‘Վերին Լարսում ստեղծված իրավիճակի մասին ԱԳՆ հայտարարությունը’

1127

ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջում տեղադրվել է հաղորդագրություն, որտեղ ասվում է, որ Վերին Լարս սահմանային անցակետում հայտնված ՀՀ քաղաքացիներին հայ համայնքի ջանքերով մատակարարվել է սնունդ և դեղորայք: Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.

«Ռուսաստանի Վերին Լարս սահմանային անցակետում հայտնված ՀՀ քաղաքացիների վիճակի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից ստացված տեղեկատվության համաձայն բնական աղետի հետևանքով Վրաստան – Ռուսաստան ավտոմայրուղու Վերին Լարս անցակետի մոտ կուտակված ՀՀ քաղաքացիներին տարերքի սկսվելուց ի վեր տեղի հայ համայնքի ջանքերով մատակարարվել է սնունդ և դեղորայք:

Գլխավոր հյուպատոսության կողմից աջակցություն է ցուցաբերվել արտակարգ իրավիճակում հայտնված ՀՀ քաղաքացիների փաստաթղթային խնդիրների լուծման նպատակով:

Չնայած հայկական, ռուսական և վրացական իշխանությունների բազմաթիվ հորդորներին զերծ մնալու Վերին Լարս – Կազբեկի հատվածով երթևեկելուց` վերջին օրերին մի քանի մեքենա ժամանել են հիշյալ հատված և նորից հայտնվել խցանման մեջ:

Մասնավորապես Արմինե Աղագուլյանը (ով երեկ հրապարակավ պնդում էր, թե մի քանի օր է երեխայի հետ բնակվում է անտառներում) իր ամուսնու և քսաներեք ամյա որդու հետ, ինչպես նաև Նաիրա Մխիթարյանը, Ղրիմից և Անապայից համապատասխանաբար, Վերին Լարս անցակետ են ժամանել ս.թ. հունիսի 2-ին, տեղավորվել են տեղի հայ համայնքի փոխնախագահ Վլադիմիր Մանասյանի ամառանոցում:

Հայտնում ենք նաև, որ գլխավոր հյուպատոսության կողմից երկու շաբաթ առաջ կազմակերպվել է «Անի» պարային համույթի ողջ անձնակազմի օդանավով տեղափոխումը Հայաստան:

Ծերերին, կանանց և երեխաներին առաջարկվել է ինքնաթիռով մեկնել Հայաստան` ոչ իրենց հաշվին, սակայն վերջիններս հրաժարվել են:

Հունիսի 6-ին դեպքի վայր է մեկնելու գլխավոր հյուպատոսության խորհրդականը:

Նախորդ հոդվածը‘Տնտեսագետ. Հայաստանը կարող է բախվել էլեկտրաէներգիայի լուրջ դեֆիցիտի’
Հաջորդ հոդվածը‘Տիբեթ. Միջազգային կամպանիա՝ հանուն լայն ինքնավարության’