‘Տաշիրի Կարենի նախագահական երազները՝ քնած եւ արթմնի ‘

1894

Հասարակության շրջանում աստիճանաբար հասունանում է այն միտքը, թե այս իշխանությունները չեն կարողանալու ձգել մինչև հերթական ընտրությունները: Տնտեսական ահագնացող խնդիրները, ռուսական գազի գնի աննախադեպ բարձրացումը, գյուղին հասցված  միլիարդների վնասները երկրում ստեղծում եմ ամենօրյա լարվածության օջախներ, որոնք ամեն պահի կարող են վերածվել զանգվածային հուզումների:

Իշխանությունները  օբյեկտիվ խնդիրները լուծելու անկարողությունը փորձում են փոխհատուցել ինտրիգային  մեքենայություններով: Մասնավորապես, հաշվի առնելով տարբեր գործիչների թույլ տեղերը `  նրանց հրավիրում են մտերմիկ զրույցի և հավաստիացնում, որ Ս. Սարգսյանը հենց նրանց է տեսնում որպես հիմնական թեկնածու` 2018- ին: Սրանք էլ, փոխանակ պատասխանեն , թե մինչև 2018 թվականը դեռ մնա՛լ է պետք, դեմքի լուրջ արտահայտությամբ ընդունում են առաջարկը:

«Ռուսական կայսրության թագը» հայտնի ֆիլմի մոտիվներով՝ առաջինը՝ որպես հաջորդ նախագահ, իրեն սկսել է տեսնել Տաշիրի Կարենը:  Կարեն Կարապետյանը, իր չբավարարված փառասիրությունը շոյված համարելով՝ սկսել է իր մտերիմերի շրջանում նախագահական արշավ վարել:

Քաղաքական մտածողությամբ և ինտելեկտով երբեք աչքի չընկած Կարենը  չի պատկերացնում, թե այդպես շարունակելու դեպքում ինչ ծիծաղելի վիճակում է հայտնվելու:

Նա ժամանակին աշխատել է Ս. Սարգսյանի աշխատակազմի ղեկավար, և ով` ով, բայց նա պետք է, որ իմանար Ս. Սարգսյանի բնավորության գծերը: Եվ  նա պետք է հասկանար, որ հենց դիրքերը մի փոքր ամրանան,  Ս. Սարգսյանը առաջինն իրեն է պատժելու` սեփական աթոռի վրա, նույնիսկ տեսականորեն, հավակնություններ ունենալու համար:

Իսկ առայժմ Տաշիրի Կարենը փորձում է ամրապնդել  իր կապերը ԶԼՄ-ների և կիսաընդդիմադիր  ու կեղծ ընդդիմադիր շրջանակների հետ:  Զուտ հումանիստական նկատառումներից ելնելով՝ պետք է արձանագրենք, որ ափսոս էր Տաշիրի Կարենը: Մարդն իր համար ապրում էր , կոստյում էր հագնում, փողկապ կապում, նույնիսկ իր ազդեցության տակ գտնվող մեկ-երկու պատգամավոր ուներ, ժամանակ առ ժամանակ էլ քծնում էր Սերժ Սարգսյանին, իսկ դա նշանակում էր, որ հեռուստացույցով իրեն ցույց էին տալիս: Նույնիսկ ասում են, դեպք է եղել, երբ հերթական քեֆի ժամանակ խմել են Տաշիրի Կարենի կենացը: Սա Կարենի կալիբրի մարդկանց համար միանգամայն բավական էր` այնպես, ինչպես Շուրա Բալագանովին էր երջանկության համար մի փոքր, շատ փոքր գումար պահանջվում: Բայց հիմա այս մարդուն սադիստական նկատառումներով ներքաշել են մեծ խաղերի մեջ: Սա այն դեպքն է, երբ, դասական ձևակերպմամբ՝ փչացվողի փրկությունը հենց իր` փչացվողի գործն է:

Արշակ Սարդարյան

 

Նախորդ հոդվածը‘Չեմպիոնների լիգա. «Շիրակի» մրցակիցը կլինի Սան-Մարինոյի չեմպիոնը’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ը դիմել է Ռուսաստանին՝ Սնոուդենին հանձնելու խնդրանքով’