‘Վրաստանի նախագահի և վարչապետի փոխհարաբերությունները լրջորեն վատթարացել են’

1070

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին սեպտեմբերի 15-ին լրագրողներին հայտնել է, որ չէր սպասում, թե այդքան կվատանան հարաբերությունները նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ:

«Այն, ինչ տեղի է ունենում վերջերս, վշտացնում է ինձ: Հարաբերությունների նման վատթարացում ես, ինչպես նաև իմ նախորդը՝ Բիձինա Իվանիշվիլին, չէինք սպասում»,- ասել է վարչապետը: Այնուհանդերձ, նրա կարծիքով՝ եթե յուրաքանչյուրն իր գործն անի և առնվազն չխանգարի մյուսին, ամեն ինչ կկարգավորվի:

«Մենք չպետք է խառնվենք մեկս մյուսիս գործերին: Եթե միջամտենք, կոնֆլիկտ կառաջանա»,- շեշտել է Ղարիբաշվիլին:

Վրաստանի ղեկավարների միջև տարաձայնությունները սկիզբ առան նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի՝ ԱՄՆ կատարելիք այցի շուրջ, որը, նախագահի ասելով՝ ձախողվեց: «Այցը, փաստորեն, տապալվեց, և դա կառավարության ջանքերի արդյունքն էր, քանի որ տապալվեցին նախատեսված հանդիպումները»,- նշել է նախագահը: Նա հրաժարվել է տալ այն մարդկանց անունները, ովքեր տապալել են իր այցը Նյու Յորք, որտեղ  անցկացվող՝ կլիմայի վերաբերյալ գագաթնաժողովին մասնակցելու հրավեր էր ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: Մինչդեռ կառավարությունը պնդել էր, որ Մարգվելաշվիլիի այցը չկայանա, քանի որ ՄԱԿ ԳԱ նստաշրջանին մասնակցելու համար Նյու Յորք պետք է մեկներ մեկ պատվիրակություն, որը գլխավորում էր վարչապետ Ղարիբաշվիլին: Փոխանցում է trend-ը:

Նախորդ հոդվածը‘Փարիզում ձերբակալվել է խոշոր խաղատան սեփականատերը՝ Նիկոլա Սարկոզիի մտերիմը’
Հաջորդ հոդվածը‘Քեմերոնը շոտլանդացիներին ցավոտ ապահարզան է խոստանում’