազար քմ տարածք, որը պարզվում է՝ պետական արգելոցին է պատկանում:

Մանրամասները՝ սկզբնաղբուր կայքում:

Նախորդ հոդվածը‘«Իսլամական պետությունը» հայտարարել է, որ «Բոկո հարամ» խմբավորումը միավորվել է իր հետ’
Հաջորդ հոդվածը‘Մադուրո. Վենեսուելային ազգային անվտանգության սպառնալիք հայտարարելը ԱՄՆ-ի պատմական սխալն է’