‘Վարդենիս-Երեւան երթուղու «գծատերերը» ծեծել են մրցակից տաքսիստին. Քաղաքում իրարանցում է’

2270

Վարդենիս քաղաքում այս կիրակի անսովոր իրարանցում է եղել: iLur.am-ին հայտնի դարձավ, որ մի քանի տասնյակ վարդենիսցիներ ի նշան բողոքի փակել են Վարդենիսից Երեւան եկող ավտոճանապարհը:

Օրերս ընդհարում է տեղի ունեցել քաղաքի բնակիչ, վարդենիսցի հայտնի ազատամարտիկ Հեբոյի որդու՝ Արման Խչեյանի եւ Վարդենիս-Երեւան երթուղին սպասարկող ընկերության սեփականատերերի միջեւ: Խչեյանն իրեն պատկանող մարդատար ավտոմեքենայով որոշակի գումարի դիմաց մարդկանց ամեն օր տեղափոխում էր Երեւան ու հետ էր բերում:  Սա դուր չէր գալիս «գծատերերին»՝ Ֆառ մականունով հայտնի ոմն Արթուր Սարգսյանի ու նրա մերձավորներին: Վերջիններս «զգուշացրել» են Խչեյանին, թե նա «իրենց գործին խփում է»: Արմանը, սակայն, բացատրել է, որ դա իր եկամտի միակ աղբյուրն է, բացի դրանից, նա իր ուղեւորներին ավտոկայանից չի հավաքում, այսինքն, «գազելներից ուղեւոր չի փախցնում»: Մի քանի օր առաջ նրան առեւանգել են Ֆառի մերձավորները, մի ավտոտնակում պարբերաբար ծեծել ու մի քանի օր պահելուց հետո բաց թողել:

Այսօր Արման Խչեյանն իր ազգականների ու Վարդենիսի երկրապահներից մի քանիսի հետ միասին փակել են Երեւանի մայրուղին՝ չթողնելով, որ երթուղայինները երթեւեկեն: Արման Խչեյանն iLur.am-ին ասաց, որ վաղն էլ են փակելու մայրուղին: Տուժածի խոսքով, ոստիկանությունը փորձել է իրենից տեղեկություններ ստանալ ծեծի վերաբերյալ, բայց նա նրանց ոչինչ չի ասել, որովհետեւ, իր խոսքով, չի վստահում նրանց: 

Նախորդ հոդվածը‘Հայ երկու ըմբիշներն «արծաթ» են նվաճել Եվրոպայի առաջնությունում’
Հաջորդ հոդվածը‘Վարշամ Բորանյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն’