‘Տարանտինոն 10-րդ ֆիլմից հետո մտադիր է լքել ռեժիսորի աթոռը’

1341

Քվենտին Տարանտինոն ակտիվ կերպով պատրաստվում է իր նոր ֆիլմի՝ «Ազատագրված Ջանգոն» վեսթերնի ցուցադրության մեկնարկին: Թե ինչով է «Քրեական պատմությունների» (Pulp Fiction) ռեժիսորը մտադիր զբաղվել հետագայում, դեռ հայտնի չէ, բայց, Քվենթինի խոսքերով՝ ինքը մտադիր չէ մինչև խոր ծերություն ապրել գործող ռեժիսորի կարգավիճակում:
«Ես չեմ ուզում ծեր ռեժիսոր լինել, — խոստովանել է Քվենտինը Playboy-ին տված հարցազրույցում, — մի որոշակի պահի ես կասեմ՝ «ստոպ»: Ռեժիսորները տարիքի հետ ավելի լավը չեն դառնում, սովորաբար՝ նրանց ֆիլմադարանի վերջին չորս աշխատանքներն իրենց նկարահանած ամենավատ արտադրանքն են լինում: Մեկ փնթի գործը կարող է «հարամ» անել մնացած գործերը: Ես ընթանում են այն ուղով, որում վերջնակետ կա, և դրանից հետո փորձել ինչ-որ բան նկարել՝ իմ ձևը չէ: Ինձ պետք է այն գագաթնակետը, որին ես ձգտում եմ: Կարող է տարբեր կերպ պատահել, բայց եթե ես մի տասի չափ ֆիլմ նկարեի, վատ չէր լինի: Արդեն յոթն արել եմ: Եթե հետո իմ կարծիքը փոխվի, ես կարող եմ և վերադառնալ, ի՞նչ կա որ: Բայց եթե տասներորդից հետո կանգ առնեմ, դա գեղարվեստական արտահայտման իմաստով վատ չի լինի»:
Տարանտինոյի հաջորդ շարժանկարի թեմայի հարցը դեռևս բաց է, բայց բացառված չէ, որ նա կուզենա էլի մի ռետրո-էքշն նկարել, քանի որ, նրա կարծիքով, «Անփառունակ վիժվածքներ»-ն ու «Ազատագրված Ջանգո»-ն եռագրության սկիզբ են դրել:
«Բոլոր տարբերություններով հանդերձ՝ դրանք արբանյակ-ֆիլմեր են, և բացառված չէ, որ երրորդ «քույրն» էլ ի հայտ գա», — վերջերս ասել է Քվենտինը: Թե իրենից ինչ կներկայացնի հաջորդ ֆիլմը, կինոքննադատները դեռևս ազատ դատողություններ են անում, սակայն եթե հաշվի առնենք, որ Տարանտինոն վերջերս հետաքրքրություն էր դրսևորում 30-ականների գանգստերական Ամերիկայի թեմայի նկատմամբ, պետք չէ զարմանալ, որ հաջորդ ֆիլմը նվիրված կլինի «չոր օրենքին» կամ Ալ Կապոնեին:

Նախորդ հոդվածը‘Մուրադ Գրիգորյան. Համայնքապետերին զգուշացնում են, որ իմ հանդիպումներին ներկա չգտնվեն’
Հաջորդ հոդվածը‘Հանրապետականների արեւը խավարել է, գնացքն էլ` գնացել’