‘Վրաստանի կառավարությունը կկրճատի Սաակաշվիլիի թիկնազորը’

805

Վրաստանի խորհրդարանը մինչև Նոր տարի պետական պահպանության ծառայությունը նախագահի վարչակազմի ենթակայությունից կտեղափոխի կառավարության ենթակայության տակ, ինչը փոփոխություններ կմտցնի Միխեիլ Սաակաշվիլիի թիկնազորի կազմում, ВЗГЛЯД-ի թբիլիսյան թղթակցի փոխանցմամբ՝ ուրբաթ օրը հայտարարել է կառավարության խորհրդարանական քարտուղար Շալվա Թադումաձեն: Ըստ Թադումաձեի՝ այդ ծառայությունն այժմ ունի գրեթե 1800 աշխատակից, և դրա 70 %-ն ապահովում է նախագահի պահպանությունը: «Դա անհամաչափ է անվտանգության սպառնալիքներին ու նաև՝ ֆինանսական տեսակետից,-նշել է նա ու հավելել,- Սաակաշվիլին թիկնազոր կունենա, սակայն մասնագետները կասեն, թե որքան է անհրաժեշտ»:«Մաեստրո» հեռուստատեսության ուղիղ եթերից Թադումաձեն հայտարարել է, որ Սաակաշվիլին «ցավագին» կընդունի այդ փոփոխությունները: «Նրա շարասյան մեջ այժմ 10 ջիփ կա, դա ոչ միայն թիկնազոր է՝ դա ուժի ցուցադրություն է: Նրա թիկնազորը շատ ավելի մեծ է, քան անհրաժեշտ է նման քաղաքական իրադրության մեջ գտնվող երկրին»: Նա նաև հաստատել է, որ նախկինում Սաակաշվիլին օգտվում էր երկու ինքնաթիռներից, իսկ այժմ՝ միայն մեկից, քանի որ պաշտպանության նախարարությունը հրաժարվել է հոգալ երկրորդի մասին:

Հինգշաբթի մամլո ասուլիսում Սաակաշվիլին հայտարարել էր, որ պետական պահպանության ծառայության անցկացումը կառավարության ենթակայության տակ՝ իրեն չի մտահոգում: «Խնդիր չկա, հենց նույն պահին կարձակեմ անձնական թիկնազորս, կհանեմ նախագահական նստավայրի պահպանությունը, ես ոչնչից չեմ վախենում: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորս տարի է՝ սպառնում է վերացնել ինձ՝ չեմ վախենում: Սրանցից էլ չեմ վախենա, ինձ զրահապատ մեքենաներ, ինքնաթիռներ և ուղղաթիռներ  պետք չեն, վերցրե՛ք»,-ասել է նա:

2013 թ. բյուջեով պետական պահպանության ծառայության համար նախատեսված է 47 միլիոն լարի (28 միլիոն դոլար):

Նախորդ հոդվածը‘Խոշոր ավտովթար Երևան-Վանաձոր ճանապարհին. Բախվել են 30-ից ավելի ավտոմեքենաներ ‘
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Լևոն Տեր-Պետրոսյանը կմասնակցի ՀՀՇ համագումարին’