‘Վերաքննիչ դատարանում ընթանում է ՀԱԿ ակտիվիստների բողոքի քննությունը’

1204

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ժամը 12:00–ից ՀՀ վերաքննիչ դատարանում ընթանում է այս տարվա հուլիսի 20–ին առաջին ատյանի դատարանի կողմից երկուսից մինչև վեց տարվա ազատազրկման դատապարտված ՀԱԿ չորս երիտասարդների վերաքննիչ  բողոքի քննությունը:

Նիստն սկսվելուն պես հայտարարվեց 20 րոպեանոց ընդմիջում՝ ամբաստանյալ Սարգիս Գևորգյանի ուշացման պատճառով: 12:20-ին նիստը վերսկսվեց: Տուժող կողմից ոչ ոք չէր ներկայացել, ներկա էր միայն մեղադրող կողմը՝ դատախազը:

Տիգրան Առաքելյանի փաստաբան Վահե Գրիգորյանը, ով համաձայնեց պաշտպանել նաև մյուս ամբաստանյալներին, ընթերցեց Ստեփան Ոսկանյանի վերաքննիչ բողոքում միջնորդությունը բեկանելու՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի հուլիսի 20-ի դատավճիռը, որով դատարանը, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, ՀԱԿ երիտասարդներին դատապարտել էր 2-ից 6 տարվա ազատազրկման: Դատարանի դատավճռով Տիգրան Առաքելյանը մեղավոր էր ճանաչվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր և ոչ վտանգավոր բռնություն գործադրելու և խուլիգանության, Արտակ Կարապետյանը՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու և խուլիգանության մեջ, իսկ Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը՝ խուլիգանության մեջ: 

Բոլորը մեղադրվում են 2011թ. օգոստոսի 9-ին ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպի գործով:

Փաստաբանը ներկայացրեց  նաև վերաքննիչ դատարան բողոք ներկայացնելու հիմքերը, որոնցում մասնավորապես ասվում էր.

— Երիտասարդներին ներկայացված մեղադրանքը կառուցված է միայն ոստիկանության աշխատակիցների ցուցմունքների վրա, որոնք եւ սույն գործով ներգրավված են որպես տուժող և վկա: 

— Միջադեպին ականատես են եղել բազմաթիվ քաղաքացիական անձինք, ովքեր կարող էին գործի հանգամանքների վերաբերյալ արժանահավատ, օբյեկտիվ ցուցմունքներ տալ, սակայն նրանք նախաքննության ընթացքում չեն հարցաքննվել, իսկ նրանցից դատարան ներկայացած Հրանտ Միրիջանյանը դատարանի դահլիճում հայտնել է, որ իր նկատմամբ ոստիկանությունը ֆիզիկական ներգործություն է կատարել ցուցմունքներ կորզելու նպատակով: 

— Ինչպես բերման ենթարկվելիս, այնպես էլ որպես կասկածյալ ձերբակալելու պահին ՀԱԿ ակտիվիստները զրկված են եղել պաշտպան ունենալու իրավունքից: 

— Բերման ենթարկելու, ինչպես նաև որպես կասկածյալ ձերբակալելու վերաբերյալ արձանագրությունները կազմվել են առանց փաստաբանների ներկայության: 

— Փաստաբան Վահե Հովսեփյանի կողմից հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազին` մասնագիտական պարտականություններին խոչընդոտելու և իր նկատմամբ բռնություն կիրառելու փաստի կապակցությամբ, սակայն նշված հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժվել է: 

— Նախաքննության ընթացքում պաշտպանության կողմի միջնորդությամբ որպես վկա հարցաքննվել են միջադեպին ականատես մի շարք անձինք, սակայն վերջիններս այդպես էլ չեն ընդգրկվել դատակոչի ցուցակում: 

— Նախաքննության ընթացքում ճնշում է գործադրվել միջադեպին ականատես այն անձանց վրա, ովքեր որպես վկա ցուցմունք տալու նպատակով տեղափոխվել են ոստիկանության Կենտրոնական բաժին: 

-Դատավարության ընթացքում թույլ են տրվել դատական օրենսգրքի կոպտագույն խախտումներ: Մասնավորապես, դատավորը թույլ չի տվել Սարգիս Գևորգյանին ընթերցել իր հայտարարությունը, ինչի արդյունքում բաց է թողնվել դատական ընթացակարգի ամբողջ մի փուլ: Այդպիսով՝ խախտվել է դատավարության կողմերի հավասարության սկզբունքը:

Նիստը դեևս շարունակվում է:

Նախորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանը պատասխան նամակ է հղել Րաֆֆի Հովհաննիսյանին ‘
Հաջորդ հոդվածը‘Վազգեն Խաչիկյանը ձերբակալված է ‘