‘Տեղեկատվության աղբյուրի բացահայտման պարտավորեցումը՝ վտանգավոր նախադեպ է’

1493

Գյումրիում տեղի ունեցած մի միջադեպի մասին iԼur.am կայքի և «Հրապարակ» օրաթերթի հրապարակումների վերաբերյալ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը վտանգավոր նախադեպ կարող է դառնալ լրատվամիջոցներին լռեցնելու, խոսքի ազատությունը սահմանափակելու համար:

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանն այս որոշումը կայացրել է առանց լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցության, վերջինները վստահեցնում են նաև, որ անգամ իրազեկված չեն եղել, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությամբ դատարանում քննվում է իրենց հրապարակումներին վերաբերող հարցը:

Որքանո՞վ է օրինական կարելի է համարել նման մեթոդներով դատարանի կայացրած որոշումը, հարցին իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն պատասխանեց, որ նախ «դատարանը իրավունք չուներ վարույթ ընդունել այս գործը, չէր կարող առանց լրատվամիջոցի մասնակցության անցկացնել դատական նիստ», բացի այդ, Արտակ Զեյնալյանի խոսքով տեղկատվությանը տնօրինում է ոչ թե լրատվամիջոցը, այլ հրապարակման հեղինակ լրագրողը և նա անպայման պետք է մասնակցեր դատական նիստին և ներկայացներ իր հակափաստարկները: Մի քանի այլ փաստարկներ ներկայացնելուց հետո Արտակ Զեյնալյանը եզրակացրեց, որ «այս գործը քրեական դատավարության կարգով որևէ կերպ քննվել չէր կարող, նույնիսկ քաղաքացիական իրավունքի կարգով չէր կարող քննվել: Սա ապօրինի դատական ակտ է, դատարանը գործել է ոչ օրենքի հիման վրա:»

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի առաջին տեղակալ Գենյա Պետրոսյանը պարզաբանելով, որ դատական գործընթացում գտնվող հարցերի վերաբերյալ պաշտպանն իրավասու իրավական գնահատակններ տալ կոնկրետ որոշմանը, սակայն երևույթի վերաբերյալ ընդհանրապես մի քանի շեշտադրում ներկայացրեց: Մասնավորապես այն, որ «քննությանը աջակցելու նպատակով պարբերաբար լրատվամիջոցին տեղեկատվության աղբյուրը բացահայտելու պահանջ ներկայացնելը կարող է ընդհանրապես հանգեցնել այս իրավունքի արժեզրկմանը և լրատվամիջոցի կողմից տեղեկություն ձեռք բելելու հնարավորության վերացմանը, ինչը շատ վտանգավոր է»:

Տեղեկատվության աղբյուրի պաշտպանության երաշխիքները նախատեսված են ՄԻԵԴ վճիռներով, որտեղ հստակ նշված են, թե որ դեպքերում դատարանը կարող է պահանջ ներկայացնել լրագրողին բացահայտելու աղբյուրը:

Ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ լրագրողական աղբյուրների պաշտպանությունը մամուլի ազատության հիմնարար պայմաններից մեկն է: Թե ՄԻԵԴ վճիռներով և թե ԵԽ նախարարների կոմիտեի մի շարք հանձնարարականներով հստակ սահմանված են այն կոնկրետ պահանջները, բացառիկ դեպքերն ու չափանիշները, որոնց դեպքում հնարավոր է լրագրողից պահանջել բացահայտել աղբյուրը:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի 1-ին տեղակալ Գենյա Պետրոսյանը փոխանցեց, նաև որ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը օրենսդրական փոփոխություններ կատարելու վերաբերյալ գրավոր առաջարկ է ներկայացրել արդարադատության նախարարությանը:

Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը համոզված է, որ այս քայլով իրավապահ և դատական ատյաններին չի հաջողվի լռեցնել «Հրապարակ» և ilur.am լրատվամիջոցներին: Նրա խոսքով գուցե այսպիսով փորձ է արվում «վախեցնել վախեցած լրատվամիջոցներին, այսինքն, բոլորին դաս լինի, որ եթե մեզ համար փաստահավաք չեք աշխատում դուք, ուրեմն էս տեսակ ռիսկերի կհանդիպեք»:

«Հրապարակ» օրաթերթի և iԼur.am կայքի ներկայացուցիչները սահմանված ժամկետում բողոքարկել են առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը վերաքննիչ ատյանին:

Նախորդ հոդվածը‘Շտապ. Մոսկվայի մետրոյում հայեր են տուժել’
Հաջորդ հոդվածը‘Ամոս Գիտայ. «Հայ ժողովուրդը իր ցավը աշխարհին հասցնելու խնդիր ունի…»’