‘Վարչապետի տնային տնտեսուհի կինը հայտարարագրել է 138 հազար 734 ԱՄՆ դոլար’

2028

Վարչապետ Տիգրան Սարգսյանի և նրա տիկնոջ համար 2012թ.-ը` ի տարբերություն երկրի բնակչության գերակշռող մասի, ֆինանսական առումով բավականին հաջող է եղել:

Եթե նրանք նոր գույք ձեռք չեն բերել` բավարարվելով վարչապետի ունեցած 6 միավոր անշարժ ու 1 միավոր շարժական գույքով, ինչպես նաև նրա տիկնոջ 4 միավոր անշարժ և 3 միավոր շարժական գույքով, վարչապետի արժեթղթերով և այլ ներդրումներով, նրա տիկնոջ հայտարարագրած փոխառությամբ, ապա, ի համեմատ 2011թ.-ի, նրանց եկամուտներն ավելացել են:

Ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով 2012թ.-ի համար գույքի և եկամուտների ներկայացրած հայտարարագրերի, Տ.Սարգսյանի դրամական միջոցները 2012-ի տարեսզբին եղել են 35 մլն դրամ և 859 հազար ԱՄՆ դոլար, տարեվերջին` 12 մլն 674 հազար դրամ և 920 հազար 823 ԱՄՆ դոլար: 2011-ի տարեսկզբին նրա դրամական միջոցները հայտարարագրված են եղել 23 մլն դրամ և 778 հազար ԱՄՆ դոլար:

Վարչապետի եկամուտները 2012թ.-ին գոյացել են 3 մլն 340 հազար 80 դրամ աշխատավարձից, 220 հազար 157 դրամ դասախոսության համար վճարից, 13 մլն 375 հազար 476 դրամ, 291 հազար 970 դրամ և 27 մլն 369 հազար դրամ ավանդների տոկոսավճարներից: 2011թ.-ի համեմատ աշխատավարձի չափն եղել է նույնը, սակայն մնացած հոդվածներով ստացած եկամուտներն աճել են:

Վարչապետի տիկնոջ, ով հայտարարագրում զբաղեցրած պաշտոնը նշել է տնային տնտեսուհի, դրամական միջոցները 2012-ի տարեսկզբին եղել են 15 մլն դրամ և 128 հազար 920 ԱՄՆ դոլար, տարեվերջին` 138 հազար 734 ԱՄՆ դոլար: 2011-ի տարեսկզբին նա ունեցել է 12 մլն դրամ և 119 հազար 823 ԱՄՆ դոլար:

Եկամուտները գոյացել են 4 մլն 23 հազար 859 դրամ ավանդի տոկոսավճարից և 10 հազար եվրո վարձակալության վճարից: Վարչապետի տիկնոջ եկամուտներն անցած տարի ևս աճել են` 3 մլն 480 դրամի և 10 հազար եվրոյի չափով: Այս մասին գրում է «Փաստինֆոն»:

Նշենք նաև, որ hetq.am կայքում 2012թ. հունիսի 18-ին տեղադրված «Վարչապետի ու տիկնոջ դոլարային եկամուտները սրընթաց աճում են» հոդվածի վերաբերյալ և այնտեղ հնչեցված «արդյոք վարչապետի կինը կներկայացնի այն բանաձևը, ըստ որի` չաշխատելով կարելի է միլիոններ կուտակել» հարցի վերաբերյալ Տիգրան Սարգսյանի կինը գրել էր.

«Այդպիսի բանաձև չկա: Առանց աշխատանքի հարստանալ հնարավոր չէ: Հաջողության կարելի է հասնել միայն աշխատելով՝ այն էլ բարեխիղճ և նվիրումով աշխատանքի շնորհիվ: Այս առումով բանաձևը պարզ է.

 

Առաջին հերթին անհրաժեշտ է կարողանալ ընդունվել լավագույն համալսարաններից մեկը՝ իմ դեպքում դա Լենինգրադի պետական համալսարանն է:

Անհրաժեշտ է ջանասիրաբար սովորել և ստանալ գիտելիքներ, որոնք հնարավորություն կտան զբաղվել սիրած աշխատանքով:

Անհրաժեշտ է աշխատել առնվազն քսանհինգ տարի՝ դասավանդելով տարբեր համալսարաններում: Անհրաժեշտ է կուտակել այնպիսի գիտելիքներ և փորձ, որ կարողանաք հաղթել միջազգային մրցույթներում՝ իմ դեպքում Եվրոպական համալսարաններից մեկում տասնյոթ տարվա աշխատանքային պայմանագրով աշխատելն է: Ուսումը պետք է լինի շարունակական և պետք է կատարելագործվել՝ իմ դեպքում դա Լաս Պալմասի համալսարանի ասպիրանտուրան է: Ցանկալի է մասնակցել մի շարք միաջազգային գիտական ծրագրերի, ինչի արդյունքում դառնալ դասագրքի հեղինակ, որով աշխարհի հազարավոր ուսանողներ կարող են սովորել՝ իմ դեպքում դա «Ռուսաց լեզուն իսպանախոսների համար» դասագիրքն է: Միաժամանակ ցանկալի է զբաղվել նաև թարգմանչական աշխատանքով՝ ավելացնելով մասնագիտական հմտությունները: Ահա այսպիսինն է իմ անցած մասնագիտական և աշխատանքային ճանապարհը:

Իսկ երբ ծնվեց մեր փոքրիկը, մենք, ամուսնուս հետ միասին, որոշեցինք, որ ես պետք է ավելի շատ ժամանակ հատկացնեմ իմ ընտանիքին և զբաղվեմ երեխաների դաստիարակությամբ»:

Նախորդ հոդվածը‘Գայանե Բաբայանի անվան առաջին մրցանակը կհանձնվի «Արտ-լաբորատորիային»’
Հաջորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանի «խորհրդավոր» նամակը Սերժ Սարգսյանին’