‘Տարոնը երեք օլիգարխների՝ Լֆիկի, Նեմեցի եւ Միշիկի կամակատար’

5526

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ քաղաքական նկարագիրը, ի տարբերություն շատ այլ գործիչների, շատ ավելի հեշտ է ներկայացնել: Մի պարզ պատճառով՝ Մարգարյանը իր ողջ գործունեության ընթացքում աչքի է ընկել նույն կեցվածքով, մշտապես եղել է իշխանությունների գործիքը՝ այս կամ այն ապօրինությունը իրականացնելու կամ պարտակելու հարցում: Ավելին, իշխանությունները Մարգարյանի պարագայում նաեւ մեկ այլ՝ ավելի ցինիկ պահվածք է դրսեւորել, որը ինքնասիրություն ունեցող որեւէ պաշտոնյա ուղղակի չէր հանդուրժի: Տարոն Մարգարյանը միակն է, ում իշխանությունները բազմիցս օգտագործել են ոչ միայն ապօրինություններ իրականացնելու համար, այլ նաւե հենց նույն՝ Տարոն Մարգարյանի հաշվին փորձել են «մաքրել» իրենց անունը այդ ապօրինությունից՝ արդյունքում Մարգարյանին դեմ առ դեմ թողնելով ողջ այդ պատմությունների հետ: Այնպես որ, կարող ենք արձանագրել, որ Տարոն Մարգարյանը՝ իշխանությունների կողմից «նշանակված» ապօրինի քաղաքապետների մեջ, կարելի է ասել՝ «ամենահնազանդն է» նաեւ:

Տարոն Մարգարյանի պարագայում, սակայն, պարտավոր ենք հիշատակել նաեւ մեկ այլ ուշագրավ հանգամանք. նա ոչ միայն անձնապես Սերժ Սարգսյանի անհատական օգտագործման, այլ նաեւ՝ եռյակ օլիգարխ-պաշտոնյաների կամակատարն է: Վերջին շրջանում տեղի ունեցած երեք պատմություն՝ կապված օլիգարխների եռյակի հետ վերջնականապես հաստատեց՝ Մարգարյանի կամակատար լինելու հանգամանքը:

Սամվել Ալեքսանյան՝ Լֆիկ Սամո

Երեւանի փակ շուկայի պատմության մասին բազմիցս է գրվել, եւ այն շատերին է հայտնի: Ալեքսանյանն, ինչպես հայտնի է՝ ըստ էության, քանդել է փակ շուկան եւ այնտեղ նոր սուպերմարկետ է կառուցում: Այդ ողջ ընթացքում մի քանի անգամ հայտարարություններ հնչեցին պաշտոնական մարմիններից, այդ թվում մշակույթի նախարարությունից եւ քաղաքապետարանից, թե բա գիտե՞ք՝ շինարարությունն ապօրինի է: Մարգարյանն անձամբ հայտարարեց. «Փակ շուկայում շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն քաղաքապետարանը չի տրամադրել»: Եւ ի՞նչ: Ոչինչ: Ալեքսանյանն այսօր էլ շարունակում է շինարարական աշխատանքները՝ ապացուցելով, որ Տարոն Մարգարյանն ո՞վ է, որ ինչ-որ բան արգելի:

Ռուբեն Հայրապետյան՝ Նեմեց Ռուբո (եւ ոստիկանապետ Վովա Գասպարյան)

Հայաստան-Չեխիա ֆուտբոլային հանդիպումը դեռ երկար կմնա հանրության հիշողության մեջ: Եւ ոչ թե այն պատճառով, որ մեր հավաքականը խայտառակ պարտություն կրեց Չեխիայի հավաքականից, այլ առաջին հերթին այն պատճառով, որ խաղից առաջ մարզադաշտի մոտ մի խայտառակ խառնաշփոթ իրավիճակ էր ստեղծվել: Բազմաթիվ մարդիկ տոմսերով հանդերձ չէին կարողանում մուտք գործել մարզադաշտ, իսկ ներսում զարմանալիորեն այլեւս նստելու տեղ չկար, մարզադաշտի մոտ էլ աննկարագրելի մի հրմշտոց էր: Հիմա շատերը փորձում են հասկանալ, ո՞մ մեղքով էր այդ ամենը տեղի ունեցել՝ ոստիկանությա՞ն, ՀՖՖ-ի՞, թե՞ «Արմոբիլ» ընկերության՝ մոռանալով, որ այդ հարցում իր պատասխանատվության չափաբաժինն ունի նաեւ քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Սովորաբար, նման միջոցառումների ժամանակ եթե քաղաքապետարանի կողմից ճիշտ մենեջմենթ է իրականացվում, հնարավոր է լինում խուսափել նման խնդիրներից: Բայց խնդիրներ եղան, ինչ-որ մարդիկ ակնհայտորեն գումարներ վաստակեցին, (ի դեպ, տեղեկություններ կան կեղծ տոմսերի կամ՝ տոմսերի կրկնակի վաճառքի վերաբերյալ,) քաղաքապետարանն իր բաժին գործառույթները չիրականացրեց, եւ ում որ պետք էր շահույթներ ունենալ այս ամենից, ունեցան այդ շահույթները:

Միքայել Մինասյան՝ փեսա Միշիկ

Օպերայի տարածքը՝ հատկապես Ազատության հրապարակի մոտակայքը, իշխանությունների թույլ կետերից մեկն է: Հենց մի տաս հոգի հավաքվում են այնտեղ եւ մի քաղաքական հարց են քննարկում, անմիջապես հայտնվում են ոստիկանները՝ զգուշացնելու համար, որ հավաքն անօրինական է, եւ որ պետք է ցրվել: Իսկ փորձեք ձեռք տալ արձաններին՝ միանգամից հիշում են, որ մշակութային արժեքները չի կարելի ապականել: Բայց այդ ամենը միայն սովորական մահկանացուներին է վերաբերվում: Իսկ Միքայել Մինասյանին՝ Սերժ Սարգսյանի փեսա Միշիկին, (ՀՀ-ում Սան Մարինոյի Գլխավոր պատվո հյուպատոս, Վատիկանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան) որեւէ մեկը որեւէ բան անելու արգելելու իրավունք չունի: Նույնիսկ եթե նա հսկայական պատ է կառուցում հենց Ազատության հրապարակի մոտ գտնվող իր «Ջազզվե» սրճարանի մոտ: Բոլորը ահազանգում են, համացանցը եւ լրատվամիջոցները հեղեղված են այդ ապօրինության լուսանկարներով, իսկ  Տարոն Մարգարյանը դա չի նկատում, չի տեսնում, կամ էլ՝ չտեսնելու է տալիս, ոչ մի հայտարարություն, ոչ մի մեկնաբանություն: Դա էլ հո Աջափնյակի կամ Բ1 թաղամասի հեռավոր բակերից մեկում կառուցվող ավտոտնակ չի, որ անմիաջապես գան ու տուգանեն, կամ՝ քանդեն: Կառուցողը Սերժ Սարգսյանի փեսան է, եւ դրանով ամեն ինչ ասված է: Գոնե Տարոն Մարգարյանի համար:

 

Պարգեւ Ապրեսյան   

 

 

 

Նախորդ հոդվածը‘Արմավիայի չվերթների փոխարեն ավելացել են այլ ավիաընկերությունների չվերթները ‘
Հաջորդ հոդվածը‘Մոուրինյոն պարզաբանել է, թե ինչու Կասիլյասին չի հայտավորել’