Տոկիո-2020․ Սիմոն Մարտիրոսյանը՝ կրկնակի օլիմպիական փոխչեմպիոն

1214

Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում ծանրամարտի տղամարդկանց 109 կգ քաշային կարգում օլիմպիական չեմպիոնի կոչումը երկամարտի 430 կգ արդյունքով նվաճեց ուզբեկ Աքբար Ջուրաեւը։

Հայաստանի հավաքականի առաջատար, Ռիո-2016-ի օլիմպիական փոխչեմպիոն (105կգ), կրկնակի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց երկամարտի արծաթե մեդալը՝ 423 կգ:

Պոկում վարժության առաջին մոտեցման համար Սիմոն Մարտիրոսյանը նախնական հայտով պատվիրել էր 190 կգ, որը վստահությամբ կատարեց:

Երկրորդ մոտեցման համար Սիմոն Մարտիրոսյանը պատվիրեց 195, որը հաջողությամբ ֆիքսեց եւ օլիմպիական ռեկորդ սահմանեց այս վարժությունում: Երրորդ մոտեցման համար պատվիրած 198 կգ-ը չկարողացավ պոկել:

Երկրորդ տեղը գրաված Աքբար Ջուրաեւը բարձրացրեց 193 կգ։

Հրում վարժությունում Սիմոն Մարտիրոսյանը պայքարը սկսեց 228 կգ-ից եւ կատարեց առաջին փորձով։

Աքբար Ջուրաեւը հրում վարժությունում բարձրացրեց 237 կգ։ Սիմոն Մարտիրոսյանը ստիպված եղավ պատվիրել 238 կգ, որը չկարողացավ բարձրացնել երկրորդ եւ երրորդ փորձով։

Նշենք, որ Սիմոն Մարտիրոսյանին է պատկանում այս քաշային կարգի երկամարտի աշխարհի ռեկորդը 435 կգ արդյունքով:

Տոկիոյի Խաղերի ընդհանուր մեդալային հաշվարկում Հայաստանը 2 արծաթե եւ 1 բրոնզե մեդալով բարձրացավ 58-րդ տեղ։ Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին հենացատկում բրոնզե մեդալակիր էր դարձել մարմնամարզիկ Արթուր Դավթյանը: Օգոստոսի 3-ին հունահռոմեական ըմբշամարտի 97 կգ քաշային կարգում արծաթե մեդալ նվաճեց 2016թ․ օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը։

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (63 կգ) դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։ 

Նախորդ հոդվածըԱլեքսանդրա Կոստենյուկը նվաճեց աշխարհի գավաթը
Հաջորդ հոդվածը44-օրյա աղետի Արցախյան պատասխանատուները․ Ալիք Մեդիա