‘Վճռական ելքը մոտիկ է’

3422

Բոլորին պարզ է, որ փետրվարի 20-ի հանրահավաքը շարքային չէ, այլ կարող է ճակատագրական դեր ունենալ Հայաստանի պատմության համար: Դրա օգտին է խոսում նույնիսկ օրվա խորհուրդը՝ փետրվարյան նույն օրերին են սկսվել ե՛ւ Ղարաբաղյան շարժումը, ե՛ւ 2008-ի համաժողովրդական շարժումը: Վերջինս թեեւ չհասավ իր վերջնական նպատակին, սակայն, շնորհիվ դրա` հնարավոր եղավ լրջորեն խառնել իշխանության ծրագրերը, եւ ի վերջո ունեցանք այսօրվա վիճակը, երբ իշխանական նախկին կոալիցիայի երկրորդ խոշոր դերակատարը հնարավորություն ունեցավ բացեիբաց ընդդիմանալ Սերժ Սարգսյանի վարած քաղաքական կուրսին, որը կործանարար է ոչ միայն շարքային քաղաքացիներիս, այլեւ խոշոր բիզնեսի տեսակետից:

Պարզ է նաեւ, որ այսօր դրված է ոչ թե այս կամ այն անձի, այս կամ այն կուսակցության, այլ ողջ հասարակությանը վերաբերող հարց: Ո՞ր ուղղությամբ է զարգանալու մեր երկիրը: Վերածվելու է բացարձակ բռնապետությա՞ն, թե՞ վերջապես կարողանալու ենք հասարակական լայն համախմբմամբ արմատապես նոր իրավիճակ ստեղծել, որտեղ որեւէ նոր իշխանություն պարտական է լինելու հասարակությանը, ստիպված է լինելու հաշվի նստել մեծամասնության կարծիքի հետ:

Սերժ Սարգսյանի ծրագրավորածն, ըստ էության, պետական հեղաշրջում է: Նրա նպատակն է ոչնչացնել ոչ միայն այս պահին եղած ցանկացած քաղաքական ուժի եւ սեփականացնել երկրում եղած բոլոր քիչ թե շատ խոշոր եկամուտները, այլեւ ոչնչացնել ապագայում իսկ` որեւէ լուրջ քաղաքական ու տնտեսական այլընտրանքի հնարավորությունը: Նա ցանկանում է իշխել ցմահ՝ հակառակ ներկա Սահմանադրությամբ ամրագրված արգելքի, որը սահմանափակում է որեւէ մեկի՝ երկիր ղեկավարելու ժամկետը 10 տարով: Դրա համար նա նախաձեռնել է սահմանադրական փոփոխություններ, որոնց միջոցով նախագահի պաշտոնը վերածելու է ձեւականության, իսկ ինքն իշխելու է որպես ԱԺ նախագահ կամ որեւէ այլ միջոցով:

Սեփական իշխանության հավերժացման ծրագրի ճանապարհին նրա թիվ մեկ խոչընդոտն ընդդիմադիր Եռյակն է, որը կտրականապես դեմ է արտահայտվել այդ ծրագրին, եւ չնայած Սերժի կողմից բազմիցս հնչած թափանցիկ առաջարկներին` հրաժարվել է համաձայնել սահմանադրական փոփոխություններին՝ պաշտոնների եւ այլ զիջումների դիմաց: Ավելին, Եռյակի գործունեությունը ստիպեց Սերժին` երկու անգամ հետաձգել իր ծրագրի սկիզբը: Նա այսօր էլ իրեն բավականաչափ վստահ չի զգում ազդարարելու համար սահմանադրական փոփոխություների սկիզբը: Դրա փոխարեն` որոշել է անցնել հակագրոհի: Նա իր հարվածի թիրախն ընտրել է Եռյակի քաղաքական ուժերի առաջնորդներից մեկին, որպեսզի, փորձելով մեկուսացնել նրան, ջախջախի քաղաքական ուժերին առանձին-առանձին, որից հետո էլ իրականացնի իր հիմնական ծրագիրը: Հասարակությանը նա փորձում է խաբել դեմագոգիկ-պոպուլիստական քարոզչությամբ:

Հասարակության ակտիվ արձագանքն ու համախմբումը, զանգվածային հրապարակային մոբիլիզացիան այն հզոր զենքն են, որը կարող է չեզոքացնել Սարգսյանի ծրագիրը: Քաղաքական ուժերն այսօր ունեն բավականաչափ ռեսուրս լուրջ դիմադրություն կազմակերպելու եւ հասնելու համար հայաստանցիների մեծամասնության ցանկությանը՝ Սարգսյանի եւ նրա նեղ խմբի տապալմանը: Պատահական չէ, որ ՀՀԿ առաջնորդը նահանջի տեղ է թողել իրեն՝ չհայտարարելով սահմանադրական փոփոխությունների սկզբի մասին: Պատահական չէ նաեւ, որ որպես մահապարտներ` առաջ է նետել իր ջահելների ոհմակը. սա է նրա զորքը: Տասնյակ հազար մարդկանցով լեցուն, վճռական Հրապարակն իրական պատասխան պետք է լինի Սերժի ծրագրին եւ իր ջահելների դեմագոգիային:

Յուրաքանչյուրս ունենք ընտրության հնարավորություն: Յուրաքանչյուրս պետք է ընտրենք անձամբ մեր շահերից բխող քայլերը՝ չմոռանալով նաեւ երկրի շահը, որը լիովին կզրկվի զարգացման հեռակարից, եթե Սերժ Սարգսյանը հասնի իր՝ ցմահ իշխելու նպատակին: Վճռական ելքը թվում է մոտիկ առավել` քան երբեւէ վերջին տարիների ընթացքում: 

Նախորդ հոդվածը‘ ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 479.25 դրամ/դոլար’
Հաջորդ հոդվածը‘ԶԼՄ-ն տեղեկացել է Ռինատ Ախմետովի հարցաքննության մասին’