‘Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Սերժ Սարգսյանին’

1453

Հեռախոսազրույց է տեղի ունեցել Վլադիմիր Պուտինի և Սերժ Սարգսյանի միջև: Պուտինը շնորհավորել է Սերժ Սարգսյանին Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Պետությունների ղեկավարները պայմանավորվել են շարունակել անձնական շփումները:

Վլադիմիր Պուտինը նաև շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին: Ռուսաստանի ղեկավարը, մասնավորապես, նշել է, թե ընտրությունների արդյունքները վկայում են բնակչության շրջանում Սարգսյանի մեծ հեղինակության,  նրա ղեկավարությամբ անցկացվող սոցիալ-տնտեսական և արտաքին քաղաքական ուղեգծին ակտիվորեն աջակցելու մասին:

Բացի այդ՝ Ռուսաստանի նախագահը համոզմունք է հայտնել, որ ռուսաստանա-հայաստանյան հարաբերությունները այսուհետ նույնպես կշարունակեն ամրապնդվել համատեղ ջանքերով՝ ի փառս երկու երկրների ժողովուրդների, հաղորդում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը:

Նշենք, որ պաշտոնական տվյալներով Սերժ Սարգսյանը հաղթել է փետրվարի 18-ի նախագահական ընտրություններում՝ ստանալով 58% ձայն: Սակայն, նույն` պաշտոնական տվյալներով, երկրորդ տեղը գրաված թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը, արդեն հայտարարել է, որ ինքն է հաղթել նախագահական ընտրություններում և Սերժ Սարգսյանին ժամանակ է տվել մինչև այսօր ժամը 17:00-ը՝ հանդիպելու և իշխանությունը հանձնելու մեխանիզմները քննարկելու համար:

Ուշագրավ է այն, որ Պուտինը չի սպասել վերջնական արդյունքների հրապարակմանը, եւ Սարգսյանին շնորհավորել է ընդամենը նախնական արդյունքների հրապարակումից հետո: Պուտինից բացի Սարգսյանին` նախնական արդյունքների հրապարակումից հետո շնորհավորել է նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահներից դեռ շնորհավորանքներ չկան: Հիշեցնենք, որ 2008ի ընտրություններից հետո ԱՄՆ-ն այդպես էլ պաշտոնապես չի շնորհավորել Սերժ Սարգսյանին: Իսկ Ֆրանսիայի դեպքում խայտառակ դեպք էր գրանցվել. ՀՀ ԱԳ ներկայիս նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով այն ժամանակ Ֆրանսիայում ՀՀ դեսպանն էր, իր անձնական կապերի միջոցով Ելիսեյան պալատից գողացել էր Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի շնորհավորական ուղերձի սեւագիրը, որը ֆրանսիական կողմը համառորեն չէր հրապարակում եւ սպասում էր հայաստանյան ներքաղաքական զարգացումների հստակեցմանը եւ փաստացի չունենալով ֆրանսիական կողմի թույլտվությունը`հրապարակել էր այն: 

Նախորդ հոդվածը‘Իրանի ՊՆ. Ներկայիս հեգեմոն տերությունները կդադարեն գոյություն ունենալ մինչև 2035 թվականը’
Հաջորդ հոդվածը‘Թունիսի վարչապետը հրաժարական է տվել’