‘Վլադիմիր Կարապետյանի ելույթը Ազատության հրապարակում’

1228

Ազատության հրապարակում շարունակվում է Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքը: Քիչ առաջ ելույթ ունեցավ ՀԱԿ քաղխորհրդի անդամ Վլադիմիր Կարապետյանը: Ելույթը ներկայացնում ենք ստորև.

«Սիրելի բարեկամներ,

Ավարտին է մոտենում Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը և ես, որպես դրա մասնակիցներից մեկը, ցանկանում են կիսվել իմ տպավորություններով:

Մեր երիտասարդ ու չափազանց կարող թիմի հետ միասին մտել եմ հարյուրավոր բնակարաններ Նոր Նորք վարչական շրջանում: Կարող եմ ևս մեկ անգամ հաստատել իմ ընկերոջ` Արման Մուսինյանի օրերս արված հայտարարությունը, որ Հանրապետականը չունի ձայներ Երևանում: Գիտակից, ինքնաբավ, մտածող և ինքնուրույն ընտրողը չի կարող ձայն տալ մեկին, ով հայերեն նորմալ խոսալ չգիտի, ունի միջին կարողություններ, բայց մեծ ագահություն:  Այլևս Երևանում բոլորը գիտեն, որ Հանրապետական դրածոն խուսափում է մրցակիցների հետ բանավեճից, կաշկանդվում է լրատվամիջոցներից, պատոլոգիական վախ ունի այն հեռանկարի նկատմամբ, երբ պետք կլինի հաշվետվություն ներկայացնել անհասկանալի ծագում ունեցող միլիոնավոր հարստության համար: Լավ, Հանրապետականում չկա մեկը, որ պատասխանի, թե որտեղից Տարոնին այդ միլիոնավոր հարստությունը: Չկա, որովետև նրանք չեն էլ պատկերացնում, որ կարելի է լինել պաշտոնյա և ազնիվ աշխատել:

Նոր Նորքեցիները, որոնց վերաբերմունքից մեր նկատմամբ ես ավելի քան երախտապարտ եմ, Երևանի մնացած բնակիչների նման գիտեն, որ Հանրապետականը ավելի լավ թեկնածու չունի է’լ և Տարոնը բոլոր իր հատկանիշներով Հանրապետականի իսկական խորհրդանիշն է : Ինձ մոտ այնպիսի տպավություն է, որ Տարոնը հաղթել է Հանրապետական կուսակցությունում անցկացված փրայմերիզը և ճանաչվել է կուսակցության ամենախելացի, ինտելեկտուալ,  խորաթափանց և` ուշադիր`  մաքուր ձեռքերով պաշտոնյան: Ապշում ես, մի թե մեր առաջադեմ քաղաքի, մեր մշակութային օրրանի, մեր դրական ամբիցիաներով լի երիտասարդության մայրաքաղաքի ղեկավար Հանրապետականը առաջարկում է Տարոնի նման մեկին: Սա ինչ է, եթե ոչ ծաղր երևանցու նկատմամբ: Հանրապետականը չունի գաղափարական ձայն, չունի համախոհների բանակ, չունի երդվյալ կողմնակիցներ: Նրանց “ընտրողը” կախման մեջ գտնվողներն են, Նեմեցները, Լֆիկներն ու Տուրբոներն են:

Հաջորդ դիտարկումը, որ արել եմ հանդիպումներից այն է, որ մեր համաքաղաքացիները կարոտ են փոփոխությունների: Չկա և ոչ մի դուռ, որ չուզենա արմատական փոփոխություններ քաղաքում և երկրում առհասարակ: Դեռևս բոլորը չէ, որ համամիտ են մեզ հետ, որ ավագանու ընտրությունները առաջին և շատ կարևոր քայլն են այս ուղղությամբ և մեր թիմի, հրապարակում հավաքվածներիս ուղերձը պետք է լինի մեր համաքաղաքացիներին ակտիվ մասնակցությամբ ապահովել անխուսափելի փոփոխությունները: և դրանք կարող է բերել միայն Հայ Ազգային Կոնգրեսը` ամենահամախմբված և ինտելեկտուալ, ամենավճռական քաղաքական գործոնը Հայաստանում:

Կա ևս մեկ դիտարկում, որ ցանկանում էի կիսվել ձեզ հետ. թերահավատները ու, հատկապես, Հանրապետականի քարոզչության զոհերը հաճախ են նետում, թե ով էլ գա` նույնն է լինելու: Այդ մարդիկ չեն պատկերացնում, որ կարելի է աշխատել առանց կաշառքի, ավելին, կարելի է արմատախիլ անել այդ երևույթը: Մեր նման փոքր պետություններում դա իսկապես հնարավոր է` միայն քաղաքական կամք է պետք: Մեր հարևան Վրաստանի հաջողությունները այս հարցում կարող են ուղեցույց և օրինակ ծառայել մեր համար:

Քաղաքացին գնալով ավելի է համոզվում մի պարզ ճշմարտության մեջ` եթե ուզում ես փոփոխություն` քվեարկիր Հայ Ազգային Կոնգրեսի օգտին: Իմ պատկերացրած քաղաքապետը պետք է լինի ժամանակակից մարդ, համակողմանի զարգացած, արդի մարտահրավերները դիմագրավելու պարտրաստ անձնավորություն: Մի խոսքով` Վահագն Խաչատրյան:

Շնորհակալություն»:

Նախորդ հոդվածը‘Գայանե Ղազարյան. Լինելով ավագանիում՝ Կոնգրեսը կկանխի քաղաքը կործանող որոշումների ընդունումը’
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Բոլոր ոչ իշխանական քաղաքական ուժերը պարտավոր են իրենց ուժերը միավորել’