‘Տիգրան Սարգսյան. Ես ամեն ինչ անելու եմ, որ հրապարակային հնչած մեղադրանքները ստանան պատասխան ‘

1245

Կառավարության այսօրվա նիստում, մինչ օրակարգային հարցերին անցնելը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է Վերահսկիչ պալատի 2012 թվականի հաշվետվությանը:

«Ես անձամբ խիստ շահագրգռված եմ, որ բոլոր այն բացահայտումների մասին, որ խոսում էր Վերահսկիչ պալատը, գործերն անհապաղ ներկայացվեն իրավապահ մարմիններին, և տրվեն պատասխաններ: Ես ամեն ինչ անելու եմ, որ հրապարակային հնչած մեղադրանքները ստանան պատասխան: Ես ամբողջությամբ կիսում եմ ԱԺ նախագահի տեսակետն այն մասին, որ պետական բյուջեի միջոցները երբևէ մսխած պաշտոնատար անձինք պետք է կրեն խիստ պատիժ:

ՎՊ-ն խիստ մասնագիտացված կառույց է, և համաձայն եմ պատգամավորների այն տեսակետի հետ, որ անհրաժեշտ է օրենսդրությամբ հստակ նկարագրել այն պրոցեդուրաները, թե ինչպես է ներկայացվում ՎՊ-ի հաշվետվությունը Ազգային ժողովում:

ՎՊ-ն իրավունք չունի հանդես գալ քաղաքական հայտարարություններով: ՎՊ-ն պարտավոր է ներկայացնել միայն ու միայն մասնագիտական եզրակացություններ, իսկ քաղաքական գնահատականներ տալը դա Ազգային ժողովի և գործադիր իշխանության ֆունկցիաներն են: Մենք ձեզ հետ միասին այս դահլիճում լսեցինք նախարարների հաշվետվությունները ՎՊ-ի կողմից ներկայացված նյութերի վերաբերյալ և շնորհակալություն հայտնեցինք ՎՊ-ին համատեղ աշխատանքի համար, բայց այն, ինչ տեղի ունեցավ Ազգային ժողովում, ոչ մի կապ չուներ այն նյութերի հետ, որոնք գտնվում էին կառավարության ուշադրության կենտրոնում, և այն հայտարարությունը, որ պետական բյուջեի 70 տոկոսը խիստ ռիսկային է և կոռումպացված ձևով է ծախսվում, վերաբերում է այս դահլիճում նստած յուրաքանչյուրիդ:

Ես հանձնարարում եմ ձեզ բոլորիդ և պահանջում ձեզանից, որ որևիցե մեղադրանք, որ հնչել է ձեր հասցեին, անպատասխան չմնա, դուք պարտավոր եք պատասխանել այդ մեղադրանքներին, կա՛մ հերքել, կա՛մ պատրաստել նյութեր և այդ նյութերը ներկայացնել դատախազություն, կա՛մ հրապարակային ներկայացնել, որ այդ մեղադրանքները ճիշտ են, և դուք դրա համար պետք է կրեք պատասխանատվություն», — Տիգրան Սարգսյանի խոսքերն է մեջբերում lurer.com-ը:

Նախորդ հոդվածը‘Ոստիկանությանը պետք էր ոչ թե բախում, այլ աղոթք բեմադրել. Մամուլ ‘
Հաջորդ հոդվածը‘Քաղաքապետարան. Վերանորոգվել և վերագործարկվել են մայրաքաղաքի ցայտաղբյուրները’