‘Վենեսուելայի նահանգներից մեկում ապրանքային քարտեր են մտցվում’

797

Վենեսուելայի՝ բնակչության թվով երկրորդ նահանգում՝ Սուլիյայում, եկող շաբաթվանից կփորձարկվեն ապրանքային քարտերը՝ ի պատասխան ամենօրյա գործածման սննդամթերքի և ապրանքների դեֆիցիտի: Նավթով հարուստ Վենեսուելան ներմուծում է սննդամթերքի 70 %-ը: Վերջին շրջանում առանձնապես սուր է զգացվում ամենօրյա օգտագործման այնպիսի մթերքների և ապրանքների պակասը, ինչպիսիք են շաքարը, կաթը, բուսական յուղը, ալյուրը և նույնիսկ զուգարանի թուղթը:

Սուլիյա նահանգի իշխանությունների ներկայացուցչի խոսքերով՝ էլեկտրոնային քարտի վրա կգրանցվի , թե տվյալ անձն ինչ ապրանք է գնել, և վերջինս նույն ապրանքն այլևս չի կարող գնել մեկ այլ խանութից: «Մեկ ընտանիքի համար մեկ անձը կարող է գնել ամենօրյա գործածման 20 անուն ապրանք՝ մեկ շաբաթվա հաշվարկով»,- ասել է իշխանության ներկայացուցիչը: Այս փորձը նախատեսվում է անցկացնել նահանգի մայրաքաղաք Մարակայբոյի 65 սուպերմարկետներում, որտեղից քարտով հնարավոր կլինի ձեռք բերել բրինձ, ալյուր, կարագ, կաթ, զուգարանի թուղթ և ատամի մածուկ:

Ապրիլին Վենեսուելայում ինֆլյացիան հասել է 29,4 %-ի, ներմուծվող սննդամթերքի դեֆիցիտը ամենամեծն է վերջին չորս տարիների կտրվածքով:

Վենեսուելայի իշխանությունները մի շարք ապրանքների անբավարարությունը բացատրում են ընդդիմադիր քաղաքական գործիչների դավադրությամբ և գների սպեկուլյացիայով, հաղորդում է bbc.co.uk-ը:

Նախորդ հոդվածը‘Զ.Փոստանջյանը՝ վարչապետին. «Պատրաստվո՞ւմ եք ներողություն խնդրել ՀՀ հարկատուներից»’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի երիտասարդական հավաքականը պարտվեց Իսլանդիային’