‘Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն ծախսել է 29 մլն դրամ, Սերժ Սարգսյանը՝ 27 մլն’

1038

Հանրապետության Նախագահի ութ թեկնածուներից հունվարի 25-ի դրությամբ նախընտրական հիմնադրամ չի բացել միայն Արման Մելիքյանը:

Իսկ մեկ այլ թեկնածու՝ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը հունվարի 22-ից հետո թեև բացել է հիմնադրամը, այդուհանդերձ հունվարի 25-ի դրությամբ, ֆինանսական մուտքեր և ելքեր չեն եղել:

Կենտրոնական բանկից ստացված տվյալների հիման վրա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության հրապարակած տեղեկանքի համաձայն, էպոսագետ, ոչ մի տեղ չաշխատող Վարդան Սեդրակյանի և «Ռադիո Հայ» ՍՊԸ հիմնադիրների ժողովի նախագահ Անդրիաս Ղուկասյանի հիմնադրամներում, նույնպես ֆինանսական մուտքեր և ելքեր չեն եղել:

Ամենաշատ մուտքերը եղել են ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի հիմնադրամում՝ 63 մլն 90 հազար դրամ, ելքերը` 27 մլն 190 հազար 40 դրամ, մնացորդը` 35 մլն 899 հազար 960 դրամ:

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հիմնադրամի մուտքերը թեև ավելի համեստ են` 30 մլն դրամ, սակայն նա ծախսել է ավելի շատ` 29 մլն 99 հազար 180 դրամ, մնացորդը` 900 հազար 820 դրամ:

«Ազատություն» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի հիմնադրամի մուտքերն եղել են 5 մլն 620 հազար դրամ, ելքերը` 1 մլն 995 հազար 600 դրամ, մնացորդը` 3 մլն 624 հազար 400 դրամ:

«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի հիմնադրամի հաշվեհամարին հունվարի 25-ի դրությամբ մուտքագրված է եղել ընդամենը 824 հազար դրամ, որից ծախսվել է 495 հազար 900 դրամ, մնացորդը` 328 հազար 100 դրամ:

Ընտրական օրենսգրքի համաձայն, այն բանկերը, որտեղ բացված են ժամանակավոր հատուկ հաշվեհամարներ, թեկնածուների գրանցման ժամկետի ավարտից հետո` երեք աշխատանքային օրը մեկ, ԿԸՀ-ի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն տեղեկանք են ներկայացնում թեկնածուների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ: Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունն ամփոփում է այդ տվյալները, կազմում ամփոփ տեղեկանք և այն տեղադրում կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում: Այս մասին հայտնում է «Փաստինֆոն»:

Նախորդ հոդվածը‘Վաչոն պիտի շտապ կադրային փոփոխություններ իրականացնի թիկնազորում. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսուա Օլանդը նախատեսում է Հայաստան այցելել ապրիլի 24-ին. Թուրքական մամուլ’