‘Տնտեսագետ. Հայաստանը կարող է բախվել էլեկտրաէներգիայի լուրջ դեֆիցիտի’

1122

Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների արդիականացման համար անհրաժեշտ են 1.5 մլրդ դոլարի ներդրումներ: Հաշվի առնելով աշխարհում ստեղծվող իրավիճակը նոր միջոցների ներգրավումը կլինի ծայր աստիճան դժվար: Նման կարծիքի է տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը, հունիսի 5-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում մեկնաբանելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգիայի սակագները` 3,8-ից մինչև 4,3 դրամ բարձրացնելու մասին մտադրությունները:

Նշենք, որ նախօրեին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը, իր նախաձեռնությամբ սկսել է էլեկտրաէներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման, ինչպես նաև վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացը: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախնական գնահատմամբ՝ էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ֆինանսական կայունության և սպառողներին հուսալի ու անվտանգ էլեկտրամատակարարման ապահովման նպատակով անհրաժեշտ է շուրջ 20 մլրդ դրամ (առանց ԱԱՀ-ի) լրացուցիչ գումար:

Ինչպես գտնում է տնտեսագետը, Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքները ֆիզիկապես և բարոյապես մաշվել են, և դրանք աշխատանքային տեսքով պահպանելը հսկայական միջոցներ է խժռում: Եղիազարյանը նշել է, որ ավելի վաղ նախատեսվում էր շահագործումից դուրս բերել 1 հազար մեգավատ էներգետիկ հզորությունները, որոնք պետք է փոխարինվեին նոր միջուկային էներգաբլոկի շինարարության հաշվին: Սակայն, արդեն ակնհայտ է, որ այդ նախագիծը չի իրականացվի, իսկ արդյունքում, Հայաստանը կարող է բախվել էլեկտրաէներգիայի լուրջ դեֆիցիտի: Տնտեսագետը նշել է, որ էլեկտրաէներգիայի սակագների 10% թանկացումը չի կարող չանդրադառնալ ինչպես քաղաքացիների սոցիալ-տնտեսական վիճակի, այնպես էլ երկրի ողջ տնտեսության վրա: Սակագների բարձրացումը բացասական ազդեցություն կունենա նաև հայկական ապրանքների մրցունակության վրա, նշել է նա: 

Նախորդ հոդվածը‘Իռլանդիա. Ընդհանուր գերեզմանոցում հանգչում են 800 երեխաների մասունքներ’
Հաջորդ հոդվածը‘Վերին Լարսում ստեղծված իրավիճակի մասին ԱԳՆ հայտարարությունը’