‘Վ.Կարապետյան. Դիտարկումներ Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի մասին’

1588

Մութ անցյալ և խճճված ներկա

Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի փետրվարի 5-6-ին կայացած նիստը ցույց տվեց, թե Սերժ Սարգսյանն ինչպիսի ցածր մակարդակի է հասցրել ԵՄ-ի հետ մեր համագործակցությունը: Հայաստան-Թուրքիա հարաբերությունների, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացների օրինակով` հիմա էլ ՀՀ արտաքին քաղաքականության հերթական առաջնայնություն համարվող համագործակցությունը ԵՄ-ի հետ` փակուղային վիճակում է: Համատեղ փաստաթուղթ ստորագրելու հայկական կողմի անկարողությունն էլ ավելի է բազմապատկելու ԵՄ և Եվրոպական խորհրդարանի պատգամավորների անվստահությունը Հայաստանի իշխանությունների նկատմամբ, մղելով Սերժ Սարգսյանին այլընտրանքների որոնման:  Հիշելով զարգացման եվրոպական ուղին որդեգրելու վերաբերյալ ՀՀ իշխանությունների բազմաթիվ հավաստիացումները, որոնք արվել են նաև եվրոպացիների հետ անխտիր բոլոր երկկողմ հանդիպումների ընթացքում, պարզ կդառնա մեր եվրոպական գործընկերների հիասթափության աստիճանը:

Ռազմավարական հարցերում ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակությունը կորցնող ՀՀ իշխանությունները փորձում են Հանձնաժողովի կողմից փաստաթղթի չընդունումը կապել ԼՂ-ի վերաբերյալ ինչ-ինչ ձևակերպումների հետ: Ուսումնասիրելով եվրոպական կողմի առաջարկները, կարելի է հանգել այն եզրակացության, որ իրական պատճառն այլ տեղ է և որևէ կապ չունի ԼՂ հակամարտությանը վերաբերող ՙոչ հայանպաստ» ձևակերպումների հետ: Որպես այդպիսին` բերվում է ԵԽ առաջարկած փաստաթղթում առկա ՙձգձգվող» բառը, սակայն պարզ է, որ եթե 2012 թ. նոյեմբերին նույն հանձնաժողովը համաձայնել է հետևյալ ձևակերպման հետ` «համոզմունք է հայտնում, որ չի կարող որեւէ այլընտրանք լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, ափսոսանք է հայտնում բանակցային գործընթացում առաջընթացի բացակայության առթիվ եւ ընդգծում է առկա ստատուս քվոյի շրջանակներից այն կողմ` դեպի անվտանգ ու բարգավաճ ապագայի կառուցում ընթանալու կարեւորությունը» (հոդված 16), ապա այդ «ձգձգվող» բառն ավելի վտանգավոր չէ: Բացի այդ, հայկական պատվիրակության որոշ անդամներ պնդել են, որ ԵԽ պատգամավորները պատրաստ էին ընդառաջելու մեր խնդրանքին՝ ՙձգձգվող» բառը հանելու համար:

Համատեղ փաստաթուղթ չստորագրելու հայկական պատվիրակության ղեկավարի հիշատակած պատճառները հիմնազուրկ են` հաշվի առնելով պատվիրակության համաձայնությունն շատ ավելի վտանգավոր այլ ձևակերպումների` 2012 թ. ընդունված Համատեղ հայտարարությունում:

Այսպես. Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի Համատեղ հայտարարության 17-րդ հոդվածում նշված է, որ կողմերը վերահաստատում են աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին, ինչպես նաեւ մադրիդյան սկզբունքների փաթեթին, առանց բացառության, որոնք ներկայացվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահների կողմից` իրենց 2009 թ. Լաքվիլայի եւ 2010 թ. Մուսկոկայի համատեղ հայտարարություններում…  

Հասկանալու համար, թե ինչին է համաձայն ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը` մեջբերենք հատված Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների 2010 թ. Մուսկոկայի համատեղ հայտարարությունից. «We welcome as a significant step the recognition by both sides that a lasting settlement must be based upon the Helsinki Principles and the elements that we proposed in connection with our statement at the L’Aquila Summit of the Eight on July 10, 2009, relating to: the return of the occupied territories surrounding Nagorno-Karabakh, interim status for Nagorno-Karabakh guaranteeing security and self-governance, a corridor linking Armenia to Nagorno-Karabakh; final status of Nagorno-Karabakh to be determined in the future by a legally-binding expression of will, the right of all internally-displaced persons and refugees to return, and international security guarantees, including a peacekeeping operation».

Այսինքն, հայկական խորհրդարանական պատվիրակությունը համաձայնել է «բռնազավթած տարածքներ» ձևակերպման հետ: Համեմատենք «ձգձգվող» անմեղ բառի հետ ու կհասկանանք, թե ինչպես է ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարը ցանկանում հասարակությանը ապակողմնորոշել: Կրկնենք. Սա այդ նույն հանձնաժողովն է, որը «վերահաստատել է իր աջակցությունը» Մուսկոկայի հայտարարությանը, երբ այնտեղ ոչ միայն աղավաղվում է հակամարտության էությունը, այլև պարտադրանք կա Հայաստանին վերադարձնել «բռնազավթած տարածքները»: Ընթերցողին երկար պետք չէ բացատրել, թե որ երկրի ջրաղացին է ջուր լցրել այդ հայտարարությունը: Հանձնաժողովից պարզաբանումներ ստանալուց հետո կանդրադառնանք նաև նույն 17-րդ հոդվածի մեկ այլ ձևակերպմանը, որով հավանություն է հայտնվում մադրիդյան սկզբունքների փաթեթին, առանց բացառության:

Այսքանից հետո բոլորին, այդ թվում` մեր եվրոպական գործընկերներին պետք է պարզ լինի, որ ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարի այն հիմնավորումները, թե իբր` ԼՂ-ի վերաբերյալ ինչ-ինչ ձևակերպումների պատճառով չի ստորագրվել համատեղ հայտարարությունը, ինքնուրույն որոշում կայացնելու անկարողությունը թաքցնելու փորձեր են` Եվրոպական խորհրդարանի հետ որևէ փաստաթուղթ ստորագրելու վերաբերյալ: Սա այն նույն հանձնաժողովն է, որը համաձայնել է «բռնազավթած տարածքներն Ադրբեջանին վերադարձնելու»  ձևակերպում պարունակող հայտարարությանը:

Նախորդ հոդվածը‘Ագրարայինը «հայկուլիկները» չեն. թռուցիկներ բուհի լսարաններում. Ֆոտոշարք ‘
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի պոչամբարները դանդաղ գործողության ականի են նման ‘