‘Վիկիլիքսն ու ռեժիմի մեծ քիթը’

4275

Իշխանական քարոզչամեքենան օգտագործեց իր բոլոր ռեսուրսները՝ ցույց տալու համար, թե ինչքան «վատն» է ԲՀԿ-ն և ինչ պետք է անել այդ «չարիքի» դեմ պայքարելու համար: Հետևելով Սերժ Սարգսյանի հանձնարարականին՝ տարաբնույթ ու տարասեռ ՀՀԿ-աններ գործի լցվեցին ու մեկը մյուսի ետևից սկսեցին հայհոյել ԲՀԿ առաջնորդին. այն նույն առաջնորդին, ում ոչ վաղ անցյալում նույն այդ մարդիկ բոլոր հնարավոր ու անհնարին միջոցներով քծնում էին: Ու կասկած էլ չկա, որ իշխանափոխությունից հետո նույն այդ մարդիկ կրկին շարունակելու են քծնել ԲՀԿ ղեկավարին՝ ավելի մեծ ուժգնությամբ:

Սակայն ՀՀԿ-ականների բարոյական կերպարը այս պարագայում ինձ քիչ է հետաքրքրում: Խնդրո առարկան ավելի շատ վերաբերվում է ՀՀԿ ղեկավարի հանձնարարականի իրականացմանը, որում առավել աչքի ընկած երիտհանրապետականներից մեկը՝ Արմեն Աշոտյանը, հղում էր անում Վիկիլիքսյան փաստաթղթերին, թե տեսեք՝ նույնիսկ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն էր ժամանակին փաստաթղթեր ուղարկել Պետքարտուղարություն՝ ԲՀԿ առաջնորդի վերաբերյալ:

Ճիշտն ասած, դրեցի ու վերընթերցեցի Արմեն Աշոտյանի մատնանշած՝ Հայաստանին վերաբերվող Վիկիլիքսյան փաստաթղթերը: Բայց արի ու տես, ո՛ր էջը բացում ես՝ կամ Սաշիկի անունն է, կամ Միշիկի, իսկ փաստաթղթերի 90 տոկոսը կազմում են Սերժ Սարգսյանի կատարած հանցագործությունները՝ թե նա ինչպես է ընտրություններ կեղծել, ինչպես է խաղաղ ցուցարարների գնդակահարության հրաման տվել, թե նա ինչպես է կաշառել ոչ «հնազանդ» գեներալներին և այդ ժամանակ ընդդիմությանը, կամ իշխանությանը չմիացած կուսակցություններին, որոնք դեռ տատանվում էին իրենց քայլերում, ինչպես է հանցագործ եղանակով կոալիցիաներ կազմել, ինչպես է սպանություններ կոծկել ու կազինոներում տանուլ տվել երկրի փողերն ու բազմաթիվ նմանատիպ տեղեկություններ:

Իհարկե, կային նաև տեղեկություններ Հայաստանի օլիգարխիայի վերաբերյալ և ի թիվս այլ օլիգարխների նշվում էր նաեւ Գագիկ Ծառուկյանի անունը, սակայն նշվում էր նաև, որ ի տարբերություն մնացածների, ԲՀԿ առաջնորդը փորձում է անկախ գործել և իշխանությունները մտավախություն ունեն, որ նա կդառնա անկախ գործոն, ուստի նրանք ամեն ինչի պատրաստ են, որպեսզի թույլ չտան, որ Ծառուկյանը այդ քայլին դիմի:

Վիկիլիքսում նշված է նաև Սերժ Սարգսյանի կողմից կազմակերպվող հնարավոր շանտաժների մեխանիզմի մասին, ըստ որի՝ նա նպատակ ունի ճնշել անկախ քաղաքական ուժերին, ու նաեւ՝ թե ինչով և ումով է փորձում կոալիցիայի մեջ պահել ԲՀԿ առաջնորդին: Վերջերս իր ունեցած ելույթում Գագիկ Ծառուկյանն էլ հաստատեց, որ Սերժն, իր իշխանությունը պահելու համար, ամեն գնով փորձել է համաձայնությունների գալ իր հետ և ստացել է կտրական մերժում:

Փաստորեն, Վիկիլիքսում հստակ տրված էր Սերժ Սարգսյանի ելույթի տեքստը ու քանի որ ԲՀԿ առաջնորդը չգնաց այդ շանտաժներին ու չգնաց Սերժ Սարգսյանի հետ համագործակցության, նշանակում է՝ նա վստահ է, որ որևէ խնդիր չունի օրենքի հետ ու ինչ էլ, որ իշխանությունները կատարեն, դա կլինի քաղաքական հաշվեհարդարի օրինակ:

Երբ հանրապետականները հղում են անում վիքիլիսյան փաստաթղթերի վրա, ակամայից հիշում ես այն անեկդոտը, երբ մի գյուղում որոշում են Կարմիր Գլխարկը բեմադրել ու Կարմիր Գլխարկի դերի համար իր հավակնությունն է ներկայացնում գյուղի ամենափչացած ու ամենատգեղ աղջիկը: Իսկ երբ այդ «կարմիր գլխարկը» «քասթինգի» ժամանակ հարց է տալիս «տատիկին», թե ինչո՞ւ է նրա քիթը այդքան մեծ, այդ ժամանակ «գայլը» չի դիմանում ու գոռում է. «Հլը գնա հայելու մեջ քո քթին նայի»:

Ասածս այն է, որ մի հատ Վիքիլիքսը ուշադիր ուսումնասիրեք, ջահելներ ջան:

Հ.Գ. Հա, մոռացա ասեմ` փետրվարի 20-ին բոլորս դեպի Ազատության հրապարակ:

Միսակ Մարտինյան

Նախորդ հոդվածը‘Ինչ կանի ԲՀԿ խմբակցությունը, եթե Ծառուկյանին զրկեն մանդատից’
Հաջորդ հոդվածը‘Սիմեոնե. Սխալվեցի մեկնարկային կազմի ընտրության հարցում’