Վրաստանի վարչապետ․ Այդ ցույցերը Սաակաշվիլիի շահերից էին բխում

666

Թբիլիսիում ԼԳԲՏ հանրության հակառակորդների հանրահավաքում տեղի ունեցած անկարգությունները, որոնք հուլիսի 5-ին վերաճեցին լրագրողների ծեծուջարդի և հասարական կազմակերպությունների գրասենյակների ավերածությունների, բխում էին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի շահերից, երկուշաբթի այսպիսի կարծիք է հայտնել երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Այստեղ հարցեր են տալիս, թե ինչ կապ կա ԼԳԲՏ հանրության կազմակերպած միջոցառման և Սաակաշվիլիի միջև։ Այդ միջոցառման կազմակերպիչներից մեկը «Ամո՛թ է» կազմակերպությունն էր (ԼԳԲՏ-ին աջակցող), որն ամբողջությամբ կառավարվում է Սաակաշվիլիի կազմակերպությունների կողմից։ Դա հաստատված փաստ է, բարեկամներ»,- ասել է Ղարիբաշվիլին։ Այդ ենթատեքստում նա եզրակացրել է, որ ԼԳԲՏ հանրահավաքի ակտիվ կազմակերպման միջոցով նախկին նախագահի կազմակերպությունները միտումնավոր կերպով սադրել են այդ միջոցառման հակառակորդներին։

«Բռնության փաստերը ո՛չ կառավարության, ո՛չ էլ եկեղեցու շահերից չէին բխում։ Համապատասխանաբար՝ մենք պետք է ասենք, որ դրանք բխում էին մեկ մարդու՝ Սաակաշվիլիի և նրա ռևանշիստական քաղաքական խմբի շահերից։ Իհարկե, շատ հանգիստ կարելի է պնդել, որ դա բխում էր նաև Ռուսաստանի շահերից»,- հավելել է վարչապետը։

Նա նաև նշել է, որ անկարգությունների գլխավոր նպատակը եվրոպական արժեքների վարկաբեկումն էր և վրացական հանրության պառակտումը։ Ղարիբաշվիլին հուլիսի 5-ի դեպքերն անվանել է «պետության դեմ հերթական անհաջող դավադրությունը», որ կազմակերպել են հակապետական և հակաեկեղեցական ուժերը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՀՀ ԱՆ. 103 նոր դեպք, 71 առողջացած, 2 մահ
Հաջորդ հոդվածըԲաքվում հայ ռազմագերիների նկատմամբ դատավարությունը հետաձգվել է. «Արմենպրես»