‘Վլադիմիր Կարապետյան. Բանակցություններն ու իրավիճակի սրումը շփման գոտում’

1882

Առիթ ունեցել ենք անդրադառնալու ԼՂ բանակցային գործընթացում ստեղծված իրադրությանը: Այն տևական ժամանակ փակուղային վիճակում է, տեղի չեն ունենում հանդիպումներ բարձր մակարդակում, հուլիսի 22-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առանձին հանդիպեցին Բրյուսելում գտնվող ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներին: Ակնհայտ է, որ ինչպես Ի. Ալիևը չի ցանկանում հանդիպել Ս. Սարգսյանի հետ, այնպես էլ արդեն Ադրբեջանի ԱԳ նախարարն է ցուցաբերում կամակորություն` Է. Նալբանդյանի հետ հանդիպելու հարցում:

Նման իրավիճակ վաղուց չէր եղել: Հիշեցնենք, որ 2012թ. հունվարին Սոչիում կայացած բանակցություններից հետո միայն մեկ հանդիպում է տեղի ունեցել` անցած տարվա նոյեմբերին` Վիեննայում: Դրանից հետո համանախագահները բազմիցս փորձել են կազմակերպել բարձր մակարդակի բանակցություններ, նույնիսկ դա արել են Ֆրանսիայի նախագահի շուրթերով, երբ վերջինս գարնանը տարածաշրջան այցելության ժամանակ հատուկ հրավիրեց Ֆրանսիայում անցկացնել Ս. Սարգսյանի և Ի.Ալիևի հանդիպում, սակայն` ապարդյուն:

Ուղիղ բանակցությունների բացակայությունը, խաղաղ գործընթացում այս փակուղային վիճակն ունեն շատ որոշակի պատճառներ և հետևանքներ: Վերջիններից են արյունալի բախումները շփման գծում և զոհերի մասին ահագնացող լուրերը:

Քանի որ չենք տիրապետում բանակցային մանրամասներին, փորձենք առկա տեղեկությունների հիման վրա հասկանալ, թե որոնք են ստեղծված իրավիճակի պատճառները:

Ուշադրության արժանի է ՀՀ ԱԳՆ կողմից տարածվող վերջին շրջանի մամուլի հաղորդագրությունների տոնայնությունը: Այսպես.

— Հուլիսի 30, ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ հանդիպում, մեջբերում. «Նախարար Նալբանդյանը հատուկ ներկայացուցչի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում և Հայաստանի հետ սահմանին պարբերաբար իրականացվող սադրիչ գործողություններին: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ Ադրբեջանը շարունակաբար մերժում է վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների՝ հրադադարի ռեժիմի ամրապնդման, դիպուկահարների դուրսբերման, սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից արված առաջարկությունները, իր ապակառուցողական դիրքորոշմամբ խոչընդոտում է բանակցային գործընթացի առաջընթացին»:

— Հատված ԵՄ և Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը ԱԳ նախարարի ելույթից. «Ցավոք, Ադրբեջանը լիովին հակառակն է անում` իր ռազմատենչ և սադրիչ հռետորաբանությամբ, անհանդուրժողականության և ատելության քարոզով, որը Արցախի հետ շփման գծին և Հայաստանի հետ սահմանին հանգեցնում է տարածաշրջանում լարվածության և իրավիճակի սրման»:

— Հուլիսի 22-ին Նալբանդյան-ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ հանդիպման մամուլի հաղորդագրությունը 

աննախադեպ է մեղադրանքների ծավալով և սրությամբ: Նույնիսկ այնպիսի տպավորություն է, թե Է. Նալբանդյանը հանդիպել է համանախագահների հետ ոչ թե բանակցային գործընթացը քննարկելու, այլ պատմելու, թե ինչպես է «Ադրբեջանը իր կոռուպցիոն փորձը տեղափոխում  միջազգային հարթություն»: Այդ նյութի վերջին նախադասությունը զավեշտալի է. «Նալբանդյանը վերահաստատեց, որ Հայաստանը շարունակելու է եռանախագահների հետ համատեղ ջանքերը՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը»: Թերևս Է. Նալբանդյանը ադրբեջանական իր գործընկերոջ հետ բանակցություններին հանդիպելու  հույսը կորցրել է և ակնկալում է, որ ադրբեջանցիների փոխարեն՝ միջնորդներն են կարգավորելու հակամարտությունը:

Վերլուծելով ՀՀ ԱԳՆ մամլո հաղորդագրությունները, ինչպես նաև միջնորդների` ԵԱՀԿ Մինսկի խմբի, ԱՄՆ պետքարտուղարության և ՌԴ ԱԳՆ, իսկ վերջին օրերին նաև ԵՄ, Ֆրանսիայի, Իրանի, Վրաստանի հայտարարությունները՝ կարելի է անել հետևյալ հետևությունները.

— Կողմերը, փաստորեն, մերժեցին Ֆրանսիայի նախագահի հրավերը, որն արվել էր համանախագահների միջնորդությամբ ընթացող բանակցային ձևաչափի շրջանակներում;

— Հուլիսի 22-ի հայտարարությամբ համանախագահները հորդորում են Ս. Սարգսյանին և Ի.Ալիևին այցելել Նյու-Յորք` մասնակցելու սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նիստին, ուր փորձելու են կազմակերպել նրանց հանդիպումը:

— Նյույորքյան հանդիպումն այսօր քիչ հավանական է թվում: Հաշվի առնելով այն, որ Բրյուսելում չհաջողվեց Նալբանդյանին և Ադրբեջանի ԱԳ նախարարին նստեցնել մեկ սեղանի շուրջ` հազիվ թե օգոստոսին համանախագահները մաքոքային այցելություններ իրականացնեն` նախապատրաստելու նյույորքյան հանդիպումը:

— Բանակցային սեղանին չկա փաստաթղթի քիչ թե շատ համաձայնեցված տարբերակ, որն ընդունելի լինի կողմերի համար, և որի շուրջ կողմերը առարկայական բանակցություններ վարեն:

— ՀՀ ԱԳՆ մամլո հաղորդագրությունների համաձայն՝ Ադրբեջանը «իր ապակառուցողական դիրքորոշմամբ խոչընդոտում է բանակցային գործընթացի առաջընթացին», այսինքն՝ չի համաձայնում Մադրիդյան սկզբունքների շուրջ բանակցություններին:

— Նման պայմաններում համանախագահները չեն կարող հանդես չբերել այլընտրանքային առաջարկություններ: Քանի որ հայկական կողմը չի հաղորդում բանակցային իր նոր նախաձեռնությունների մասին, ենթադրաբար՝ հենց պաշտոնական Երևանն է ընդդիմանում նոր առաջարկներին/նախաձեռնություններին: ԼՂ-ից օրերս հնչած գնահատականներն էլ կոչված են ցուցադրելու միջնորդներին, որ Ստեփանակերտը նույնիսկ Մադրիդյանի հետ համաձայն չէ:

— Նախկինում նման իրավիճակներում հենց հայկական կողմն էր նոր առաջարկներ անում`բանակցային ոգին պահպանելու, միջազգային ասպարեզում կառուցողական կեցվածքով հանդես գալու, «այլ մեթոդներով» հարցը կարգավորելու՝ Ադրբեջանի գայթակղությունը զսպելու նպատակով: Այսօր, կարծես, հենց հայկական կողմն է առավել պասիվ դիրքերում, ինչը ստիպում է Ադրբեջանին, իր կողմից իսկ ձևավորած «ներքին ճնշումներին տեղի տալով», առավել մեծ ուշադրություն դարձնել սադրիչ ռազմական գործողություններին:

Այսօր առավել քան անհրաժեշտ է ոչ թե բոլոր առաջարկություններին «нет» ասելով՝ վտանգի տակ դնել մեր երիտասարդ սահմանապահներին և զինվորներին, այլ անհրաժեշտության դեպքում նույն «нет»-ը մտքում ունենալով՝ նոր գաղափարներ, կառուցողական կեցվածք հանդես բերել: Հայաստանը հրապարակային և ակտիվ դիվանագիտությամբ, օգտագործելով բոլոր հարթակներն ու ազդեցիկ լրատվամիջոցները, պետք է փորձի ձևավորել միջազգային հանրության հայանպաստ վերաբերմունք, և այս առումով հենց ՀՀ ԱԳՆ-ն պետք է լինի նախաձեռնողը: Որքան երկարի բանակցային փակուղին` այնքան մեծ է ապակայունացման վտանգը շփման գծում: Այդ վակուումը պետք է լրացվի ոչ միայն Ադրբեջանի հասցեին հերթապահ մեղադրանքներով, այլև Հայաստանի կառուցողական քայլերով, այդ թվում՝ հակամարտության կարգավորման նոր նախաձեռնությունները ի ցույց դնելով: Ասելով նախաձեռնություններ՝ նկատի ունենք դիվանագիտական հարթությունը, որը պետք է ամրապնդվի կանխարգելիչ և ավելի քան համարժեք գործողություններով շփման գծի ողջ երկայքնով:

Վլադիմիր Կարապետյան

Հ.Գ. Հոդվածը պատրաստ էր հրապարակման, երբ ՀՀ վարչապետը ազդարարեց Սարգսյան- Ալիև`Սոչիում կայանալիք հանդիպման մասին: Քիչ հավանական համարելով նման հանդիպման հնարավորությունը՝ հարկ է դրական գնահատել ՌԴ նախաձեռնությունը հենց այս փուլում: Կարծում եմ՝ տեղի կունենան առանձին հանդիպումներ ՌԴ նախագահի հետ, ով, անշուշտ, կփորձի մեկ սեղանի շուրջ նստեցնել Սարգսյանին ու Ալիևին: Ակներև է, որ հնարավոր այդ հանդիպումը չի նախապատրաստվել համանախագահների կողմից, այն զուտ ռուսաստանյան նախաձեռնություն է, որը և կփորձի կողմերից կորզել մանդորֆյան հայտարարության (2008, նոյեմբեր) նման մի բան: Օգտվելով այն հանգամանքից, որ զինադադարը նենգաբար խախտվել է Ադրբեջանի կողմից, Ս. Սարգսյանը գոնե այս անգամ պետք է համարձակություն ու խոհեմություն ցուցաբերի և իր նախորդների օրինակով չդնի իր ստորագրությունը հակամարտության կարգավորմանն առնչվող մի փաստաթղթում, ուր չկա Ղարաբաղի ստորագրությունը:

Վ.Կ.

Նախորդ հոդվածը‘«Մանչեսթր Սիթին» փորձելու է ձեռնոց նետել Եվրոպային’
Հաջորդ հոդվածը‘Պաշտպանական կողմը կբողոքարկի Հրաչյա Հարությունյանի դատավճիռը’