‘Վարդան Պետրոսյանը ոչինչ չի հիշում, նա չգիտի զոհերի մասին. Պետրոսյանի եղբայր ‘

1699

Վարդան Պետրոսյանը դեռ չգիտի, որ վթարի հետեւանքով մահացել են երկու պատանիներ, իսկ երեք տուժածները ծանր վիճակում գտնվում են հիվանդանոցում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին նրա հարազատները:

Ներկայացնում ենք NEWS.am-ի թղթակցի հարցազրույցը Վարդան Պետրոսյանի եղբոր՝ Արմեն Պետրոսյանի հետ:

-Ե՞րբ եւ ինչպե՞ս իմացաք միջադեպի մասին, որտեղի՞ց էր գալիս Վարդան Պետրոսյանը, ո՞ւմ հետ:

-Վթարի մասին իմացել եմ հաջորդ օրն առավոտյան, ինձ զանգահարել են, բայց հեռախոսս անջատված է եղել: Վարդանը գալիս էր Եղվարդի շրջանի Սարալանջ գյուղից: Եղել է մենակ:

-Քանի՞ տարի է՝ նա մեքենա է վարում, ինչպիսի՞ վարորդ է, ալկոհոլ օգտագործո՞ւմ է, թե՞ ոչ, բարձր արագությամբ վարո՞ւմ է, թե՞ ոչ:

-Վարդանը մեքենա է վարում շուրջ քսան տարի: Նա, ընդհանրապես, ապրում է առողջ կենսակերպով: Ովքեր տեսել են նրա ծանր աշխատանքը բեմի վրա, կհասկանան, որ նա միշտ պետք է լիներ ֆիզիկական լավագույն վիճակում: Մեքենա միշտ վարել է դանդաղ, որով արժանացել է ավելի երիտասարդ ազգականների դժգոհությանը: Ընդհանրապես, նրա դանդաղ վարելը եղել է նրանց խոսակցությունների եւ հումորի առարկա:

Վարդան Պետրոսյանը չգիտի, որ երկու անչափահաս երեխաներ են մահացել, ինչպե՞ս եք պատրաստվում այդ լուրը հայտնել իրեն եւ ե՞րբ:

-Վարդանը ոչինչ չի հիշում: Նա դեռ վերակենդանացման բաժնում է: Նրա վիճակը ծանր է եղել եւ շարունակում է մնալ ծանր: Նա շատ արյուն է կորցրել, վնասված է ողնաշարը, հեռացված է փայծաղը, վիրահատված՝ լյարդը: Նրա հետ խոսել եմ միայն երեկ, մի քանի րոպե: Հետո դադարեցրինք խոսակցությունը, որովհետեւ շատ հոգնեց եւ ուզեց քնել: Նա, այսպիսով, չգիտի զոհերի մասին: Ովքեր թեկուզ հեռվից ճանաչում են Վարդանին, կարող են պատկերացնել, թե ինչ պիտի նա զգա այդ լուրն իմանալով: Այդ մասին կհայտնենք որոշ ժամանակ հետո:

-Կապ հաստատե՞լ եք տուժած ընտանիքի հետ, զրուցե՞լ եք, պատրաստվո՞ւմ եք հանդիպել նրանց հետ:

-Կապվել ենք ընտանիքի երկու ազգականի հետ, ցավակցել, առաջարկել հանդիպել, խոսել: Պատասխանել, որ դա ճիշտ կլինի մի քանի օրից, երբ կրքերը մի քիչ հանդարտվեն: Ցավոք, այդ մասին նրանք ընտանիքի բոլոր անդամներին չէ, որ տեղյակ են պահել:

Մեղադրանքներ եւ սպառնալիքներ են հնչեցվում դերասանի հասցեին, չե՞ք վախենում վրեժխնդրությունից, Վարդան Պետրոսյանի անվտանգությունը ապահովելու հարցով ինչ-որ քայլեր ձեռնարկո՞ւմ եք:

-Մենք ըմբռնումով ենք վերաբերվում Հակոբյանների ընտանիքի ողբերգությանը եւ, հավատացեք, սգում նրանց հետ մեկտեղ: Զոհվել են պատանիներ, Էդգար եւ Էդուարդ Հակոբյանները, որոնք նոր կյանք պետք է մտնեին, կան ծանր վիրավորներ: Բոլորը պետք է սգան: Այո, կարող էին լինել նաեւ նման կոչեր: Հասկանում ենք, որ դա ծայրահեղ դժբախտության մեջ գտնվող մարդու խոսք է: Մյուս կողմից, պետք է ասել՝ բայց չէ՞ որ այդ ողբերգությունը նպատակաուղղված հանցագործություն չի եղել: Դա դժբախտ պատահար է, իսկ պատահարներից ապահովագրված չէ ոչ ոք:

-Եթե պարզվի, որ ձեր եղբայրը մեղավոր է, ըստ Ձեզ, ի՞նչ պատիժ պետք է կրի նա:

-Դա դժվար հարց է ինձ համար: Ես դատավոր չեմ, օրենսգիրքը չգիտեմ եւ իրազեկ չեմ դատական հարցերում: Բայց կարող եմ ասել հետեւյալը: Տեղի է ունեցել ողբերգություն հասարակության մեջ հայտնի անձի մասնակցությամբ: Լրագրողների գործն է լուսաբանել, գրել այդ մասին: Այդ ընթացքում եղել են եւ կան չափազանցություններ, բարոյական, նույնիսկ քաղաքական գնահատականներ, վշտից ցնցված մարդկանց խոսքը ավելորդ շահարկելու դեպքեր: Արդեն գրում են, որ Վարդան Պետրոսյանը իբր հանդես է եկել հերքմամբ՝ «մի հավատացեք զզվելի հերյուրանքներին» եւ այլն: Լրագրողներին եւ համացանցի ակտիվ օգտատերերին ես խնդրում եմ հանդես բերել առավել զսպվածություն, չշահարկել եւ չքաղաքականացնել մարդկանց ողբերգությունը:

Եվ վերջում կրկնեմ՝ ես եւ մեր ողջ ընտանիքը սգում է եւ ցավակցում հանգուցյալների եւ վիրավորների բոլոր հարազատներին ու մերձավորներին: Թեեւ մենք, թվում է, թե հակադիր դիրքերում ենք, բայց, իրականում, կապված ենք նույն ողբերգությամբ:

Ինգա Մարտինյան

News.am  

Նախորդ հոդվածը‘Էխ, Յուրիկ. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Պատահար Իսակովի պողոտայում. Կան տուժածներ’