‘Վարդան Օսկանյան. Խնդիրների լուծման ճանապարհը մեկն է՝ իշխանափոխությունը’

1167

Երկրում հաստատվել է միակուսակցական իշխանություն. մենաշնորհվել է ամբողջ քաղաքական դաշտը, ինչը դրսեւորվում է տնտեսական եւ լրատվական դաշտի աղավաղումներով:  Այս մասին Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ հրավիրված ոչ իշխանական ուժերի խորհրդաժողովին նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը:

Նրա խոսքով՝ ստեղծվել է փակ շղթա, եւ քաղաքական մենաշնորհը պահելու համար անհրաժեշտ է իշխանական նեղ շրջանակի տնտեսական մենաշնորհի պահպանումը ու գրպանային լրատվամիջոցներով այս ամենի դրական փաթեթավորումն ու մատուցումը: «Ակնհայտ է, որ այսօր Հայաստանի Հանրապետության խորհրդարանը չի արտացոլում ժողովրդի կամքն ու ցանկությունները, ինչպես նաեւ քաղաքական ուժերի իրական հարաբերակցությունը: Քանի դեռ մենք չենք կարողացել հասնել այդ իրական հարաբերակցության իրացմանը, հնարավոր չի լինի երկրում որեւէ բան փոխել:

Այսօր մեր անհաջողությունների հիմքն է հանդիսանում նաեւ վերջին տարիներին իրականացված արտաքին քաղաքականությունը: Եթե քաղաքական, տնտեսական ձախողումների հետեւանքը ժողովուրդը անմիջապես է գզում, ապա արտաքին քաղաքականության ձախողումները կարող են դրսեւորվել ավելի երկար ժամանակահատվածում եւ նվազ տեսանելի լինել հասարակ քաղաքացու համար: Առանց խորանալու վերլուծությունների մեջ՝ ներկայացնեմ փաստեր, որոնք առնչվում են մեր հարեւան երկրներին եւ հիմնական գործընկերներին.

  • Ղարաբաղյան գործընթացը երբեք այսքան փակուղում չի գտնվել: Անգամ պատերազմի տարիներին այսքան մեծ անվստահություն չի եղել կողմերի միջեւ: Սա անկանխատեսելի է դարձնում Ադրբեջանի վարքագիծը, ինչի հետեւանքները մենք համարյա ամեն օր տեսնում ենք:
  • Թուրքիայի հետ մեր հարաբերությունները երբեք այսքան ցածր մակարդակի վրա չեն եղել: Այդ հարաբերությունները այսօր ոչ թե զրոյական, այլ բացասական մակարդակի վրա են գտնվում եւ հարաբերություններից վերածվել են արդեն փոխադարձ կշտամբանքի:
  • Իրանի հետ գրեթե բոլոր ծրագրերը շարունակում են ձգձգվել՝ մնալով հայտարարությունների եւ բարի ցանկությունների հարթությունում:
  • Վրաստանի հետ փոխանակ մերձեցման ճանապարհով գնալուն՝ բոլոր ոլորտներում գնում ենք լրիվ հակառակ ուղղությամբ: Սա մեզ համար լի է բացասական հետեւանքներով:
  • Ինչ վերաբերում է Հայաստանի այլ հիմնական գործընկերներին՝ ասեմ ընդամենը թեւավոր խոսք դարձած մեկ նախադասություն. «Կորցրել ենք Ռուսաստանի հարգանքը, կորցրել ենք Արեւմուտքի վստահությունը»:

Այս բոլոր խնդիրների լուծման ճանապարհը մեկն է ՝ իշխանափոխությունը: Այսօր ով ինչպես ուզենա ներկայացնել Հայաստանի ներկա իրավիճակը, պարտադիր հասնում է մի կետի՝ իշխանափոխությանը, որը ժողովրդի պահանջն է: 

Նախորդ հոդվածը‘Արմեն Գրիգորյան. Սահմանադրական փոփոխությունների դեպքում Հայաստանը բռնելու է Հյուսիսային Կորեայի ճանապարհը’
Հաջորդ հոդվածը‘Փաստորեն, Լեւոն Տեր-Պետրոսյանը ճիշտ էր’