‘Վ. Օսկանյան. «Մայիսի 5-ին ընտրելու ենք ոչ թե «աղբահանողի», այլ Երեւանի վարչապետին»’

1294

«Կորչի՛ կեղծարարների բանդան: Մենք կարող ենք հաղթել միայն միասնաբար՝ քվեարկությանը մասնակցելու միջոցով»,- Ազատության հրապարակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Նա խոստացավ, որ ԲՀԿ հաղթանակի դեպքում «Երեւանը վերադարձվելու է իր իրական տերերին,  Հայաստանը՝  հայաստանցուն: «Մենք սկսելու ենք նոր Հայաստանը կերտել, միասնաբար», — ասաց տիկին Զոհրաբյանը:

ԲՀԿ նախընտրական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Գուրգեն Արսենյանն, իր հերթին, խոսելով երկրի առաջ ծառացած խնդիրների մասին, հիշեցրեց, որ դեռեւս տասը տարի առաջ զգուշացրել է՝ արտագաղթը մեր համար մեկ խնդիրն է դառնալու: «Այսօր ունենք այն, ինչ ունենք: Մեր լավագույն ներկայացուցիչները լքում են մեր երկիրը: Չկան մարդիկ, չկա երկիր: Ասորեստանի նման հզոր երկիրն այսօր չկա՝ Սիրիա է կոչվում, որովհետեւ չկան ասորիները», — ասաց Գուրգեն Արսենյանը՝ կոչ անելով համակարգի դեմ համակարգված պայքարի միջոցով, քվեարկության միջոցով փոխել գոյություն ունեցող վիճակը:  

«Ամեն մարդ, ով իր քվեարկությամբ ամսի հինգին քվեարկում է իշխող կուսակցության օգտին, ստորագրում է, որ համաձայն է արտագաղթի հետ, որ համաձայն է աղքատության հետ, համաձայն է գործազրկության, կաշառակերության հետ: Մենք դրա հետ համաձայն չենք», — հայտարարեց Արսենյանը:

Իսկ ԲՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը նշեց, որ Հայաստանի առաջընթացի գլխավոր խոչընդոտը ոչ թե տնտեսական մենաշնորհները, կոռուպցիան կամ այլ արատավոր երեւույթներն են, այլ այդ ամենի հիմնական «հարուցիչը», ըստ նախկին ԱԳ նախարարի, քաղաքական մենաշնորհն է:

«Միայն այդ մենաշնորհը վերացնելու պայմաններում մենք հնարավություն կունենանք լուծում տալու այդ չարիքներին, որոնք խանգարում են առաջ գնալու մեզ», — ասաց Վարդան Օսկանյանը:

Նա նշեց նաեւ, որ մայիսի հինգին երեւանցիները ոչ թե աղբահանող են ընտրելու (ինչպես վերջերս հայտարարել էր ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը-խմբ), այլ՝ Երեւանի վարչապետին, որը կարող է ինքնուրույն տնտեսական քաղաքականության շնորհիվ հակակշիռ լինել Կառավարության վարած ձախող քաղաքականությանը:

«Երեւանի անկախ, ոչ իշխանական քաղաքապետը կարող է Երեւանը դարձնել թելադրող, ոչ թե կատարող: ԲՀԿ-ն այնպես է անելու, որ կենցաղային խնդիրները լուծելու ճանապարհով հնարավոր լինի լուծել համապետական տնտեսական խնդիրները», — նշեց ԲՀԿ թեկնածուն: 

Նախորդ հոդվածը‘Միրչա Լուչեսկու. Մենք Մխիթարյանին չենք տա «Յուվենտուսին»’
Հաջորդ հոդվածը‘Գագիկ Ծառուկյանը հորդորում է մոռանալ արտագաղթի ճամփան. Տեսանյութ’