‘Վլադիմիր Կարապետյան. 12 պահանջների ողջ պատասխանատվությունը Ս.Սարգսյանն է կրելու’

1355

Ինչպես կախատեսել էինք նախորդ հոդվածում, քառյակի 12 պահանջները ձևավորեցին ոչ միայն Քառյակի, այլև Հայաստանի առաջիկա ամիսների օրակարգը: Չնայած ՀՀԿ բյուջեից ֆինանսավորվող թերթերի ջանքերին` հնարավորինս նվազեցնել համատեղ այդ քայլի, պահանջների նշանակությունը, իշխանությունները չկարողացան դրանք անտեսել և անցած մեկ շաբաթվա ընթացքում մեկը մյուսի հետևից անվերջ խոսում են ու մեկնաբանում Քառյակի պահանջները:

Կարծես՝ ի՞նչ գործ ունի իշխանությունը ընդդիմության օրակարգի հետ, այն էլ՝ հենց իրենց որպես պահանջ ներկայացված օրակարգի: Իրեն հարգող ցանկացած իշխանություն կկենտրոնանար իր իսկ ծրագրի, և ոչ թե քաղաքական հակառակորդների պահանջների կատարման վրա: Սակայն նրանք չեն կարող անտեսել այն հանգամանքը, որ այդ 12 կետերը, փաստորեն, ժողովրդի պահանջն են, ժողովրդի ձայնը, ու հենց ժողովուրդն էլ շուտով հաշիվ է պահանջելու այդ պահանջները կատարելու վերաբերյալ:

Մի կարևոր հանգամանքի վրա է պետք ուշադրություն դարձնել և գնահատել իշխանության հերթական ժուլիկությունը` Հայ ազգային կոնգրեսին, Քառյակին, իբր՝ համագործակցության դաշտ բերելու փորձերը:

Իշխանության որդեգրած այդ մարտավարության մասին խոսեցին՝ Սերժ Սարգսյանը` Հ1-ին իր հարցազրույցում, ԱԺ նախագահն ու ՀՀԿ խմբակցության ղեկավարը: Երեքն էլ խոսում էին պահանջները ներկայացրած Քառյակի հետ համագործակցության հնարավորության մասին: Իշխանությունը որոշել է, որ այդ պահանջները չեն կարողանալու ամբողջությամբ կատարել և փորձելով լղոզել ձևավորված սև-սպիտակ պատկերը, հիասթափեցնել սեպտեմբերին կայանալիք համապետական հանրահավաքի մասնակիցներին` իրենց խաղերի մաս են ուզում դարձնել Քառյակին:

Վերջինս քաջ գիտակցում է՝ ում հետ գործ ունի. մարտի 1-ի սպանդի կազմակերպչի, մարդասպանների և Հայաստանի նորանկախ պատմության ամենամեծ հանցագործության կազմակերպիչներին պարտակողների, ցեղասպանության հետ համեմատելի արտագաղթի հիմնական պատճառ հանդիսացող  իշխանության հետ: Բոլորս լավ հիշում ենք, որ ՀՀԿ նույն այդ ներկայացուցիչներն էին մեղադրում Կոնգրեսի համակիրներին` տարիներով հարյուրավոր մարդկանց բանտերը լցնելով, ՀՀԿ վերնախավն է հարստահարել մեր ժողովրդին` չքավորության եզրին հասցնելով բնակչության կեսին: Նման որակ ունեցող մարդկանց հետ ո՞վ կգնա համագործակցության:

Հասկանալու համար, թե ինչպիսի անելանելի վիճակում է Սերժ Սարգսյանը, հիշեցնենք, որ այդ համագործակցության առաջարկը նա անում է այն ուժերին, որոնք արդեն իսկ մերժել են ավելի բարձր մակարդակով համագործակցությունը` կոալիցիայի շրջանակներում: Սա պարզապես հուսահատ և անհեռանկար փորձ է իշխանության կողմից, որը դրսևորվեց նաև նրանով, որ Սերժ Սարգսյանը դժկամությամբ ընդունեց այն հանգամանքը, որ իր հետ արդեն խոսում են պահանջի լեզվով:

Սերժ Սարգսյանը մնալու է միայնակ, և 12 պահանջների ողջ պատասխանատվությունը նա է կրելու: Ավելին, նա զգում է, որ հասունանում է մեկ այլ պահանջ` կապված էլեկտրաէներգիայի թանկացման հետ: Այս մեկը անխտիր բոլորին է վերաբերում: Անցած տարվանից մենք արդեն վճարում ենք շուրջ 30 տոկոսով թանկացած սակագնով, հիմա ՀՀԿ-ն նոր հարված է հասցնում ժողովրդին: Կարելի է վստահ լինել, ՀՀԿ-ի այս մարտավարությունը հաջողություն չի ունենալու, և Քառյակին իրենց ծրագրի մաս դարձնելու փորձերը մատնվելու են անհաջողության:

Հ.Գ.  ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի` մութ ու ցուրտ տարիների մասին ԱԺ բարձր ամբիոնից ելույթը ևս մեկ բնորոշ շտրիխ ավելացրեց իշխանությունների իրական կերպարին: 1992-1994 թթ. փառավոր հաղթանակների նմանօրինակ նենգափոխումը ՀՀ ԱԺ փոխխոսնակի կողմից անչափ ուրախացրել է ադրբեջանցիներին, որոնց մնում է վայելել այդ հաղթանակների բերկրանքից շարունակ օգտվող ՀՀԿ վերնախավի վերջ չունեցող բարոյալքումը:

 

Նախորդ հոդվածը‘Վիրահատության կարիք ունեցող 4-ամյա Հայկի մոր բաց նամակը’
Հաջորդ հոդվածը‘Աքսել Ֆիշեր. Մենք չենք կարող մոռանալ Մարտի 1-ը (Տեսանյութ)’