‘Տիգրան Ուրիխանյան. Հարկավոր է է՛լ ավելի մեծ ջանքերով մոբիլիզացնել բոլոր ռեսուրսները’

1199

Ցավոք՝ ոչ բոլոր ոչ իշխանական ուժերի հետ է համագործակցությունը ստացվում այնպես, ինչպես որ ցանկանում ենք կամ, ավելի ճիշտ՝ ինչպես կցանկանար տեսնել ժողովուրդը: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ ամփոփելով Ազգային ժողովի անցնող նստաշրջանը: Որպես նման համագործակցության օրինակ՝ նա նշեց այս տարվա Երևանի ավագանու ընտրությունները, երբ երեք քաղաքական ուժեր գրեթե մոբիլիզացված էին, բայց «կար մեկը, որը  չհամաձայնեց կոնկրետ գործնական քայլերում միասնություն ցուցաբերել»:

«Ինչևէ, խորհրդարանի ներսում խմբակցությունների համագործակցությունը ակնառու և ակնհայտ է փոխադարձ օժանդակության տեսքով, բայց ուզում եմ ընդգծել, որ դա, բնականաբար, ինքնանպատակ չէ, համենայն դեպս՝ իմ տեսանկյունից: Նպատակը մեկն է՝ ժողովրդանպաստ նախագծերի, փոփոխությունների, հարցերի բարձրացման, առաջքաշման ժամանակ մեկտեղել ջանքերը՝ լուծում ստանալու համար: Իսկ մեր, նաև գործընկեր խմբակցությունների տեսանկյունից՝ ոչ նպաստավոր, անադյունավետ քայլերի ժամանակ միասնաբար հակադրվել դրանց»,- ասաց Ուրիխանյանը՝ նշելով, որ որևէ այլ ինքնանպատակ համագործակցություն չկա:

Ինչ վերաբերում է խորհրդարանային աշխատանքին, ապա Ուրիխանյանը նշեց, որ շարունակում են պահպանել երկար ժամանակ գոյություն ունեցող քաղաքական կուրսը՝ այն ամենը, ինչ հռչակվեց խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանում:

«Ցավոք սրտի՝ բազմաթիվ անգամներ քաղաքական մեծամասնության կողմից տապալվել են, որոշ բաներ դժվարությամբ հաջողվել է անցկացնել: Այս մեկ տարին առնվազն ինձ մոտ առաջացրեց համոզմունք, որ հարկավոր է է՛լ ավելի մեծ ջանքերով մոբիլիզացնել բոլոր ռեսուրսները, գնալ աստիճանական, բայց կտրուկ փոփոխությունների ճանապարհով, որովհետև սոցիալ-տնտեսական վիճակը, իրավահավասարության մեջ առկա խնդիրները, բարոյական մթնոլորտը թույլ չեն տալիս, որ երկիրը ոչ միայն զարգանա, այլև խելքի գա, ոտքի կանգնի»,- նշեց Ուրիխանյանը:

Մեր հարցին, թե հետագայում ինչպես է պատկերացնում խորհրդարանական ուժերի համագործակցությունը, Ուրիխանյանը պատասխանեց, որ դա կախված է քաղաքական օրակարգից և երկրի, ժողովրդի կարճաժամկետ կամ երկարաժամկետ շահից: «Մենք միշտ պատրաստ ենք եղել ու պատրաստ ենք համագործակցել ժողովրդի որոշակի հատվածներ ներկայացնող բոլոր քաղաքական ուժերի հետ, ովքեր հանդես են գալիս նպաստավոր առաջարկով և իրատեսական լուծումներով»,- ընգծեց պատգամավորը: 

Նախորդ հոդվածը‘Իսպանացի գրող Գոնսալո Գուարչը պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով’
Հաջորդ հոդվածը‘Bellum omnium contra omnes. Հեքիաթ փեսիկԿ-ի, ճկույթի ու ասեղի մասին’