‘Վլ.Կարապետյան. Կրկին հաստատվեց Սերժ Սարգսյանի անպատասխանատու կեցվածքը ‘

2335

iLur.am-ի հարցերին պատասխանում է Հայ ազգային կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը:

-Պարոն Կարապետյան, երեկ «Առավոտում» հրապարակվեց Սերժ Սարգսյանի՝ ութ ամիս առաջ Պրահայում ՀՀ դեսպանատանը կայացած փակ հանդիպման սղագրությունը, որտեղ Սարգսյանը բացահայտ հայտարարում է, որ Մաքսային միությանը ՀՀ անդամակցության որոշումը կայացրել է մեկ գիշերվա ընթացքում, այդ իսկ պատճառով «չի հասցրել հարցնել բոլորի կարծիքը»: Ինչպե՞ս կմեկնաբանեիք այս հայտարարությունը:

-Մամուլում եղան ճշգրիտ մեկնաբանություններ՝ Սերժ Սարգսյանի արտահայտած մտքերի վերաբերյալ: Ավելացնեմ, որ կրկին հաստատվեց իշխանությունների խայտառակ բնույթը, Սերժ Սարգսյանի անպատասխանատու կեցվածքը, որը մեկ գիշերվա ընթացքում Հայաստանի արտաքին քաղաքականության կողմնորոշման կարևորագույն որոշում է կայացրել:

Զարմանալ կարելի է, թե ինչպես է ստացվել, որ այսքան տարի լինելով իշխանության մեջ, ունենալով անթիվ-անհամար խորհրդականներ ու օգնականներ, հնարավորություն ունենալով սովորել և բարձրացնել զբաղեցրած պաշտոններին անհրաժեշտ գիտելիքների պաշարը՝ հնարավոր է նման հրապարակային հանդիպումներում լինել այդքան բոբիկ:

-Կարծում եք՝ նա այդ ոճով զրույցի է բռնվել՝ քանի որ « off record» հանդիպո՞ւմ էր, թե՞ սա նրա՝ առանց թղթի խոսելու սովորական ոճն է:

-Պետք է, անշուշտ, հաշվի առնել, որ Սերժ Սարգսյանը հենց նույն կերպ էլ վարում է բանակցություններ, նույն տնավարի ոճով խոսում Հայաստանին վերաբերող կենսական նշանակության հարցերի վերաբերյալ: Այլ կերպ նա չի էլ կարող՝ բանակցությունների ժամանակ անհարմար էլ կլիներ մշտապես ընթերցել օգնականների ներկայացրած գրավոր տեղեկանքները:

-Ի՞նչ տպավորություն կարելի է ստանալ նման հայտարարություններ անող իշխանություններից:

-Միայն պատկերացնել կարելի է, թե ինչ տրամադրությամբ են դուրս եկել այդ հանդիպումից նրա մասնակցիները: Այսուհետ նրանք որևէ պատրանք չեն ունենա մեր իշխանությունների «հնարավորությունների» վերաբերյալ և առանց սխալվելու հավանակնության՝ հստակ պատկերացում կկազմեն, թե ինչու է Հայաստանը նման աղետալի վիճակում: Որևէ մեկի մոտ նաև  հարցեր չեն առաջանա, թե ինչու հայաստանյան ընդդիմությունը չի կարող սպասել հերթական ընտրական ցիկլին և հարկադրված է կրկին ժողովրդին դուրս բերել փողոց՝ միասին որոշումներ կայացնելու:

Նախորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը արտարժույթի նկատմամբ Երևանի առևտրային բանկերից ‘
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ կոնգրեսական. Միջազգային հանրությունը պետք է համարժեք արձագանքի Դեյր էլ Զորի եկեղեցու պայթեցմանը’