Վրաստանում ակնկալում են, որ Զելենսկին և Սանդուն ներողություն կխնդրեն

192

Վրաստանի իշխանությունները ներողություն են ակնկալում Ուկրաինայի և Մոլդովայի նախագահներ Վլադիմիր Զելենսկուց և Մայա Սանդուից, ինչպես նաև մի քանի եվրոպական երկրներից, որոնք բազմիցս նրանց մեղադրել են, իբր, բանտում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ ոչ պատշաճ վարվելակերպի համար։

Այդ մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի ղեկավար Շալվա Պապուաշվիլին Վրաստանի Հանրային հեռուստատեսության առաջին ալիքին տված հարցազրույցում։

Եվրոպայի խորհրդի՝ խոշտանգումները կամ անմարդկային և արժանապատվությունը վիրավորող վերաբերմունքի հարցերով եվրոպական հանձնաժողովը հինգշաբթի զեկույց է հրապարակել, որտեղ նշվել է, որ Թբիլիսիի մասնավոր «Վիվամեդ» հիվանդանոցում Սաակաշվիլիի պահման պայմանները բավարար են։

«Այսօր մենք իմացանք, որ նախագահ Զելենսկին ստել է, երբ Վրաստանին մեղադրել է Սաակաշվիլիին խոշտանգելու մեջ, ստել է նաև նախագահ Սանդուն, երբ Վրաստանին նույն մեղադրանքն է ներկայացրել։ Մենք իմացանք, որ եվրախորհրդարանականները նույնպես ստում են՝ խոշտանգումների մեջ մեղադրելով Վրաստանին։ Այսօր մենք իմացանք, որ արևմտյան շատ քաղաքական գործիչներ խայտառակվեցին Վրաստանի և վրաց ժողովրդի առաջ, քանի որ իզուր են մեղադրել Վրաստանին Սաակաշվիլիին կտտանքների ենթարկելու համար։ Մենք իմացանք այդ մասին և սպասում ենք, որ այդ մարդիկ ներողություն խնդրեն, թեպետ դա երբեմն ամենաքիչ ակնկալվող բանն է»,- ասել է Պապուաշվիլին։

Նախորդ հոդվածըՆիքի Հեյլին խոստացել է ընտրություններում հաղթելու դեպքում ներում շնորհել Թրամփին
Հաջորդ հոդվածըԹրամփը պարծեցել է, որ լավ հարաբերություններ ունի Պուտինի և Սի Ձինպինի հետ