‘Տարոն Մարգարյանին Արաբկիրում դիմավորեցին թարմ ասֆալտով (տեսանյութ)’

1394

Արաբկիրի բակերից մեկում քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին այսօր «ավանդույթի» համաձայն, դիմավորել էին թարմ ասֆալտով: Ի տարբերություն Սարի թաղի, որտեղ երեկ Մարգարյանի հետ հանդիպմանն ընդառաջ փողոցն տեղ-տեղ «կարկատել» էին,  այստեղ բակի կեսը թարմ ասֆալտով էր բուրում:

«Այսօր են փռել, բերեցին, մի բարակ շերտ փռեցին, գնացին», — iLur.am-ին ասաց բնակիչներից մեկը:

«Ես շնորհակալ եմ մեր թիմի աշխատանքից, բայց, բնական է, թերություններ կան: Ոչ մի աշխատող մարդ չի կարող որոշ թերություններ ունենալ (վրիպակ չկա-խմբ.): Մենք պետք է աշխատենք այդ թերությունները շտկել», — արաբկիրցիներին ասաց Տարոն Մարգարյանը:

Հանդիպան ավարտից հետո iLur.am-ը հարցրեց քաղաքապետին՝ եթե այսօր այստեղ հանդիպում նախատեսված չլիներ, արդյո՞ք բակը կասֆալտապատեին:

«Դուք տեսնում եք, որ այս բակում մանկական խաղահրապարակ է կառուցվել, եւ երբ որ բարեկարգում ենք, հարակից տարաքն ասֆալտապատում ենք: Եթե մենք անցած տարի 2 միլիոն քմ ասֆալտապատման աշխատանք ենք կատարել, այս տարի նախատեսված է 2,5 միլիոն քմ: Ի՞նչ անենք, չանե՞նք էդ ասֆալտը», — պատասխանեց Մարգարյանը:

Մեր դիտարկմանը, որ ասֆալտը փռվում է հենց քաղաքապետի ժամանման օրը, ինչպես այսօր, այնպես էլ նախօրեին՝ Սարի թաղում, Տարոն Մարգարյանը պատասխանեց, թե «անցած տարի էլ կողքի բակն է ասֆալտապատվել»:

Մենք գնացինք կողքի բակ, հետո՝ հաջորդ բակ: Ոչ մեկում, ոչ մյուսում վերջերս արված ասֆալտի նշույլ չկար: Անմիջապես թարմ ասֆալտի «սահմանագծից» այն կողմ խճապատ, ցեխոտ փողոց էր: «Էս ի՞նչ աչքակապոցի ա, ինչու՞ են միայն էդ բակում անում, մանավանդ, որ էդտեղ վատը չէր ասֆալտը, իսկ մեզ մոտ քանդած է արդեն քանի տարի», — iLur.am-ին հետ զրույցում դժգոհեց մի տիկին: Իսկ բակի բնակիչներից Սամվելն ասաց, որ, քանի որ ՀՀԿ շտաբն այդ բակում է, հաճախակի են ասֆալտը թարմացնում:

«Փակ շուկան» քաղաքապետարանի խնդիրը չէ՞

«Մենք ունենք Երեւան քաղաքում բազում պատմամշակութային հուշարձանային շենքեր, որոնք պետք է լինեն իշխանությունների ամենօրյա հսկողության տակ», — արաբկիրցիների հետ նախընտրական հանդիպման ժամանակ ասաց Տարոն Մարգարյանը: Ըստ նրա, մշակվում է օրենքի նախագիծ, որը հնարավորություն կտա ուժեղացնել վերահսկողությունը Փոքր Կենտրոնում կատարվող կառուցապատման նկատմամբ:

Հանդիպումից հետո լրագրողների հարցին ի պատասխան, արդյոք հնարավոր չէ՞ր փրկել Մաշտոցի պողոտայի ծածկած շուկան՝ մինչեւ խոստացված հայեցակարգի մշակումը. «Մենք մեր ուժերի ներածի չափով ամեն ինչ արել ենք, տուգանել ենք սեփականատիրոջը», — ասաց Տարոն Մարգարյանը:

Հիշեցնենք, որ Փակ շուկայի սեփականատեր «Թիվ 1 շուկա» ՓԲԸ-ն (փաստացի սեփականատերը ԱԺ պատգամավոր Սամվել «Լֆիկ» Ալեքսանյանն է) մի քանի անգամ տուգանվել է քաղաքաշինական նորմերը խախտելու համար: Սակայն շինարարությունն այնտեղ շարունակվում է մինչ օրս, եւ ճարտարապետական հուշարձանի կարգավիճակ ունեցող շենքի նախնական տեսքը, փաստորեն, աղճատվել է:

Երբ այս մասին հիշեցրինք Տարոն Մարգարյանին, նա նկատեց, որ «թեեւ Փակ շուկան Երեւան քաղաքում է, բայց քաղաքապետարանի ենթակայության տակ չէ, մշակույթի նախարարության ենթակայության տակ է»: 


Նախորդ հոդվածը‘ԴԱՀԿ պետը լծվել է ՀՀԿ-ի համար ձայներ ապահովելու գործին’
Հաջորդ հոդվածը‘Արա Երնջակյանը կրկնում է Թոխմախի Մհերի խոսքերը «ալտերնատիվ» թեկնածուների մասին’