‘Վիրահայոց թեմը Վրաստանի բյուջեից ֆինանսավորում է պահանջում ‘

1409

Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը պահանջում է Վրաստանի բյուջեից գումարներ հատկացնել ոչ միայն Վրաց ուղղափառ եկեղեցուն, այլեւ կրոնական փոքրամասնություններին: Վրաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, այս նախաձեռնությամբ  կառավարության ներկայացուցիչների եւ միջկրոնական խմբի հանդիպման ժամանակ հանդես է եկել Վիրահայոց թեմի առաջնորդի խորհրդական Լեւոն Իսախանյանը:  

«Վրաց ուղղափառ եկեղեցին բյուջեից միջոցներ է ստանում: Մենք ողջունում ենք այդ, բայց ուզում ենք առաջարկել եկեղեցուն ֆինանսավորելու այնպիսի մոդել, որպեսզի այլ կրոնական կազմակերպությունները եւս ֆինանսավորվեն բյուջեից, որպեսզի նրանք կարողանան լուծել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են մշակութային միջոցառումները, եկեղեցիների վերանորոգումը եւ այլն: Դրանով խտրականությունը վերացված կլիներ», — ասել է Իսախանյանը:

Նրա կարծիքով, այլ կրոնական թեմերի ֆինանսավորումը կարող է իրականացվել համամասնորեն՝ հավատացյալների քանակին համապատասխան: «Օրինակի համար, եթե հայոց թեմի հոտը հարկատուների 5 տոկոսն է կազմում, հայոց եկեղեցին պետք է ֆինանսավորվի Վրաց եկեղեցուն հատկացվող գումարի 5 տոկոսի չափով», — նշել է նա:
Առաջարկին ի պատասխան Վրաց եկեղեցու արտաքին կապերի պատասխանատու միտրոպոլիտ Գերասիմը նկատել է, որ պետության տրամադրած գումարները ծառայում են կրթական նպատակների՝ ճեմարանների, գիմնազիայի եւ ակադեմիայի ֆինանսավորմանը, եւ ոչ թե եկեղեցիների վերանորոգմանը:

Հոգեւորականը նշել է, որ նմանապես Վրաց եկեղեցին այլ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում պետք է ունենա այնպիսի իրավական կարգավիչակ, ինչպիսին հայկական եկեղեցին ունի Վրաստանում, բացի դրանից, նա խնդրել է պարզաբանումներ տրամադրել «Վրաստանի տարածքում Հայ առաքելական եկեղեցու ունեցած պահանջների վերաբերյալ»:

Վիրահայոց թեմի ներկայացուցիչն ի պատասխան հերքել է տարածված ապատեղեկատվությունն այն մասին, թե Առաքելական եկեղեցին իբր Վրաստանում 600 եկեղեցի է ուզում ստանալ:

«Մենք պահանջներ ունենք 6 եկեղեցու նկատմամբ, որոնցից 5-ը գտնվում են Թբիլիսիում», — ասել է Լեւոն Իսախանյանը:

Նախորդ հոդվածը‘Ալեքսիս Սանչեսը չորս շաբաթով շարքից դուրս եկավ’
Հաջորդ հոդվածը‘Թբիլիսիի փոխքաղաքապետը բերման է ենթարկվել ‘