‘Տարոն Մարգարյանը պարգեւատրել է ընտրություններին «լավ աշխատած» ՀՀԿ-ական տնօրեններին. Թվեր’

1555

Այսօր քաղաքապետարանում մի ուշագրավ իրադարձություն է տեղի ունեցել: Տարոն Մարգարյանը Ուսուցչի օրվա կապակցությամբ իր մոտ է հրավիրել հանրակրթական դպրոցների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների և մշակութային կրթօջախների մանկավարժներին: Նա ելույթ է ունեցել նրանց առջև, ապա, ուշադրություն, Ուսուցչի օրվա կապակցությամբ մանկավարժության ոլորտում ձեռք բերած ակնառու հաջողությունների և մեծ ավանդի համար նրանցից երեքին պարգեւատրել է «Երևան քաղաքի պատվավոր մանկավարժ» հուշամեդալներով: Նրանք են՝  Երևանի թիվ 103 մանկապարտեզի մեթոդիստ Անահիտ Մուրադյանը, Գ. Ստեփանյանի անվան թիվ 135 դպրոցի տնօրեն Գարիկ Ներսեսյանն ու Տ. Շևչենկոյի անվան թիվ 42 դպրոցի տնօրեն Էլեոնորա Թումանյանը: 

Այժմ մի քիչ հետ գնանք՝ մոտավորապես այս տարվա մայիս ամիս՝ Երեւանի ավագանու ընտրություններին, եւ տեսնենք, թե ինչ կապ ունեն այս մանկավարժները, նրանց ներկայացրած կամ ղեկավարած կրթական հաստատությունները ընտրությունների եւ, մասնավորապես, հենց իր՝ Տարոն Մարգարյանի՝ քաղաքապետի պաշտոնում «ընտրվելու» հետ: Թե ինչպես է Մարգարյանը դարձել քաղաքապետ, ինչպես են անցել Երեւանի ավագանու վերջին ընտրությունները, թերեւս դեռ շատերն են հիշում:

Եւ այսպես՝ Երեւանի 103 մանկապարտեզում է տեղակայված 1/24 ընտրական տեղամասը: Նայենք այդ տեղամասից՝ մայիսի 6-ին ստացված արդյունքները:

Տեղամասում ընտրացուցակներում գրանցված էր 1840 ընտրող, որից իբր ընտրություններին մասնակցել է 995-ը, եւ, ուշադրություն, նրանցից 595-ը իբր քվեարկել է ՀՀԿ-ի օգտին: Առաջին տեղում հայտնված ՀՀԿ-ի եւ ընտրություններին մասնակցած մյուս քաղաքական ուժերի ստացած քվեների տարբերությունը ավելի քան խոսուն է. 157 քվե՝ ԲՀԿ, 86 քվե՝ «Բարեւ, Երեւան», 54 քվե՝ Հայ ազգային կոնգրես, 35 քվե՝ ՀՅԴ, 33 քվե՝ ՕԵԿ եւ այլն:

Հաջորդը շարքում թիվ 135 դպրոցն ու նրա տնօրենն են՝ ըստ քաղաքապետարանի կայքի՝ Գարիկ Ներսեսյանը, իսկ, ահա, ըստ ԿԸՀ կայքի՝ Գարեգին Ներսեսյանը: Եթե ընտրական հանձնաժողովների կազմում փնտրենք Գարիկ Ներսեսյան անուն ազգանունով մարդու, հավանաբար չենք գտնի, իսկ ահա եթե փնտրենք նրա իրական անունով, ապա անակնկալ՝ կպարզվի, որ դպրոցի տնօրենը նաեւ հանձնաժողովի նախագահ է՝ առաջադրված ՀՀԿ-ի կողմից:

Եւ այսպես, թիվ 135 դպրոցում են տեղակայված 1/30 եւ 1/31 ՏԸՀ-ները: ԿԸՀ կայքում ՏԸՀ-ների հանձնաժողովների կազմը ուսումնասիրելիս իմանում ենք, որ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ 1/30 հանձնաժողովի նախագահը մեր այսօրվա հերոսն էր՝ Գարիկ Ներսեսյանը, կամ նույն ինքը՝ Գարեգին Ներսեսյանը: Հիմա տեսնենք, թե ինչպիսի տոկոսներ է պարոն Ներսեսյանը ապահովել Տարոն Մարգարյանի համար.

Տեղամաս 1/30

Ընտրողների թիվը՝ 1917

Ընտրություններին մասնակցել է 1042 ընտրող, եւ նրանցից, նորից ուշադրություն, ՀՀԿ-ի օգտին քվեարկել է 609 հոգի: Հետո արդեն ԲՀԿ՝ 200 քվե, «Բարեւ, Երեւան»՝ 90 քվե, Կոնգրես՝ 31 քվե, ՀՅԴ՝ 32 քվե, ՕԵԿ՝ 20 եւ այլն:

Այո, վատ չի աշխատել Գարիկ Ներսեսյանը, եւ լիովին վաստակել է Տարոն Մարգարյանի կողմից պատվավոր մանկավարժի կոչմանն արժանանալը:

Հիմա դառնանք թիվ 42 դպրոցի տնօրեն տիկին Մանանդյանին: Լան տնօրեն է նա, թե վատ, դպրոցի աշակերտները թող որոշեն, մեզ այժմ հետաքրքրում է տիկին Մանանդյանի ու ՀՀԿ-ի կապը: Կա՞ այդպիսի կապ: Պարզվում է՝ այո: Տիկին Մանանդյանը եւս ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու փորձ է ունեցել, եղել է նախագահ, եւ բնականաբար՝ ՏԸՀ-ի կազմում էր հայտնվել որպես ՀՀԿ-ի ներկայացուցիչ: Հիմա տեսնենք, թե ինչպիսի արդյունքներ են ապահովել տիկին Մանանդյանի դպրոցում տեղակայված հանձնաժողները Տարոն Մարգարյանի համար մայիսի 6-ին:

Եւ այսպես, դպրոցում տեղակայված էր 2 տեղամաս՝ 9/12 եւ 9/13:   

9/12-ն ունի 1845 ընտրող, ընտրություններին մասնակցել է 825 ընտրող, որից 460-ը քվեարկել է ՀՀԿ-ի օգտին: 120 քվե է ստացել «Բարեւ, Երեւանը», 77 քվե՝ ԲՀԿ-ն, 52 քվե՝ Կոնգրեսը, 40 քվե՝ ՀՅԴ-ն եւ այլն:

9/13 տեղամաս,  ունի 1247 ընտրող, մասնակցել է 542  ընտրող, որից 274-ը, բնականաբար, ՀՀԿ է «ընտրել»,  70-ը՝ «Բարեւ, Երեւան», 62-ը՝ ԲՀԿ-ն, 43-ը՝ Կոնգրես, 33-ը ՀՅԴ եւ այսպես շարունակ:

Իսկ դուք ասում եք՝ չի կարող պատահել: 

Նախորդ հոդվածը‘Խաչիկյանին կհամաներե՞ն’
Հաջորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’