‘Հանրապետականների արեւը խավարել է, գնացքն էլ` գնացել’

1550

Հանրապետական կուսակցությունը, ինչպես երեւում է` խիստ ծանր է տարել այն հանգամանքը, որ Կոնգրեսի ներկայացրած՝ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությանը միացել են ԲՀԿ-ն, Դաշնակցությունը, Ժառանգությունը եւ Ազատ Դեմոկրատները, ինչի արդյունքում, արտահերթ նիստ հրավիրելու 44 ստորագրության փոխարեն, հավաքվել է 48 ստորագրություն: Հիշեցնենք, որ խոսքը Կոնգրեսի նախաձեռնած ընտրական համակարգի փոփոխությունների փաթեթի մասին է:

Հանրապետականների (ՕԵԿ-ի մասին չենք խոսի, քանի որ եթե ասում ենք Հանրապետական, նկատի ունենք նաեւ ՕԵԿ-ին) ռեակցիան տրամաբանական, գաղափարական եւ ընդհանրապես՝ գիտակցական դաշտից չէր: Այն զգայական էր, եւ առաջին այդ զգայական ռեակցիան նույնիսկ ակնկալելի էր. քվորում չենք ապահովի: Դե, պարզ էր, հանրապետականներից այլ` տրամաբանված ռեակցիա սպասելն անիմաստ էր: Հանրապետականը պետք է խուսափեր այդ հարցի քննարկումից, հանրապետականները որեւէ տրամաբանված, հիմնավորված ու փաստարկված պատասխան չէին կարողանա տալ, եթե հանկարծ արտահերթ նիստի համար քվորում լիներ: Ի՞նչ պետք է նրանք ասեին: Ոչինչ: Ու քանի որ ՀՀԿ-ն ոչինչ չունի ասելու, ապա պետք է առաջնորդվի մանր խուլիգանի տրամաբանությամբ, եւ հենց մանր խուլիգանի վարք դրսեւորի` ուղղակի հայտարարի, թե՝ քվորում չենք ապահովի: Իբր, այս քայլով պետք է վատ դրության մեջ գցեն ընդդիմությանը: Իրականում, սակայն, իր այս քայլով Հանրապետականը ցույց է տալիս, որ վատ վիճակում հենց ինքն է հայտնվել: Սա սովորական ինքնապաշտպանություն է, ընդ որում՝ շատ թույլ ինքնապաշտպանություն: Որովհետեւ տեղի է ունեցել Հանրապետականի համար անպատկերացնելի մի բան. քաղաքական ուժերին` առանց ՀՀԿ-ի մասնակացության, հաջողվել է հավաքել բավարար քանակի ստորագրություններ (դեռ մի բան էլ` ավելի)՝ արտահերթ նիստ հրավիրելու համար: Սա, հիշեցնենք, վերջին 15 տարիների համար աննախադեպ իրողություն է: Եւ հենց դա է, որ փաստարկային փակուղու մեջ է գցել Հանրապետական կուսակցությանը: Ճիշտ է` ՀՀԿ-ն, որը ԱԺ ընտրությունների թվանկարչության արդյունքում «ձեւավորել է» մեծամասնություն, կարող է իրավական առումով տապալել նիստը` քվորում չապահովելով: Բայց դա արդեն կարեւոր չէ: Կարեւորն այն է, որ ՀՀԿ-ի համար դժվար օրեր են սկսվել, եւ այս դժվար օրերի մեկնարկն արդեն տրվել է: Կարեւորն այն է, որ 15 տարվա ընթացքում առաջին անգամ Հայաստանի Խորհրդարանում հնարավոր է որեւէ նախաձեռնության շուրջ հավաքել մոտ 5 տասնյակ պատգամավորների: Սա արդեն լուրջ թիվ է, որը հետագա գործողությունների համար լավ մեկնարկ կարող է լինել: Իսկ ՀՀԿ-ն, ուզում է՝ քվորում ապահովի, ուզում է` չապահովի, ուզում է` հարցազրույցների ուղարկի երիտհանրապետականներին, ուզում է` խոսքը փոխանցի Գալուստսահակյաններին, ուզում է`արտահերթ նիստի օրը հանրապետությունից տարհանի բոլոր հանրապետական պատգամավորներին, կամ վստահության համար` նրանց բոլորին մեկ օրով ազատազրկի Կոշի գաղութում, որ հանկարծ ԱԺ չգնան եւ քվորում չապահովեն՝ դա արդեն կարեւոր չէ: Ինչպես ասում է Էդվարդ Նալբանդյանը` գնացքն արդեն գնացել է, իսկ ՀՀԿ-ն մնացել է կայարանում: Լավագույն դեպքում կարող է վազել գնացքի հետեւից:

 

Մուսա Բադալյան

Կոլաժը` Մարկ Անտոնյանի ֆեյսբուքյան էջից

Նախորդ հոդվածը‘Տարանտինոն 10-րդ ֆիլմից հետո մտադիր է լքել ռեժիսորի աթոռը’
Հաջորդ հոդվածը‘Ֆալկաո. Ժամանակն է լքել Եվրոպայի լիգան’