‘Վովա Գասպարյան. Նոր ծագող աստղ’

742

Փետրվարի 18- ի նախագահական ընտրություններից հետո, անկախ ԿԸՀ-ի գրանցած արդյունքներից և ընթացիկ իրականությունից, մի բան պարզ դարձավ թե’ հասարակության համար, թե’ իշխանական վերնախավի. Սերժ Սարգսյանը չունի բավարար ռեսուրսներ Սահմանադրական փոփոխությունների շնորհիվ մնալ երրորդ, չորրորդ պաշտոնավարման ժամկետների /այդ թվում` վարչապետի հաստիքում/, ինչպես նաև չի ունենալու անհրաժեշտ ռեսուրսներ` որևէ մեկին սահուն կերպով իրավահաջորդ կարգելու համար` այն մարդկանց շարքից, ում ինքը կուզեր: Ահա այս պայմաններում է, որ իշխանական էլիտայի առանձին գործիչներ` գիտակցված կամ ոչ մինչև վերջ գիտակցված, սկսում են քայլեր կատարել, ինչը կենցաղային քաղաքագիտական լեզվով կոչվում է «սեփական խաղ սկսել»: Ապրիլի 9-ի «աղոթք ուղիղ եթերում» օպերացիայից հետո ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը շահած դուրս եկավ և վաստակեց քարտ բլանշ` ինքնուրույն քայլեր անելու: Բայց այստեղ է, որ ծագում է հիմնական հարցը` ինչի կհանգեցնի դա: Կա երկու ճանապարհ. մնալ ոստիկան-ոստիկանապետ (կամ` դառնալ լավ ոստիկանապետ), և երկրորդ տարբերակը` դառնալ քաղաքական գործիչ-ոստիկանապետ: Պետք է գիտակցել, որ սրանք խիստ տարբեր հասկացություններ են և ենթադրում են տարբեր վերջաբաններ: Եվ սա առաջին հերթին պետք է գիտակցի Վլադիմիր Գասպարյանը:

Երկու Վանոների համախտանիշը

Վլ. Գասպարյանն փորձում է նմանվել իր նախկին ղեկավար, ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանին: Կատարում է քայլեր` փորձելով հաճոյանալ հասարակության տարբեր խավերին, դնում է ձևակերպումներ, որոնք վայել են ուժեղ, ինքնուրույն գործչին, փորձում է երևալ կրթված և հումանիստ: Վլադիմիր Գասպարյանը` Վանո Սիրադեղյանի օրինակով, անընդհատ շեշտում է, որ Հայաստանում չեն կարող լինել գողեր, մաֆիոզներ, կլաններ, որ ինքն է ամենաուժեղ դեմքը: Բայց այստեղ կա մի` շատ կարևոր հանգամանք, որ ինքը Վանո Սիրադեղյանը չէ: Ի՞նչ է սա նշանակում: Առաջին. Վանո Սիրադեղյանը դարձավ ուժեղ ոստիկանապետ` դեռևս չծանրաբեռնված լինելով իր անցյալ կյանքում բազմաթիվ կապերով, պարտավորություններով և կատարած քայլերով, կեղծված ընտրություններով, 1.5 միլիոն մասնակցությամբ ընտրացուցակներով, շրջիկ քվեարկողներով և այլն: Վ. Սիրադեղյանը հեղափոխական ալիքի վրա եկած ոչ ոստիկան-ոստիկանապետ էր, և հետ սառըպատերազմյան շրջանում նման օրինակներ արևելաեվրոպական մի շարք երկրներում եղել են: Եվ ամենակարևորը` ոստիկանապետ Վանո Սիրադեղյանի ղեկավարը` նախագահ Տեր-Պետրոսյանը, խորհրդարանական ընտրությունների ժամանակ անձամբ չի այցելել բոլոր ընտրատարածքներ և հատ-հատ կոչ արել` ձայն տալ տվյալ տարածքի գողին, գողականին կամ «մաֆիոզին»: Սա պետք է հիշել:

Մյուս Վանոն, որին կարծես թե փորձում է ընդօրինակել Վլադիմիր Գասպարյանը, Վրաստանի նախկին ՆԳ նախարար Վանո Մերաբիշվիլին է: Նա Միխայիլ Սահակաշվիլիի ամենավստահելի անձն էր, անողոք պայքար էր մղում ՆԳ և ընդհանրապես պետական համակարգում կոռուպցիայի դեմ, բառիս բուն իմաստով Վ. Մերաբիշվիլու դեմ խաղ չկար երկրում, բայց նա նաև ծայրից ծայր թաթախված էր կոռուպցիոն սխեմաների ու անօրինականությունների շղթայի մեջ: Իսկ այսօր, բոլոր կանխատեսումների համաձայն, երբ ամիսներ անց Սահակաշվիլին դադարի նախագահ լինել, Մերաբիշվիլին անմիջապես հայտնվելու է բանտում: Վրացական նոր իշխանություններն այդ մտադրությունները չեն թաքցնում:

Վլադիմիր Գասպարյանի առաջ ծառացած խնդիրը հեշտերից չէ: Նա Ալիկ Սարգսյանը չէ, որին որևէ մեկը լուրջ չի վերաբերվում, բայց նա, ում լուրջն են վերաբերվում, կրում է կրկնակի պատասխանատվություն: Շատ դժվար է գտնել երկու Վանոների միջինը, մանավանդ որ դա մեծ հաշվով հնարավոր չէ: Վլադիմիր Գասպարյանը կարող է գնալ ոստիկան-ոստիկանապետ դառնալու ճանապարհով: Սա նշանակում է` փորձել աստիճանաբար տարանջատվել այսօրվա այլասերված բարքերից ու խաղի կանոններից` մնալով բացառապես ոստիկանի պարտականությունների սահմաններում, առաջիկա տարիներին անել քայլեր, որոնք կբարձրացնեն նրա հեղինակությունը հասարակության մեջ և պետական համակարգում, իսկ վերջում` օգտագործելով լավ ոստիկանապետի ռեսուրսը, ապահովել խաղաղ իշխանափոխություն և նոր քաղաքական իշխանության հետ ձեռք բերել արժանապատիվ պայմանավորվածություն` կատարած աշխատանքին և վաստակին համապատասխան: Մյուս տարբերակը, ինչպես վերը նշել ենք, քաղաքական գործիչ-ոստիկանապետն է: Սրա գայթակղությունը շատ մեծ է, մանավանդ` այսօր, բայց սա նաև անխուսափելիորեն հանգեցնելու է ոչ լավ ճակատագրի: Ի՞նչ է նշանակում քաղաքական գործիչ-ոստիկանապետ: Վլադիմիր Գասպարյանը կարող է փորձել դառնալ քաղաքական, լրատվական համակարգի «տերերից» մեկը: Ապրիլի 9-ին նա, իհարկե, լուրջ միավորներ հավաքեց` խաղալով  Րաֆֆի Հովհաննիսյանի անմեղսունակության վրա: Հիմա կարող է մեծ լինել գայթակղությունը Գասպարյանի մոտ` շարունակելու քաղաքական դիվիդենտներ հավաքել մյուս քաղաքական ուժերի և անհատների հաշվին: Մասնավորապես` Կոնգրեսի, ԲՀԿ-ի և Դաշնակցության: Առաջին երկուսի նկատմամբ նման թեթև փորձեր արդեն իսկ արվել են: Նրան այս գործում կարող է խրախուսել նաև Սերժ Սարգսյանը: Ահա այստեղ է, որ Վլադիմիր Գասպարյանը պետք է հասկանա, թե ինչ կարող է սպառնալ իրեն: Շատ արագ քաղաքական ողջ դաշտը կկոնսոլիդացվի իր դեմ՝ եւ Կոնգրեսի, եւ ԲՀԿ-ի եւ Դաշնակցության, քաղաքացիական հասարակության, անկախ լրատվամիջոցների, ինչպես նաև` պետական համակարգի մի հատվածի ճնշումը կդառնա այն աստիճան ուժեղ, որ շատ կարճ ժամանակում Վլադիմիր Գասպարյանը կտրուկ կհեղինակազրկվի, կթուլանա և մի օր էլ Սերժ Սարգսյանը կասի` Վովա ջան, ինքդ ես տեսնում, որ ժողովուրդը քեզ չի ուզում:

Ով-ով, բայց Վլադիմիր Գասպարյանը իննսունականներից պետական համակարգում է, և շատ լավ գիտի, որ մեկի դեմ քաղաքական կոնսոլիդացիայի պարագայում միշտ պարտվող է դուրս գալիս այդ մեկը:

Ամփոփում

Րաֆֆի Հովհաննիսյանին մատների վրա ֆռռացնելուց հետո Վլադիմիր Գասպարյանը ինքնուրույն ազատորեն որոշումներ սկսեց կայացնել: Բայց սա անվերջ չի կարող շարունակվել: Այդպես շարունակվելու համար նրան նոր Րաֆֆի Հովհաննիսյաններ են պետք, այսինքն` նոր ռեսուրս` ուժեղանալու: Եթե նա գնաց քաղաքական համակարգի մյուս դեմքերի հետ առճակատման ճանապարհով` Րաֆֆու օրինակն աչքի առաջ ունենալով, ապա, ինչպես ասացինք, նրա վախճանը լինելու է խիստ կանխատեսելի: Եթե Գասպարյանը գնաց լավ ոստիկան-ոստիկանապետ դառնալու ճանապարհով, ապա որոշ ժամանակ անց դա նույնպես դուր չի գա Սերժ Սարգսյանին, քանի որ այդ ընթացքում Գասպարյանի կշիռը կբարձրանա, իսկ Սերժ Սարգսյանին, հատկապես` առաջիկա տարիներին, կշիռ ունեցող մարդ իր համակարգում պետք չէ: Բայց այս ամենը չի նշանակում, որ չկա երրորդ և լավագույն տարբերակը: Վլադիմիր Գասպարյանը պիտի փորձի ընդամենը դառնալ լավ ոստիկան-ոստիկանապետ:

Արմեն Մկրտչյան

Նախորդ հոդվածը‘ILur.am-ը ամեն ինչ անելու է Աշոտ Պապայանին քրեական պատասխանատվության ենթարկելու համար’
Հաջորդ հոդվածը‘Միրչա Լուչեսկու. Մխիթարյանի տրանսֆերային արժեքն այնքան չէ, որքան նշում են’